Ոչինչ չի կարող խանգարել ՀՅԴ-ի՝ Արցախի կողքին ամուր կանգնելու առաքելությանը. Հակոբ Տեր-Խաչատուրյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ոչինչ չի կարող խանգարել ՀՅԴ-ի՝ Արցախի կողքին ամուր կանգնելու առաքելությանը. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Ոչինչ չի կարող խանգարել ՀՅԴ-ի՝ Արցախի կողքին ամուր կանգնելու առաքելությանը. Հակոբ Տեր-Խաչատուրյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հոկտեմբերի 27-29-ը իր հերթական այցն է կատարել Արցախ:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն իր այցելության ընթացքում ունեցել է մի շարք հանդիպումներ, խորհրդակցություններ եւ ժողովներ:

Այցելության առաջին օրը Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է  Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ Արցախի Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր «Արդարություն» և «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունունների ղեկավարների հետ:

Այցելության երկրորդ օրվա սկզբին հանդիպում տեղի ունեցավ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Իսկ օրվա մնացած մասը հագեցած էր ՀՅԴ կազմակերպական միավորների եւ շարքերի հետ հանդիպումներով եւ ժողովներով: Նախ կայացավ հանդիպում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության վարչության հետ, ապա գումարվեց ժողով՝ ՀՅԴ Արցախի  Հայ դատի հանձնախմբի հետ: Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ նաեւ ՀՅԴ Արցախի ընկերական ընդլայնված ժողով՝ շրջաններից Ստեփանակերտ ժամանած ընկերների և ներկա ու նախկին պատասխանատու մարմինների հետ:

Այցելության ընթացքում Հակոբ Տեր-Խաչատուրյանը  հանդիպումներ է ունեցել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի հետ:

Այցելության ավարտին ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ ամփոփվել են հանդիպումների արդյունքները:

Հանդիպումների ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին  ընկերակցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ Արցախ կատարած այցի կապակցությամբ զրուցել է «Ապառաժ»-ը:  

Անդրադառնալով հանդիպումների ընթացքում առծածված թեմաներին, Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ հիմնականում քննարկվել են Արցախի կարգավիճակին, նրա անվտանգությանը, ժողովրդի տրամադրվածությանը, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել Արցախում կատարած աշխատանքին, մասնավորապես տեղահանված բնակչության բնակարանային ապահովվածության և նրանց սոցիալ-տնտեսական խնդիրների  լուծման ուղղությամբ:

ԱՀ իշխանությունների հետ ունեցած հանդիպումները Հակոբ Տեր-Խաչատուրյանը արդյունավետ համարեց՝ նշելով, որ իշխանությունների հետ ունեցած տարակարծությունները չեն կարող խոչընդոտել ՀՅԴ-ին՝ Արցախի կողքին կանգնելու, նրան ամեն գնով աջակցելու  և սկսված քաղաքական ու մարդասիրական աշխատանքները շարունակելու համար:

Դաշնակցության Արցախի համար տարվող աշխատանքներն այս պահին ընթանում են չորս ուղղություններով:  Նախ՝ միջազգային առումով Արցախի կարգավիճակի հարցի միջազգայնացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսման խթանում և Արցախի անկախության ճանաչման՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառման ուղղույեամբ աշխատանքներ, երկրորդ՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի միջոցով Արցախի ներքաղաքական կյանքին մասնակցություն և խնդիրների լուծում, երրրորդ՝ ներկուսակցական առումով ներքին կազմակերպական քննարկումներ, երիտասարդության ներգրավում եւ Հայ Դատի աշխատանքներ, եւ վերջապես՝ Արցախի համար մարդասիրական եւ նյութական օժանդակության տրամադրում:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարևորեց  ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և շրջանների կոմիտեների ու պատասխանատու ըներների հետ հանդիպումը։ Քնարկվել են  Արցախի իրավիճակի, առաջնահերթությունների և ապագա անելիքների վերաբերյալ մի շարք հարցեր: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ոչ միայն զեկուցել է Հայաստանի ու Արցախի ներկա իրավիճակի եւ աշխարհով մեկ տարվող աշխատանքների մասին, այլ նաեւ լսել է Արցախի պատասխանատու մարմինների ներկայացուցիչներկի կարծիքներն ու առաջարկները:

Անդրադառնալով Արցախի ապագայի վերաբերյալ Դաշնակցության տեսլականին, Հակոբ Տեր-Խաչատուրյանը ընգծեց, որ Դաշնակցության համար անընդունելի է, որ  Արցախը լինի Ադրբեջանի գերիշխանության տակ: ՀՅԴ օրակարգում է Արցախի՝ որպես անկախ պետության կայացումը, զարգացումը եւ միջազգային հանրության կողմից նրա անկախության ճանաչումը, որից հետո բնականոն հոլովույթով  մայր հայրենիքի հետ վերամիավորումը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն ոչ պատերազմի ընթացքում և ոչ էլ դրանից հետո չի դադարեցրել իր ողջ ներուժը ի սպաս դնել Արցախի և Հայաստանի հզորացմանը:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված ճգնաժամին Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ այդ ճգնաժամը արդյունք է ՀՀ իշխանությունների ապազգային քաղաքականության, հայրենիքը ահավոր պարտության առաջնորդուելուն եւ ծայրայեղ զիջումների գնալու իրենց պատրաստակամության: Այս իրավիճակը ստեղծելոուց բացի, ՀՀ գործող իշխանությունները նպաստել են նաեւ ընդհանուր համազգային օրակարգի շուրջ հայության համախմբումը ապահովելու փոխարեն պառակտիչ գործունեություն ծավալելով: «Այդ պառակտիչ գործողությունները  հիմա ուզում են տեղափոխել նաև սփյուռք: Ամեն ինչ արվում է դրան դիմակայելու, այդ կործանարար քաղաքականությանը առաջն առնելու և  պառակտում թույլ չտալու համար»,- ասել է նա:

ՀՅԴ Բյուրոյի  ներկայացուցիչն անդրադարձավ նաև համայն հայության մոտ առկա ընկճվածության մթնոլորտին, որը հետևանքն է պատերազմում կրած աղետալի պարտության: Նա վստահ է սակայն, որ մեր ժողովուրդը կվերագտնի իր ապետական ուժն ու վճռակամությունը, ոտքի կկանգնի և կշարունակի հայ ժողովրդի իրավունքներին ի խնդիր ազգային-ազատագրական պայքարը:

1