Ոչինչ չի համեմատվի մարդկային կորստի հետ․ այդ ցավը միշտ արթուն է․․․

2020 թվականի 44-օրյա պատերազմից անցել է ավելի քան 4 տարի, սակայն մենք չենք դադարում վերապրել պատերազմի ողջ սարսափը։ 44 օր շարունակ հայ զինվորը կռիվ տվեց իրեն գերազանցող թշնամու դեմ։ Կռիվ տվեց՝ չիմանալով, որ պատերազմի ավարտը ցավալի ու կործանարար է լինելու, իսկ 3 տարի անց Արցախը լրիվությամբ է ընկնելու․․․
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մավրիկ Զավենի Գրիգորյանի ընտանիքն Արցախի բռնի տեղահանությունից հետո հաստատվել է Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական գյուղում։ Ապրում են վարձակալությամբ։ 2020-ի պատերազմի հետևանքով Էմմա Քարամյանը կորցրել է ամուսնուն և եղբորը։


-2020-ի 44-օրյա պատերազմում ես կորցրել եմ իմ ամենաթանկ մարդկանց՝ ամուսնուս ու եղբորս։ Պատերազմի հետևանքով կորցրել եմ ծննդավայրս՝ Ջրաղացները, ինչպես նաև Ակնաղբյուրը, որտեղ հարս եմ գնացել։ 44-օրյա պատերազմը մեծ արհավիրք էր մեր ժողովրդի համար։ Ծանր ու դաժան օրեր էին՝ վտանգով լի։ Մավրիկը մարտական դիրքերում էր։ Տասը օր դիրքերում մնալուց հետո տղաներն առաջադրանք ստացան տեղափոխվել գյուղ ու պաշտպանել շրջակա տարածքը։ Ակնաղբյուրն արդեն վեր էր ածվել առաջնագծի, քանի որ հայտնվել էր թշնամու՝ դեպի Շուշի տեղաշարժի ճանապարհին։ Ամուսինս մեր համագյուղացիների հետ գյուղի մատույցներում էր։ Հոկտեմբերի 29-ին Մավրիկի երկրային կյանքի վերջին օրն էր։ Նա զոհվեց թշնամու դիպուկահարի գնդակից։ Սակայն մարմինը հնարավոր է եղել դուրս բերել այդ տեղանքից միայն նոյեմբերի 13-ին՝ զինադադարից հետո։ Նրա աճյունը հողին ենք հանձնել Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Ցավոք, եղբորս շիրիմը մնացել է Արցախում՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում։ Քաջիկը զոհվել է հոկտեմբերի 23-ին, երբ զենք ու զինամթերք էր տեղափոխում Թաղավարդ,-պատմում է ամուսնուն ու եղբորը կորցրած կինը և ավելացնում,- ոչինչ չի համեմատվի մարդկային կորուստների հետ։ Այդ ցավը միշտ մարդու հոգու ու սրտի մեջ է։
Մավրիկ Գրիգորյանը միշտ աչքի է ընկել խիզախությամբ ու պատրաստակամությամբ։ Դա երևացել է, երբ նա ժամկետային զինծառայություն էր իրականացնում Մատաղիսի զորամասում։ Հրամանատարության ու ծառայակից ընկերների խոսքով՝ նա միշտ հանձն էր առնում կատարել ամենադժվար ու վտանգավոր առաջադրանքները և ցանկացած խնդիր կատարում էր անմնացորդ նվիրումով։ Մավրիկը մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին։ Հայրենասիրությամբ տոգորված երիտասարդը երազում էր ապրել անվտանգ Արցախում և իր երեք զավակների մեջ նույնն էր սերմանում։

-Մավրիկը միշտ ասում էր, որ երբեք չպետք է կոտրվել, ծնկի գալ և մեր նահատակների արյունով ու արցունքով թրջված Արցախի հողը պետք է սրբորեն պահել։ Ընկերասեր էր, ազնիվ, պատրաստակամ, նվիրված էր ընտանիքին։ Սիրում էր օգնել մարդկանց և դրանից իրեն լավ էր զգում։ Ակնաղբյուր գյուղն իր համար սրբություն էր։ Ասում էր՝ աշխարհի ամենագողտրիկ անկյունն է, որտեղ կարող ես լիաթոք շնչել։ 2020-ի պատերազմից հետո, որպես զոհվածի ընտանիք, Ստեփանակերտում մեզ բնակարան է տրամադրվել։ Նորից սկսել ենք տուն ու տեղ դնել, փորձել վերստին ոտքի կանգնել, սակայն ընդամենն ապրել ենք մի քանի ամիս։ Ցավոք, ամեն ինչ կորցրինք և այսօր հայտնվել ենք դռնեդուռ․․․

2023-ի Արցախի հայաթափումը նորից կոտրեց մեզ։ Արցախահայությունը մի ցավով է տառապում՝ Արցախի կորստի ցավով։ Փորձում ենք հարմարվել իրականությանը, նոր միջավայրին։ Մեր ընտանիքից միայն ավագ որդիս է աշխատում։ Նա 19 տարեկան է։ Օրավարձով աշխատանքներ է իրականացնում շինարարական կազմակերպություններում։ Թեև ծանր աշխատանք է, սակայն ստիպված է կատարել։ Աղջիկս 18 տարեկան է, կրտսեր որդիս՝ 15։ Մեզ հետ է ապրում նաև ամուսնուս մայրը։ Այստեղ հաստատվելուց հետո աշխատանքի էի անցել Արտաշատի պահածոյացման գործարանում, սակայն հաստիքի կրճատման հետևանքով մնացի առանց աշխատանք։ Մավրիկի բացակայությունը շատ ենք զգում, սակայն սփոփվում ենք նրանով, որ նա Եռաբլուրում է, ու կարող ենք հաճախակի այցելել շիրմին։ Սիրտս կեղեքվում է, որ եղբորս, ինչպես նաև շատ-շատերի գերեզմանները մնացել են Արցախում,- չի կարողանում հուզմունքը զսպել Էմման։
Էմմա Քարամյանը, վերապրելով անցյալը, ասում է, որ միակ երազանքն Արցախ վերադարձն է և պապական հողը կրկին ազատ ու անկախ տեսնելը․ չէ՞ որ այդ հողի համար հազարավոր տղաներ են նահատակվել․․․



Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ