Որ ճակատում էլ եղավ Պետոն մշտապես մնաց նույն հոգատար ընկերն ու հրամանատարը

Այսօր Ազգային հերոս Պետրոս Ղևոնդյանի՝ Պետոյի, հիշատակի օրն է:
Պետրոս Ղեւոնդյանը ծնվել է 1964-ի հունվարի 30-ին Պռոշյան գյուղում: Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։
Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի հենակետերի ոչնչացման գործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։
Զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին Քարվաճառում: Այդ օրը մարտի դաշտում վիրավոր զինվոր էր միայնակ մնացել: Շտապօգնության մեքենայի անձնակազմը չէր համարձակվում առաջ շարժվել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետոն ինքն է նստում շտապօգնության մեքենայի ղեկին և միայնակ շտապում վայրկեան առաջ մարտադաշտից դուրս բերել վիրաւոր մարտիկին:
Մի քանի ակնթարթ անց լսվում է պայթիւն՝ ականի բեկորներից զոհվում է Պետրոս Ղևոնդյանը:
Որ ճակատում էլ եղավ Պետոն, որ մարտին էլ որ մասնակցեց, մշտապես մնաց նույն հոգատար ընկերն ու հրամանատարը, համեստ ու լռակյաց զինվոր: