Ոչ միայն անհրաժեշտություն, այլ նաև պարտականություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Ոչ միայն անհրաժեշտություն, այլ նաև պարտականություն

Ոչ միայն անհրաժեշտություն, այլ նաև պարտականություն

Ոչ մի իշխանություն իրավունք չունի  «խաղաղության» պատրվակով  Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:

ԱՀ Ազգային ժողովի հայտարարություն

14 ապրիլի, 2022թ.

Նախորդ օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի «հատուկ» հանձնարարականներ կատարող դեսպանի՝ Ստեփանակերտի շուկայում անփառունակ արկածներ ունեցած Էդմոն Մարուքյանի շուրթերով ոչ պաշտոնական թարգմանությամբ ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգի 5 կետերին ի պատասխան տրված 6 կետանոց անբովանդակությունը: Վերոնշյալ բացահայտմամբ պարզվեց, որ ըստ էության՝ հայկական կողմից որևէ պահանջ չի ներկայացվում Ադրբեջանին, բացի երրորդ կետից, որտեղ անդրադառնալով Արցախի հիմնահարցին՝ նշվում է.

«Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։

Պարզվում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտի և Արցախի բոլոր քաղաքական ուժերի և իշխանության ու հասարակական շրջանակների մտահոգությունները տեղին են եղել դեռ սրանից մեկ ամիս առաջ, որտեղ զգուշացրել և պահանջել են, որ Հայաստանի իշխանությունները հարգեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բավականին երկար ժամանակ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները հարցադրման միջոցով հորդորում էին ՀՀ իշխանություններին արտաբերել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը, սակայն ամեն անգամ խուսափողական պատասխաններ էին տրվում: Իսկ ահա «նախկիններից էլ նախկին» պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, որը համարվում է ՔՊ գաղափարական «ծանրակշիռ» տեսաբան, համարձակվում է ասել՝ «ճիշտ չի եղել այն գաղափարը, թե Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի»:

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը ազգային համախմբման և ազգի գոյաբանական փիլիսոփայության մեջ ստեղծել են արժեքներ, որոնք պետք է առաջնորդող փարոսը դառնան ոչ միայն մեր օրերի, այլ նաև ապագա սերունդների համար: Այդ առումով Հայաստանում տարվող քաղաքականությունը, ինչպես նշվում է  Արցախի բոլոր քաղաքական ուժերի տեսակետն արտահայտող հայտարարության մեջ, աղետաբեր է: Իսկ աղետի դեմ պայքարը ոչ միայն անհրաժեշտություն է, այլ նաև պարտականություն: Դիմադրության շարժումն այսօր ստանձնել է այդ ազգային պարտքի կատարումը, և յուրաքանչյուր մասնակից իր լուման է ներդնում իր հայրենիքի բարօրության ու ապագա սերունդների հայրենի երկրում բարգավաճ և անվտանգ ապագա ապահովելու համար:

Միայն՝ առ ի հիշեցում: Հաճախ հակադաշնակցական քարոզչության լծվածները   արծարծում են 1992թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահանջով ՀՅԴ-ի կողմից կազմակերպած ցույցերը՝ որպես ծանր օրերին ներքաղաքական անդորրի խաթարման փորձեր: Արժե արձանագրել, որ հենց այդ ցույցերի շնորհիվ ՀՀ Գերագույն խորհուրդը 1992թ. հուլիսի 8-ին ընդունեց որոշում, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում, իսկ նույն թվականի հոկտեմբերին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Մանուկյանը: Այժմ արդեն անհերքելի է, որ վերը նշված իրողություններն անկյունադարձային նշանակություն ունեցան Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի գործում:

«Ապառաժ»-ի խմբագրական

17 մայիսի, 2022թ.

1