Որպես սկիզբ ազատվել ապազգային իշխանությունից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Դրօշակի»-ի խմբագրական » Որպես սկիզբ ազատվել ապազգային իշխանությունից

Որպես սկիզբ ազատվել ապազգային իշխանությունից

Ներկա իրականությունը մերժում է այն պատմագիտական տեսակետը, ըստ որի` անհատների դերը վճռորոշ չէ պատմական գործընթացներում: Եթե այսօրվա և 100-102 տարի առաջվա հայաստանյան իրականությունը զուգահեռենք, ապա ակնհայտ կդառնա, որ մի դեպքում դարերով պետականազուրկ երկրի մի սերունդ, ցեղասպանված ազգի մեջ ոգի ներարկելով, կարողացել է պետականություն կերտել, իսկ մյուս դեպքում, հարյուրամյա պետականության ու ինքնազարգացման ճանապարհ անցած նույն ժողովրդի մի զգալի զանգվածի մեջ բացասական կրքեր գրգռելով, ապազգային և օտարասուն տարրը կարողացել է հաղթանակած ու կայուն պետությունը տանել կործանման: Այս մասին գրում ենք` բոլորովին հեռու լինելով կուսակցական քարոզչությունից և արձանագրելով ողբերգական իրականությունը: Նույն այս տարրը`ի դեմս իր առաջնորդի, նեղ անձնական շահերով առաջնորդվելով, ամեն օր իր հայրենիքին հավելյալ կորուստներ է պատճառում, խարխլում է նաև ապագայի հիմքերը` շարունակելով կառչած մնալ իշխանությունից: Առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նման է այն խեղդվողին, որը, հրաշալիորեն գիտակցելով իր վիճակը,կառչում է ինչ-որ մեկի ոտքերից և իր հետ ջրասույզ անում վերջինիս, միայն թե տվյալ դեպքում այդ ինչ-որ մեկը անձ չէ, այլ ամբողջ Հայաստանը:

Որքան էլ որ անհեթեթ թվա, ժողովրդի առջև այսօր ծառացած հիմնահարցը երկիրը մասնատած ու ամեն օր նոր բնագծեր խլող ոսոխը չէ, այլ հենց դավաճան ղեկավարը, առանց որի հեռացման` անհնար է նախաձեռնել հակաքայլեր, կանգնեցնել նահանջն ու կորուստները և կազմակերպել ազգն ու պետությունը` քաղաքական և այլ ճակատներում դիմակայելու համար:

Քաղաքական ու բարոյական առումներով սպառված, կառավարելու հնարավորությունները կորցրած, թշնամիների կողմից ծաղրի ենթարկվող, օտարների ու յուրայինների համար անընդունելի իշխանությունը ունակ չէ լուծում տալու ո՛չ ներքին և ո՛չ էլ արտաքին մարտահրավերներին: Ինչպես նույն օրը հաղորդել է «Mediaport» տելեգրամային ալիքը, Անվտանգության խորհրդի` դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, թե դիրքերի փոփոխություն է եղել, այժմ ադրբեջանցիներն ավելի ուժեղ են, հետևաբար ստիպված պետք է համակերպվել այդ վիճակին:

Պատերազմում պարտված ղեկավարը, կաշկանդված լինելով հոգեբանորեն և գուցե այլ առումներով, համակերպվել է, որ թշնամին շարունակելու է գրավել նորանոր գյուղեր, Հայաստանի սահմանների` ռազմավարական նշանակության բարձունքներ, դիրքեր, ճանապարհներ` ընդհուպ մխրճվելով հայկական քաղաքների ու գյուղերի տարածքներ և ուժով պարտադրելով իր առջև մենակ մնացած տեղացիներին զիջել հայկական բնագծերը, և ադրբեջանցի զինվորները ազատորեն շրջելու են հայկական սահմանային բնակավայրերում, երբ հայկական կողմը դժվարությամբ է կարողանում վերադարձնել իր գերիներին ու նահատակների մարմինները, իսկ հայ ժողովուրդը պետք է ոտնահարված արժանապատվությամբ համակերպվի այս ամենի հետ: Ծնկի բերված ղեկավարը պարտադրում է ողջ երկրին ծնկի գալ թշնամու առաջ`միաժամանակ ճակատագրական պահին հրաժարվելով կարևոր պարտականությունների կատարումից և այդ գործն ամբողջությամբ թողնելով ռուսական իշխանությունների ու զինվորականության բարի կամքին: Մյուս կողմից`միառժամանակ Հայաստանի իշխանության ղեկը ձեռքում պահելը բխում է նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրով շահագրգիռ ուժերից: Վերջիններիս համար լրիվ կանխատեսելի է իրենց ձեռնածուն դարձած անկամ ու հանձնված առաջնորդը, որի ձգձգվող իշխանության պայմաններում հնարավոր է դարձել ստանալ այն, ինչ նշված է հապճեպ կազմված կապիտուլյացիոն ակտում, և զիջումներ, որոնք չկան այդ փաստաթղթում ու անհասկանալի են մնում հայ ժողովրդի համար: Այսինքն` հեղհեղուկ փաստաթղթի կամ գուցե և դրա`մեզ համար անհայտ հավելվածների պայմաններում թուրքական առաջխաղացումը շարունակվում է, և, մյուս կողմից, թշնամին բացահայտորեն խոսում է Զանգեզուրի նկատմամբ իր հավակնությունների մասին: Ակնհայտ է, որ չեզոք գոտու եւ սահմանային միջանցքների վերացման, անկատար ու անհստակ հաշտության հայտարարության պայմաններում խիստ մեծացել է գալիք փոքր եւ մեծ բախումների հավանականությունը:

Կարծես թե ճիշտ պահն է` հիշելու նաև Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հայ իրականության մեջ զարգացվող այն տեսակետը, ըստ որի` հայկական կողմն է իր ագրեսիվ քաղաքականությամբ խաթարել հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական բարիդրացիական հարաբերությունների հաստատման հնարավորությունը, ևազատագրված տարածքների զիջումը պետք է հնարավորություն ստեղծի այդ հարաբերությունների բարելավման համար: Ինչպես տեսնում ենք, ազատագրված տարածքների ետգրավումը, Արցախի կեսի ու Շուշիի բարձունքի ձեռքբերումը, ինչպես և Մեղրիի միջանցքը ստանալու դարավոր երազանքի իրականացումը ավելի են գրգռել ադրբեջանցիների ու թուրքերի ախորժակը` տեսանելի դարձնելով պանթուրքական և պանթուրանական ծրագրերի կենսագործման հնարավորությունը: Այս էլ որերորդ անգամ ակնհայտ է դառնում, որ թուրքասերների թուրքական հաշվարկները քիչ առնչություններ ունեն թուրքերի սեփական հաշվարկների հետ, սակայն սա մեկ այլ ծավալուն խոսակցության թեմա է:

Թուրքերն ու ադրբեջանցիները գործում են արագ ու ագրեսիվ` փորձելով առավելագույնս նպաստավոր պայմաններ ստեղծել թե՛ Հայաստանի հետ հետագա հարաբերությունների և թե՛ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական առումներով: Թուրքիան իրեն հավատարիմ ծայրահեղական իսլամիստներով բնակեցնում է Ադրբեջանին անցած մերձարաքսյան և Իրանին հարող սահմանագիծը: Կասկած չկա, որ այս տարրը վաղը անկայունության ու սադրանքների մշտական գործոն է դառնալու Հայաստանի ինչպես և Իրանի համար: Շատ հավանական է, որ այս հարցում ադրբեջանա-թուրքական տանդեմին լավ գործակից կարող է դառնալ նաև Իսրայելը: Մյուս կողմից` ահաբեկչական այս նիզակի հակառակ ծայրն ուղղվելու է դեպի արևելք` բացելու դեպի Կենտրոնական Ասիա տանող թուրքական մեծ երազանքի ճանապարհը, ինչպես և թափանցելու Ռուսաստանի մուսուլմանաբնակ և ոչ միայն մուսուլմանաբնակ հարավային գոտի: Այս տարածքներում ռուս-թուրքական կոշտ մրցակցությունը ոչ հեռավոր ապագայում սրվելու է ոչ միայն տարածքային ազդեցությունն ուժեղացնելու, այլև այդ տարածքներով անցնող էներգակիրների գծերի վրա գերիշխանություն հաստատելու համար:

Ռուս խաղաղապահների` տարածաշրջան մուտք գործելու համար անհրաժեշտ եղավ, որ ադրբեջանական կողմը` բավարարված, իսկ հայկական կողմը պարտադրված լիներ` ընդունելու նրանց ներկայությունը: Այդ սահմանագիծը Շուշին էր` Արցախի իրական տերը լինելու համար անհրաժեշտ ռազմավարական բարձունքը: Ավելին` հայկական շահերի գիտակցումից հեռու և ինչ-ինչ գործարքների մեջ խրված հայաստանյան իշխանությունները որպես վրադիր զիջեցին նաև հակամարտության հետ առնչություն չունեցող Մեղրիի միջանցքն ու չնախատեսված առավելագույնը ԵԱՀԿ փաստաթղթերում տասնամյակներով արձանագրված նախնական պայմանավորվածություններից:

Ռուսաստանն առայժմ հասել է իր ցանկությունների առաջին հանգրվանին, այն է` ոտքատեղ է ձեռք բերել Արցախում և այժմ ռազմականորեն արագ հաստատվում է այնտեղ: Ակնհայտ է, որ ոչ երկար ժամանակ անց հայաբնակ մնացած Արցախում աճելու է նաև Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը: Այսքանը բավարար կլինի՞ Ռուսաստանին` դիմակայելու էրդողանական Թուրքիային և թուրքապատկան դարձող ու ռուսական ազդեցությունը դանդաղորեն թոթափող Ադրբեջանին:
Թվում է, որ ոչ. ազատ շարժումներ անելու համար արցախյան ներկայիս միջանցքը շատ նեղ է: Մյուս կողմից, ինչպես ասվեց, իշխելու է նա, ով իրական տերը կլինի Շուշիի և գուցե դրան հարակից տարածքների: Ռուս խաղաղապահները վաղը կարո՞ղ են հայտնվել Շուշիում, և ենթադրենք` Շուշին դառնա, այսպես ասած, տարբեր ժողովուրդների համակեցության օրինակ: Աշխարհաքաղաքական առումով Ի՞նչ է սպասվում Հայաստանն ու Արցախը ներառող այս տարածաշրջանում տեսանելի ապագայում: Անշուշտ, հարցը մեզ հետաքրքրում է մեր շահերի տեսանկյունից, և այս առումով քիչ չեն նաև մտահոգությունների տեղիք տվող վարկածները. Հայաստանը ապագայի մեծ հաշիվներում հանդես է գալու որպես օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ:

Սեփական բախտի ղեկը իր ձեռքով և իր ուզած ուղղությամբ Հայաստանը կկարողանա թեքել միայն համարժեք ուժ ունենալու դեպքում: Առայժմ նրա ունեցած նվազ ուժն էլ է ջլատվում: Առայժմ նրան ցանկանում են ներքաշել ոչ պակաս վտանգավոր արկածախնդրությունների մեջ, ինչպիսիք են, օրինակ, ծնկած վիճակում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման և համագործակցության պայմանագրերի կնքումը, առևտրային հարաբերությունների հաստատումը և այլն: Հիշենք, որ երբ անցած դարի 90-ականներին հարաբերությունների հաստատման խաղ էր նախաձեռնում Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա առջև դրվեցին հայ-թուրքական սահմանը ճանաչելու, ցեղասպանության հարցից հրաժարվելու և այլ նախապայմաններ: Նույնը տեղի ունեցավ նաև Սերժ Սարգսյանի նախագահության օրերին: Այս հարցում հուշող հանգամանք կդառնան նաև Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի կնքման 100-րդ տարելիցները: Եվ այս ճակատագրական մարտահրավերների պայմաններում հայ ժողովրդին ներկայացնում է նրա շահերի հաշվին առևտուր անելու պատրաստակամ ապազգային իշխանությունը: Որպես սկզբնական քայլ` առաջնահերթություն է այս աղետաբեր իշխանություններից ազատվելու

«Դրօշակ»-ի առաջնորդող

դեկտեմբեր, 2020 թ.  

1