Ոնց տարել եք, այնպես էլ հետ բերեք եղբորս, նրան բուժում պետք չէ

Հուլիսի 29-ին հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության գրասենյակի առջև՝ Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին վերադարձնելու պահանջով: Հավաքին ներկա ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, առևանգված Վագիֆ Խաչատրյանի հարազատները առանձին հանդիպում են ունեցել ԿԽՄԿ Արցախի գրասենյակի պատասխանատուների հետ: Հանդիպումից հետո ԿԽՄԿ ներկայացուցիչը պատասխանել է ներկաների հարցերին՝ նշելով, որ հասկանում են իրավիճակի դժվարությունը և վստահեցրել, որ աշխատում են լուծում գտնել:

«Ոնց տարել եք, այնպես էլ հետ բերեք եղբորս, նրան բուժում պետք չէ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Վ. Խաչատրյանի եղբայրը:
ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն էլ շեշտել է, որ դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախում որևէ մեկի անվտանգությունը երաշխավորված չէ. «Պետք է բարձրաձայնել եվրոպական բոլոր հարթակներին, այդ թվում նաև միշելներին ու մնացածներին, որ այսպես է երաշխավորվում մեր անվտանգությունը: Բոլոր երկրների կողմից վստահություն ունեցող կառույցն անգամ ի վիճակի չէ իր տարբերանշանը կրող մեքենայում մեր քաղաքացուն պաշտպանել: Նույնիսկ բանտում մեր քաղաքացու կյանքը չեք կարողանում երաշխավորել: ՀՀ-ին էլ պետք է բացատրել, եթե այնտեղ չեն հասկանում, որ խաբում եք, ստում եք, որ Ադրբեջանի հետ այս ժողովուրդը կարող է ապրել: Արցախում ծնված յուրաքանչյուր անձի Ադրբեջանը կարող է այսպիսի մեղադրանքներ ներկայացնել»:
Այնուհետև Վագիֆ Խաչատրյանի հարազատները շարժվել են դեպի Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր: