Որքա՞ն վնաս է կրել Հայաստանի տնտեսությունը Արցախի բռնազավթման հետեւանքով. փոխնախարարը հաշվարկներ չներկայացրեց
Գլխավոր » Լրահոս » Որքա՞ն վնաս է կրել Հայաստանի տնտեսությունը Արցախի բռնազավթման հետեւանքով. փոխնախարարը հաշվարկներ չներկայացրեց

Որքա՞ն վնաս է կրել Հայաստանի տնտեսությունը Արցախի բռնազավթման հետեւանքով. փոխնախարարը հաշվարկներ չներկայացրեց

Արցախի բռնազավթման հետեւանքով, անվտանգային խնդիրներից զատ, Հայաստանի տնտեսությունը նույնպես լուրջ վնասներ է կրել։

«Առավոտը» Էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հարցրեց՝ հաշվարկներ արվե՞լ են, թե ինչ վնաս է կրել Հայաստանի տնտեսությունը, այդ թվում՝ գյուղատնտեսությունը։ Հայտնի է, որ Արցախի գյուղատնտեսության շնորհիվ էր նաեւ ապահովվում Հայաստանի հացահատիկի, մսամթերքի ներքին պահանջարկը։ Բացի դրանից՝ Արցախին սահմանակից հայաստանյան գյուղերի բնակիչները կորցրել են վարելահողերը, ինչի հետեւանքով այդ գյուղերում նվազել են անասնապահության ծավալները։

Տաթեւիկ Սարգսյանը մեր հարցերին ի պատասխան ասաց. «Ընդհանուր առմամբ՝ պետք է նշեմ, որ այդ բացերը լրացնելու ուղղությամբ իրականացվում է գարնանացան հացահատիկային մշակաբույսերի աջակցության ծրագիրը։ Նախատեսվում է իրականացնել աշնանացան ցորենի աջակցության ծրագիրը, իսկ կերի մասով այս պահին իրականացվում է լիզինգի աջակցության ծրագիրը, որի շրջանակներում տնտեսվարողները կարող են սարք-սարքավորումներ ձեռք բերել եւ աճեցնել կանաչ կերեր։ Իսկ ընդհանուր առմամբ նաեւ կերային մշակաբույսերի մասով նախատեսվում է աջակցություն, որպեսզի ցանքատարածություններն ավելանան»։

Ինչ վերաբերում է հաշվարկներին, թե ի՞նչ վնաս է կրել ՀՀ տնտեսությունը, փոխնախարարը նման պատասխան տվեց. «Այս պահին չեմ կարող հնչեցնել նման թիվ, բայց համենայնդեպս կան հաշվարկներ, որոնց հիման վրա մշակվում են աջակցության ծրագրեր՝ այդ հարցերին լուծում տալու ուղղությամբ»։

1