Որպես մտավորական՝ պարտավոր ես ժողովրդի հետ լինել

«Ապրելու ձայնը» ծրագրի շրջանակներում Արցախում գտնվող բանաստեղծ Հուսիկ Արայից «Ապառաժ»-ը հետաքրքրվել է, թե ստեղծված ծանր կացության պարագայում, երբ մեր ժողովուրդը կանգնած է պետականության ու ինքնության կորստի առջև, ո՞րն է մտավորականների դերը, ինչին ի պատասխան՝ նա ասել է․
— Հարցի մեջ կա նաև ենթադրվող պատասխանը։ Կա մտավորականների մի խումբ, որ ասում է՝ գիտե՞ք ինչ, իմ գործը բանաստեղծություն գրելն է՝ ես նստած գրասեղանի առաջ գրում եմ, իմ գործը երաժշտություն հորինելն է՝ երաժշտություն եմ հորինում, կամ նկարելն է՝ կտավ եմ նկարում։ Իհարկե, դա նրանց առաջին գործն է, կոչումն է, բայց երբ հայրենիքդ վտանգի մեջ է, երբ դու ունես պետականություն կորցնելու սպառնալիք, Արցախ աշխարհը կորցնելու սպառնալիք, քո առաջին գործը պետք է լինի այդ արժեքները պահպանելն ու պաշտպանելը, մինչև վերջին կաթիլը տրվես և քո գրիչով ու վրձինով, գործունեությամբ առաջին հերթին պետք է կարողանաս պահպանել այդ արժեքները՝ պետությունը, պետականությունը, հայրենիքը։
Եթե դրանցից զրկվեցիր, ո՞ւմ են պետք քո ստեղծագործություններն ու նկարները. ուրեմն՝ առաջին հերթին մեր խնդիրը սա է։ Երբ ես Ֆրանսիայի հրապարակում էի, հարցնում էին՝ մտավորականի տեղը սա՞ է, իսկ ես պատասխանում էի, որ իսկական մտավորականի տեղն այս պահին սա է։ Ես թողել եմ իմ գրասեղանը, իմ գրելը, կարդալը և եկել ու պայքարում էի, որովհետև ես կարևոր էի համարում այդ պայքարը, քան գրելը։ Այո՛, պետք է գրել, ստեղծագործել միշտ, սակայն ծանր պահերին դու՝ հատկապես որպես մտավորական, պարտավոր ես ժողովրդի հետ լինել, եթե ոչ՝ ո՞ւմ ես պետք։ Ես այնքան էլ չեմ հավատում ու վստահում նման մտավորականներին, որքան էլ որ հանճարեղ ու տաղանդավոր լինեն։
Ցավոք, մեր իրականության մեջ մենք տեսանք, որ նույնիսկ տաղանդավոր մարդիկ խուսափեցին ու խուսափում են։ Այդպես միշտ եղել է, սակայն պետք է սփոփվենք այն անհատներով, որոնք միշտ պայքարել են և պայքարելու են։ Նման մարդկանց շնորհիվ միշտ հաղթելու ու հարատևելու է մեր ժողովուրդը։
Վահագն Խաչատրյան