Ադրբեջանը ինչքան վարձկաններ ու ահաբեկիչներ բերի, միևնույն է՝ արդյունք չի լինելու
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկվելու համար զինյալներ հավաքագրելու մասին լուրերին.
«Սիրիական աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիան Աֆրինում զինյալների համար գրանցման կենտրոններ է հիմնել՝ Ադրբեջան զինյալներ ուղարկելու համար:
Թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը, կյանքը ցույց կտա, սակայն չպետք է մոռանալ, որ Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը վարձել էր տարբեր ազգերի վարձկանների, որոնցից ամենաշատը աֆղանցիներն էին: Աֆղանստանի այն ժամանակվա վարչապետ Հեքմաթիարի աջակցությամբ Ադրբեջանի համար պատերազմել են մոտ 5000 աֆղանցի մոջահեդներ՝ մի գեներալի հրամանատարությամբ, որը հետագայում դարձավ Աֆղանստանի պաշտպանության նախարարը: Այդ զինյալները ոչ միայն չկարողացան օգնել Ադրբեջանին խուսափել պարտությունից, այլ նաև որոշ հարցերում դարձան գլխացավանք Ադրբեջանի համար:
Մի փոքրիկ գաղտնիք բացեմ. արտասահմանում մի անգամ հանդիպել եմ այդ մոջահեդներից մեկին, ումից կարողացա բավականին տեղեկություններ կորզել տարբեր հնարամտություններով: Թեև որոշ հայկական ու միջազգային աղբյուրներ նշում են 1000-3000 մոջահեդի մասին, սակայն այդ աֆղանցին վստահորեն պնդում էր, որ 5000 հոգի են եղել, և իրենց վճարել էին ամսական 1000 դոլար: Նա հատուկ հիշեց հատկապես 1994թ. փետրվարին Ղարաբաղի լեռներում (ենթադրում եմ՝ Օմարի մարտերում) հայերի ջախջախիչ հարվածն իրենց, որի հետևանքով մոտ 100 մոջահեդ է սպանվել: Ըստ այդ մարդու՝ ընդհանուր առմամբ շուրջ 700 մոջահեդ է սպանվել պատերազմում: Մնացած մանրամասները միգուցե մեկ օր առանձին հոդվածով ներկայացնեմ, քանի որ այդ թեմայի շուրջ որոշակի հետազոտություններ եմ կատարել՝ հավաքագրելով բազմակողմանի փաստեր…
Այսինքն, որքան վարձկաններ ու ահաբեկիչներ Ադրբեջանը բերի, միևնույն է՝ արդյունք չի լինելու իրենց համար, քանի որ մենք պաշտպանում ենք մեր Սուրբ Հայրենիքը, ոչ թե գումարի համար ենք կռվում, իսկ նորանոր վարձկաններն ավելի շատ վնաս են տալու իրենց, քան՝ օգուտ»,- գրել է Արտակ Բեգլարյանը :