«Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյան
«Պատերազմն աշխարհի ամենաբարձրաճաշակ սիրահարն է. այն միշտ տանում է լավագույններին»,- ասել էր «Ոսկե արծիվ» շքանշանակիր, «Արցախի հերոս» Ալեն Մարգարյանն ու ինքն էլ զոհ դարձել 44-օրյա պատերազմ կոչվող արհավիրքին:
Բառերը չեն հերիքում Ալենի մասին գրելու համար, տողերը չեն հերիքում նրան նկարագրելու համար, էջերը չեն հերիքում նրա մասին ամեն ինչ պատմելու համար:
Ալեն Լևոնի Մարգարյանը ծնվել է 1999թ. փետրվարի 11-ին քաղաք Երևանում:
2005-ից հաճախել է Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոց, որն ավարտել է գերազանցությամբ: 2013-ից ուսումը շարունակել է Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում:
Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ Ալենը դպրոցում սովորել է գերազանց: Ծնողական ժողովներն ուղեկցվում էին Ալենի հասցեին հնչող հիացական զգացումներով: «Ուսուցիչները տետրը բացում և շարքերով անցկացնում էին, ասելով՝ աղջիկնե՛ր, տեսե՛ք, տղայի տետր է, օրինակ վերցրե՛ք, մարգարիտներ է շարում»- հիշում է տիկին Նազելին: Ալենի կոկիկ ու վայելուչ պահվածքը նկատելի էր նաև իր անձնական իրերից: Անգամ տետրերի ու գրքերի էջերը ծալված չէիր տեսնի, ասում է մայրն ու ավելացնում, որ Ալենին շատ հաճախ նստեցնում էին չարաճճի երեխաների կողքին, որպեսզի իրենց կարգապահ դրսևորեն, այն դեպքում, երբ մեծամասամբ աղջիկներին են նստեցնում նման երեխաների կողքին:
Ընթերցանության և գրքերի մեծ սիրահար էր Ալենը: Ստեղծել էր իր անձնական գրադարանը, սիրում էր գրքեր նվիրել և ստանալ: Մտերիմ ընկերոջը` Շողիկ Դևրիկյանին անառիթ նվիրած հերթական գրքերից մեկի վրա Ալենը գրել էր. «Հուսով եմ՝ մի օր բոլորը կհասնեն մտքի այն հայտնությանը, որ գիրք նվեր ստանալուց մեզ պես ուրախանան»: Սիրելի ստեղծագործությունը Լև Տոլստոյի «Աննա Կարենինա»-ն էր: Շատ էր սիրում նաև հեքիաթներ, որոնք երեխաների համար կրթող ու դաստիարակող նշանակություն ունեն: Ինքն էլ ուներ հեքիաթների սյուժեներ:
Ընթերցանության հանդեպ սերը,ըստ տիկին Նազելիի, Ալենի մոտ ի հայտ է եկել պատանեկան տարիքից: «Մինչ այդ ես ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչպե՞ս կարող էր այդքան լավ սովորող երեխան հեռու լիներ գրքերից, սակայն ես սխալվում էի: 12-13 տարեկանից արդեն սկսեց կարդալ արկածային գրականություն: Առաջին գիրքը «Գանձերի կզղի»-ն էր, որից էլ սկսեց իր սերը գրքերի հանդեպ»,-պատմում է տիկին Նազելին:
Ալենը զարմանահրաշ երեխա էր: Տիկին Նազելին նշում է, որ չի հիշում Ալենի թոթովանքը, որովհետև նրան թվում էր, թե մեծ, լուրջ, խոհուն մարդու հետ գործ ունի: «5-6 տարեկան հասակում այնպիսի խորը փիլիսոփայական մտքեր էր արտահայտում, որ ես ապշում էի նման տարիքի երեխայի այդպիսի ինտելեկտով: Իրեն հետաքրքրում էին քաղաքում տեղակայված շենքերը, արձաններն ու կոթողները, և մշտապես հարցեր էր տալիս դրանց մասին»,-ասում է նա:
Նա մշտապես տարբերվում էր իր հասակակիցներից թե՛ հագուկապով, թե՛ աշխարհայացքով, թե՛ ճաշակով և թե՛ հետաքրքրությունների շրջանակով: Հաստատակամ, վճռական, նպատակասլաց ու իր որոշումներով ինքնուրույն այս տղան շատ հաճախ էր օրինակ դառնում իր հասակակիցների համար: «Ալենը կրող էր վերնաշապիկի օձիքը կոճկել մինչև վերջին կոճակը և հասակակիցների զարմացական հայացքներից անկախ քայլել՝գլուխը բարձր: Հետաքրքրական այն էր, որ որոշ ժամանակ հետո նկատվում էին նույն վարքագիծը դրսևորող այլ տղաներ»-ասում է տիկին Նազելին: Նրա խոսքով` Ալենը չէր վախենում տարբերվելուց, անգամ 12-րդ դասարանում կանոնավոր լրացնում էր իր օրագիրը, որոնք լցվում էին բարձր գնահատականներով:
Ալենը յուրահատուկ վերաբերմունք էր տածում ֆիլմարվեստի նկատմամբ: Ուսման հետ զուգահեռ հաճախել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Մեծ ուշադրություն էր դարձնում հատկապես հայկական արվեստին սատարելուն թե՛ կինոյի, թե՛ արվեստի և թե՛ գրականության ասպարեզներում:
Ֆիլմարվեստի հանդեպ մեծ հետաքրքրությունն ու սովորելու ձգտումը նրան դարձրին մեդիա ոլորտի վառ ուսանողներից և TumoNews (Teen) ստարտափի համահիմնադիրներից մեկը: 16 տարեկանից ընդգրկվել էր «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի կազմում:
Ալենը բավականին աշխույժ ու նախաձեռնող պատանի էր: Սիրում էր ընկերական միջավայրում լինել, և իր տեսակով շատ շատերին համախմբում էր իր շուրջը: Կազմակերպում էր կինոդիտումներ, կինոթատրոններ: «Ձեռք էր բերում բավականին շատ ֆիլմեր ու մուլտֆիլմեր և, իր անձնական արխիվն օգտագործելով, կազմակերպում էր այդ դիտումները, անգամ տոմսեր էր պատրաստում, նախաձեռնում դրանց վաճառքը»,-պատմում է մայրը:
Փոքր տարիքից հետաքրքրված էր նաև բիզնեսով: Տիկին Նազելին հիշում է, երբ հաճախում էր «Ինչուիկ» քոլեջ և դարպասների մոտ ամեն օր հանդիպում կարկանդակ վաճառող տատիկին, նրան միշտ առաջարկում էր միասին կարկանդակների վաճառքի բիզնես սկսել:
«Ճամփորդել` նշանակում է ապրել, ապրել` նշանակում է երազել»,-ասում էր ճամփորդելու սիրահար Ալենը: 21 տարեկանում 21 պետության տասնյակ քաղաքներում էր հասցրել լինել, այցելել հազարավոր գրախանութներ, թանգարաններ, պատկերասրահներ, լինել տեսարժան վայրերում, և ժամերով կարող էր պատմել դրանց մասին: Տիկին Նազելին նշում է, որ Ալենի աշխարհը բոլորովին այլ էր, որտեղ գերիշխում էր արվեստը, մշակույթն ու գրականությունը: «Գիրքը նրա հավերժական ընկերն ու պաշտանմունքի առարկան էր: Բոլոր օդանավակայաններում ու օդանավերում, գնացքներում ու ավտոբուսներում, յուրաքանչյուր ազատ րոպեի Ալենը զբաղվում էր ինքնակրթությամբ»:
Ալենը մեծ երազանք ուներ՝ փոխել աշխարհն ու այն ավելի լավը դարձնել: Ինչպես ինքն էր նկատել՝ «Կյանքի իմաստը վաղվա օրվա ավելի լավը լինելու հավատի մեջ է»: Հենց այս հավատով էլ 2016թ. ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժին: Տարբեր աշխատարանների ընթացքում ստանձնել է չորս փաստագրական ֆիլմի ռեժիսորի դեր: Դրանցից երկուսը՝ “Greens” և “Taraz” ֆիլմերը, նկարահանվել են Սմիթսոնյան ինստիտուտի համար՝ հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու նպատակով:
Համալսարանն ավարտելով կարմիր դիպլոմով, աշխարհը փոխելու և այն ավելի լավը դարձնելու իր մեծ նպատակին հասնելու համար հաջորդ քայլը պետք է լիներ արտասահմանում ուսումը շարունակելը: Փայլուն գիտելիքներով և իր յուրովի աշխարհընկալմամբ, 4 լեզուների տիրապետող Ալենը 2020թ. ընդունվում է Բոստոնի համալսարան՝ «Սոցիալական աշխատանք» և «Կրթության կառավարում» կրկնակի մագիստրոսական ծրագրով՝ հիացնելով Բոստոնի համալսարանի ղեկավարությանը:
«Աշխարհում չկան հանցագործ երեխաներ. ամեն ինչ գալիս է խեղաթյուրված մանկությունից»,- ասում էր իր էությամբ ու առաքելությամբ մանկավարժ Ալենը ու հատկապես երազում աշխատել ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտված անչափահասների հետ, որպեսզի փոխի նրանց ու դեպի լավն ուղղորդի: Սիրում էր կրթել, պլանավորում էր վերադառնալ ու Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում գրականություն, արվեստ ու լեզուներ դասավանդել: Նպատակ ուներ բարեփոխել Հայաստանի կրթական համակարգը, և միշտ ասում էր. «Լավ կրթությունը պիտի հասանելի լինի բոլորին»:
Ընդունվեց, սակայն Բոստոն մեկնել չէր շտապում. պարտք ուներ հայրենիքի և իր ժողովրդի հանդեպ, պետք է կատարեր: Բոլորը չէ, որ կարող են նման համալսարան ընդունվել, ուստի հարազատները փորձում էին համոզել, որպեսզի շանսը ձեռքից բաց չթողնի և իր ստացած գիտելիքները ծառայեցնի հայրենիքին, սակայն Ալենն անսասան էր իր որոշման մեջ. նախ պետք էր ծառայել: Ասում էր՝ «Մի անգամ ընդունվել եմ, էլի կընդունվեմ», և համալսարանի ղեկավարությանը հղած իր նամակի մեջ, գրում է. «Ես անսահման երախտապարտ եմ հազարավոր դիմորդների միջից նախապատվությունն ինձ տալու համար, շնորհակալ եմ այդ մեծ պատվին ինձ արժանացնելու համար, սակայն հայրենիքիս ու պետությանս սահմաններն իմ պաշտպանության կարիքն ունեն, և ես պարտավոր եմ լինել ազգիս կողքին, ուստի ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող գալ»:
Ալենի այս նամակին հետևել է Բոստոնի համալսարանի ղեկավարության զարմացած ու ապշած պատասխանը. «Մենք պատրաստ ենք քո տեղը 2 տարի պահպանել, պատրաստ ենք նույնիսկ վերանայել քո կրթաթոշակը, միայն թե քո տեսակի եզակի երիտասարդը դառնա մեր ընտանիքի անդամը»:
Մոր խոսքով` Ալենն ուներ հնարավորություն ճակատը պարզ և առանց զարտուղի ճանապարհների խուսափել ծառայել հայոց բանակում, սակայն նա շարքային չէր և նրա որոշումն էլ չէր կարող շարքային լինել: Շատերը գուցե օգտվեին այս հնարավորությունից՝ հանգիստ խղճով իրենց բարեկեցիկ ապագան կառուցելով ԱՄՆ-ում, սակայն Ալենն ընտրեց Հայրենիքին իր պարտքը տալու ճանապարհը:
Վեհ ու ազնիվ Ալենը շատ պատվախնդիր ու հայրենասեր երիտասարդ էր, և գտնում էր, որ յուրաքանչյուր տղա պարտք ունի հայրենիքի առջև և ամենից առաջ այդ պարտքը պետք է հանձնի, որից հետո մտածի իր գունեղ ապագան կառուցելու մասին:
Չնայած Ալենը արյան ժառանգական հիվանդություն ուներ՝ Ժիլբերի համախտանիշ, այնուամենայնիվ նա բժիշկներից պահանջել էր իրեն անպայման զորակոչել բանակ և տարօրինակ անհանգստությամբ սպասում էր ծանուցման թերթիկին: Վստահ էր, որ Արցախում պետք է ծառայի, միայն չգիտեր՝ կոնկրետ որ զորամասում:
Նախքան ծառայության մեկնելը Ալենը իրենց տանը ընկերների համար ընթրիք էր կազմակերպել, որի ավարտին ընկերները բարեմաղթանքներ էին թողել պատից կախված գրատախտակի վրա, սակայն զորակոչի նախորդող օրը Ալենն ամբողջությամբ մաքրել էր դրանք և գրատախտակին թողել իրեն հետաքրքրող ամենամեծ հարցը՝ թե որն է յուրաքանչյուրիս` աշխարհը փոխելու ծրագիրը:
Ահա վերջապես եկավ երկար սպասված ծանուցագիրը, և 2020թ. օգոստոսի 12-ին զինվորական տեղամասում Ալենին վիճակվեց ծառայել Արցախի Մատաղիսում: Ալենը մեկնեց ծառայության` իր հետ վերցնելով Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպ-էպոպեյան:
Տիկին Նազելիի մայրական սիրտն ընդվզում էր, ամբողջ հոգևոր աշխարհը խառնվել էր իրար, որովհետև քաջ գիտակցում էր, որ գործ ունեն նենգ թշնամու հետ, որ առօրյայից տարբերվող նոր ու դժվարին միջավայրում է հայտնվելու Ալենը: Նա կարծում էր, որ Ալենը պետք է հանդես գար համաշխարհային ասպարեզներում և իր անունով փառավորեր Հայաստանը, սակայն նրա առջև Ալենն էր՝ իր որոշումներում վճռական ու խիզախ, ուստի տիկին Նազելին ստիպված եղավ զսպել իր զգացմունքներն ու համակերպվել որդու որոշման հետ:
Ծառայության մեկ ու կես ամիսների ընթացքում Ալենը հասցրել էր գերել բոլորի սրտերը՝ շարքայինից մինչև հրամանատար, որովհետև ըստ նրանց խոսքերի՝ Ալենի գալով վաշտը կարծես լուսավորվեց: Բազմակողմանի զարգացած ու կրթված նորակոչիկը ծառայության ընթացքում էլ դրսևորեց հայ զինվորին վայել կարգապահություն և հանդուրժողականություն, զուսպ ու հպարտ կեցվածք:
«Ծառայության ընթացքում երբեք չի տրտնջացել, չի բողոքել: Շատ լավ գիտակցում էր, որ բանակային կյանքի դժվարություններն անխուսափելի են, սակայն մնում էր անսասան ու աներեր, միշտ ասում էր՝ «դե բանակ է, մամ ջան, հո հյուրանոց չի»` այդպիսով արդարացնելով բոլոր դժվարությունները»,-ասում է տիկին Նազելին:
Ալենը շատ արագ հարմարվեց բանակային կարգուկանոնին ու պահանջներին: Շուտով տեղափոխվեց կապի վաշտ, որտեղ պետք է շարունակեր ծառայությունը` որպես ապագա կապավոր:
Չարաբաստիկ պատահականությամբ սեպտեմբերի 26-ին Ալենի ընտանիքը Արցախում էր, և չնայած տեսակցելու առկա արգելքներին` Ալենին թույլատրեցին հանդիպել ընտանիքին: Ցավոք սրտի, սա Ալենի և իր ընտանիքի վերջին հանդիպումը պիտի լիներ, քանի որ հաջորդ առավոտը պատերազմի գույժով բացվեց: Ալենը ճանապարեց ընտանիքին, իսկ ինքը մնաց Արցախում. մնաց գիտակցված, մնաց վճռակամ իր որոշման մեջ: Մեկուկես ամսվա ծառայող, դեռևս նորակոչիկ Ալենը չէր կարող անմասն մնալ իր ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից: 4 օր շարունակ Ալենը արհավիքի մեջ էր՝ լինելով Թալիշի ու Մատաղիսի առաջնագծում, ոչ մի վայրկյան մտքով չանցկացրեց թողնել խրամատն ու զինակից ընկերներին և հնարավոր տարբերակներով հայտնվել թիկունքում՝ փրկելով սեփական կյանքը: «Եվ նույնիսկ իմ պահանջին, որ միգուցե փորձենք առողջական խնդիրներդ լուծել՝ հիվանդանոցում գտնվելով, ես ստացա շատ կտրուկ պատասխան. «Չէ, ու չհամարձակվեք հաջորդ անգամ ինձ դասալիք դարձնել»,-հուզվելով, բայց և հպարտության մեծ զգացումով պատմում է տիկին Նազելին:
Նամակների սիրահար Ալենի՝ մորն ուղղված այդ կտրուկ նամակը վերջինը դարձավ նրա համար: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին Ալենը մարտիրոսվեց: Ստացել էին շատ բարդ առաջադրանք. առաջնագծում զինամթերք ու սնունդ էր հարկավոր: Առաջադրանքը կատարելուց ոմանք հրաժարվեցին, սակայն ոչ Ալենն ու իր ընկերները: Մեծ երազողն ու անվախ զինվորը, հավատարիմ մնալով իր տեսակին, անմիջապես հանձն առավ տեղ հասցնել ինչ անհրաժեշտ էր, սակայն չհասցրեց զինակիցների մոտ հասնել՝ ճանապարհին անմահանալով անօդաչուի հարվածից:
Ալեն Լևոնի Մարգարյանին` ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Ալենը միացավ անմահների գնդին և, ինչպես ինքն էր ընկերներից մեկին ասել, մնաց կապույտ երկնքում: Իսկ աշխարհը զրկվեց Ալենից, իր լուսավոր տեսակից: Հեռացավ լույս պահողը ու միացավ տիեզերքի լույսերին, սեր լինելով` մահ տեսավ, գարուն կյանքին վիճակվեց վաղ շիրիմ, սակայն իր մահով ծնունդ տվեց նոր Ալենների, որոնք ծնվում են աշխարհի բոլոր ծայրերում և անվանակոչվում ի պատիվ հերոսի: Ալենն իր գործով ապացուցեց, որ բարձրագույն ու կատարյալ արժեքների իրական կրողն էր: Ալենի օրինակով ծնողները դաստիարակում են իրենց երեխաներին, նրանց, որոնք չեն սիրում կարդալ, ցույց են տալիս Ալենի գրադարանը, հայհոյանք օգտագործող տղաներին ծնողները վկայակոչում են Ալենին, ով հայոց մայրենին չափից շատ գեղեցիկ էր համարում՝ այն հայհոյանքի վերածելու համար: Ալենն այսօր էլ կրթում է և, փարոս դառնալով, իր լույսով ուղղորդում երիտասարդներին դեպի ճշմարիտ ուղի, որն անցնում է սիրո ու հանդուրժողականության, գրականության ու արվեստի ճանապարհներով՝ ի կատարումն նրա համամարդկային ցանկությունների:
Ալենի հիշատակին կազմակերպվում են հուշ-երեկոներ, համերգային ծրագրեր, տպագրվել են գրքեր, նկարահանվում է ֆիլմ, ձայնագրվել է երգ, հիմնվել բարեգործական-հասարակական կազմակերպություն, որը պիտի շարունակի Ալենի բարեգործական ծրագրերը: Այսօր արդեն ֆինանսավորվել են 4 երիտասարդների արտասահմանյան ուսման ծախսերը, աջակցություն են ստանում սոցիալապես անապահով ընտանիքներ, զոհվածների քույրեր ու եղբայրներ: Ապագայում տիկին Նազելին ցանկություն ունի հիմնելու նաև Ալեն Մարգարյանի անվան տարրական և միջնակարգ դպրոց, որտեղ ալենյան արժեհամակարգով կդաստիարակվեն ու կկրթվեն հայ մանուկները:
Տիկին Նազելին սրտի խոր կսկիծով է արձանագրում, որ պատերազմի ավարտը շատ ցավոտ էր: «Տղաներն անձնուրաց էին, տղաները հերոս էին, առյուծասիրտ էին և գիտակցաբար կռվում էին հանուն հայրենիքի: Իրենք հաղթեցին` փառավորվելով հայոց պատմության հերոսական էջերում, իսկ մենք պարտվեցինք դավաճանության, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման և անկազմակերպվածության պատճառով»,-ասում է նա:
Նրա համար Ալենի կորուստը ցավի և հպարտության զգացողություն է առաջացրել, սակայն միաժամանակ պարտավորեցրել՝ կրել հերոսի մոր կոչումը, քանի որ օրինակ պետք է ծառայի հազարավոր մայրերի համար: «Պարտավորեցնող է լինել բարձունքում, լինել որդուդ հարիր»,-նշում է նա:
Հերոսի մայրը կոչ է անում հայ մայրերին Ալեններ ծնել ու դաստիարակել, որովհետև նրանցից է կախված լինելու մեր հայրենիքի լուսավոր ապագան: Նրանք են, որ պետք է կերտեն Ալենի երազած աշխարհը և վաղվա օրը դարձնեն ավելի լավը, որի հավատով էլ ապրում էր բոլորիս Ալենը:
Վահագն Խաչատրյան