Որդիների գերեզմաններն Արցախում թողած հայրը չի դադարում պայքարել՝ այս անգամ իրավական դաշտում
Այսօր կայացած «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքին իրենց խոսքն են հնչեցրել նաեւ Արցախյան պատերազմներում զոհված, Արցախի հողում ամփոփված ազատամարտիկների ծնողները, հարազատները։ Նորայր եւ Երվանդ Հաջիյանների հայրը՝ Միքայել Հաջյանն իր խոսքում նշել է, որ որդիների հիշատակի օրերին այցելում են Երևանի երրորդ մասում գտնվող հուշաղբյուր, որտեղ Նորայրի անունն էլ է գրված 2016թ․ ապրիլյան պատերազմի մյուս նահատակների անունների կողքին։ Նա նշեց, որ շարունակելու է այնտեղ այցելել, բայց «Եռաբլուր»-ում բացված հուշակոթողը կհամախմբի բոլորին եւ ծաղիկ խոնարհելու, հիշատակը խնկարկելու հնարավորություն է։
Տեղահանված ու որդիների գերեզմանները Արցախում թողած հայրը չի դադարում պայքարել՝ այս անգամ իրավական դաշտում։ Նա հայտնել է, որ իր իրավունքների ոտնահարման հայցով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։
«Ադրբեջանը ոտնահարել է, խախտել է մարդկային համընդունելի իրավունքները, դրա մեջ և՛ գերեզմանները, և՛ մշակութային արժեքները, հայրենի հողը, տունն ու տեղն են։ Մարդկային արժանապատվության խնդիր է, մեկ ամիս առաջ ենք հայցն ուղարկել, տարիներ կտևի մինչև վերջնական վճիռը կայացվի։ Ես դիմում եմ իմ հայրենակիցներին, տարագիր արցախցիներին՝ անպայման դիմեք Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին ձեր իրավունքների պաշտպանության, իրավունքների ոտնահարումը կանխելու առումով»,- կոչ արել նա։