Ոչ ոք չի խոսում, թե ով է ապահովելու մեր քաղաքացիների անվտանգությունը նրանց ձերբակալման կամ առևանգման դեպքում. Իսկուհի Ավանեսյան
Գլխավոր » Լրահոս » Ոչ ոք չի խոսում, թե ով է ապահովելու մեր քաղաքացիների անվտանգությունը նրանց ձերբակալման կամ առևանգման դեպքում. Իսկուհի Ավանեսյան

Ոչ ոք չի խոսում, թե ով է ապահովելու մեր քաղաքացիների անվտանգությունը նրանց ձերբակալման կամ առևանգման դեպքում. Իսկուհի Ավանեսյան

Ադրբեջանական ապօրինի անցակետն հարգի ու անհարգի հատելը, դրա իրավական, քաղաքական ու անվտանգային հետևանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի մտավորականների ու հասարակության ակտիվ անդամների հետ։

Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնի ավագ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Իսկուհի Ավանեսյանը մեզ հետ զրույցում զարմանալի համարեց այն փաստը, որ մեր ներքին խոհանոցում քննարկվում է թշնամու անցակետից օգտվելու և չօգտվելու հարցը։

«Դժբախտաբար, այսօր հայտնվել ենք այնպիսի մի իրավիճակում, երբ ստիպված ենք մեր բոլոր հայտարարություններում հղում անել 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթին, որտեղ  առանձին կետով հստակ նշված է Բերձորի միջանցքի կարգավիճակը։ Այդ փաստաթղթում որևէ կերպ չի նշվում թշնամու անցակետի տեղադրման մասին», — ասել է Ի․ Ավանեսյանը։

Նրա կարծիքով անցակետի օգտագործումը իրենից ենթադրում է ոչ միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի մերժում, արժանապատվության հարց, այլև վտանգ` Արցախի Հանրապետության  120.000 քաղաքացիների կյանքի համար։

«Վերջերս ամենաբարձր մակարդակով տարբեր կառույցների հետ հանդիպումներ ու քննարկումներ են տեղի ունենում, արդյո՞ք ճիշտ է անցակետի օգտագործումը, թե՞ ոչ։ Այն մարդիկ, ովքեր մասնակցում են այդ հանդիպումներին, պարզվում է՝ նրանց մանրամասնորեն չեն բացատրվել այդ անցակետի օգտագործման վտանգները։ Հավանաբար նրանց չի ասվել, որ մեկ անգամ անցնելով այդ անցակետով՝ մենք մեր տվյալները թողնելու ենք ադրբեջանական հատուկ ծառայությունների մոտ, իսկ դա նշանակում է, որ մենք թիրախավորում ենք մեր քաղաքացիներին, և չի բացառվում, որ հաջորդ անգամ անցակետը հատելիս կհայտարարեն, որ մեր մուտքն արգելված է Արցախ, կամ որ մեզ հետախուզում են՝ Ադրբեջանում բանտարկեն և տանեն անհայտ ուղղությամբ»,- նշել է դասախոսը։

Ի․ Ավանեսյանի խոսքով՝ այդ հանդիպումների ժամանակ ոչ ոք չի խոսում, թե ով է ապահովելու այդ քաղաքացիների անվտանգությունը, նրանց ձերբակալման կամ առևանգման դեպքում ով է պատասխանատվություն կրելու։

«Ցանկացած քաղաքացի, ով գիտակցում է այդ վտանգները, պետք է խոսի այդ մարդկանց հետ ու ներկայացնի դրանք։ Ես համոզված եմ, որ այդ վտանգները գիտակցող որևէ քաղաքացի  չի համաձայնի թշնամու ապօրինի անցակետի գոյությանը»,-ասել է Ի․ Ավանեսյանը։

Նա հղում արեց ս․թ․ ապրիլ-մայիս ամիսներին կազմակերպվեծ «Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման կողմից իրականացված ստորագրահավաքին, որին մասնակցել է ավելի քան 60.000 քաղաքացի։

«Այդ ստորագրահավաքի հանրագրի մեջ առանձին կետով նշված է անցակետի ապամոնտաժման անհրաժեշտության մասին, որովհետև դա հանգեցնելու է Արցախի էթնիկ զտմանը։ 60.000 ստորագրողներ ոչ են ասել այդ անցակետին։ Ես չգիտեմ՝ որ ուժերն են շահագրգռված Ադրբեջանի հետ Արցախի ժողովրդին ինտեգրելուն,  ինչպե՞ս են վտանգելով 120 000 քաղաքացիների կյանքը՝ իրենք պատկերացնում այդ ամենը, ինչպե՞ս են տալու այդ 60 000 քաղաքացիների պատասխանը։ Այդ 60 000 քաղաքացիների ոչ-ը տալիս է այս քննարկումների վերջնական պատասխանը։ Բոլորը պետք է հասկանան, որ նման կերպ շարունակվելու դեպքում Արցախի հատկապես չափահաս տղամարդիկ հայտնվելու են ադրբեջանական բանտերում։ Եթե այս վտանգների մասին չենք խոսում, ուրեմն՝ ինքնակամ համաձայնում ենք ահաբեկչական Ադրբեջանի կողմից ցեղասպանվելու քաղաքականությանը»,- ընդգծել է Ի․ Ավանեսյանը։

Նա մատնանշեց նաև այն հանգամանքը, որ մինչև անցակետի տեղադրումը Արցախից հիվանդների տեղափոխումն իրականացվում էր Արցախում գործող միակ միջազգային կառույցի՝ Կարմիր խաչի կողմից, ինչն էլ խոսում էր այն մասին, թե ինչքան վտանգավոր է ստեղծված իրավիճակը մեր երկրամասում։

«Բնականաբար, եթե խոսքը վերաբերում է մարդու առողջությանը, պետք է կազմակերպվի նրա տեղափոխումը ՀՀ, բայց դա պետք է կազմակերպվի Կարմիր խաչի միջոցով, որն ընդունելի է։ Կարմիր խաչը պետք է դիտարկվի որպես միակ կառույց, որը պետք է կազմակերպի այդ աշխատանքները։ Մենք գիտենք, որ ռուս խաղաղապահների օգնությամբ ևս կազմակերպվում է հիվանդների տեղափոխում, որը մի քիչ անհասկանալի է, որովհետև խաղաղապահները այդպիսի մանդատ չունեն։ Ինչքանով տեղյակ ենք, այդ աշխատանքները համակարգվում և կազմակերպվում է պետական մակարդակով, որն անընդունելի է և անհասկանալի։  Այդ մոտեցումը կարող ենք դիտարկել որպես հայաթափման ծրագրի մի մաս»,-ասել է դասախոսը։

Անդրադառնալով քաղաքացիների կողմից խնջույքների, հարսանիքների մասնակցելու նպատակով անցակետը հատելուն՝ Ի․ Ավանեսյանը ցավով նշեց, որ նման մարդիկ պետականության պահպանումը փոխում են չիպս ուտելու հետ։

«Ցավով պետք է նշել, որ նման գիտակցումով, այդպիսի հոգեբանությամբ մարդիկ կան, ինչը մեզ համար անընդունելի է։ Մենք պետք է չմոռանանք  1990-ականների օրինակը, երբ 1988-1992թթ․ Արցախը գտնվում էր շրջափակման մեջ՝ կրելով բազմաթիվ զրկանքներ, սակայն կանգուն մնալով, որի արդյունքը եղավ պատերազմի հաղթական ավարտը։ Այսօր անհասկանալի են այն մարդկանց մոտեցումները, ովքեր պատրաստ չեն զրկանքներ կրելու հանուն պետականության պաշտպանության»,-եզրափակել է Իսկուհի Ավանեսյանը։

1