Ուզում եմ Արցախը գունավոր ներկայացնել, մյուսներն էլ թող այդպես հիշեն
Գլխավոր » Լրահոս » Ուզում եմ Արցախը գունավոր ներկայացնել, մյուսներն էլ թող այդպես հիշեն

Ուզում եմ Արցախը գունավոր ներկայացնել, մյուսներն էլ թող այդպես հիշեն

Արցախը ճանաչելն առաջին հերթին արցախցիներին է պետք: Շատերը կարծում են, թե Ղարաբաղը Ստեփանակերտն է, ևս հինգ-վեց բնակավայր, մի քանի եկեղեցի ու վերջ: «Ապառաժ»-ի հետ զրույցում ասում է լուսանկարիչ Սևակ Ասրյանը: Արցախի օկուպացված տարածքներում արված նրա լուսանկարները ցուցադրվելու են 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցին նվիրված «Հիշողության ուժը» ցուցահանդեսին:

Իր գործունեության ընթացքում ցուցահանդես կազմակերպելու շատ առաջարկներ է ստացել Սևակը, բայց չի սիրում, որ շեշտը դնում են վաճառքի, Երևանում կամ այլ վայրերում ցուցահանդես կազմակերպելու վրա. «Դա չի նշանակում, թե դեմ եմ վաճառքին։ Բոլորն էլ գիտեն, որ եթե իմ նկարները վաճառում եմ, ապա թանկ եմ վաճառում: Արցախի անվան տակ նկարներ եմ դնում, ու մի քիչ դավաճանություն կլիներ, որ առաջին ցուցահանդեսն անեի ուրիշ տեղ: Ու արդեն որոշել էի ցուցահանդեսն ինքս իմ ուժերով անել»: Հետո Հակոբավանքի վերականգնման նախագծով սկսեցի համագործակցել «ՌեԱրմենիա» հարթակի հետ, որտեղ էլ առաջարկում են կազմակերպել ցուցահանդես: «Սկսեցի մտածել ձևաչափի մասին: Կամաց-կամաց հավաքեցի արված լուսանկարները, մտածեցի խորագրի մասին, սկզբում «Կորսված հույս» էի ուզում անվանել, բայց ընկերներիցս մեկը համոզեց, որ ուրիշ բան մտածենք: «Հիշողության ուժը» դուրները եկավ»,- նշում է նա:

Պետք է ընտրվեր 44 նկար: Տարիներ շարունակ Արցախի տարբեր վայրերը լուսանկարչական օբյեկտիվում անմահացրած Սևակը մեծ արխիվ ունի, և այդ պատճառով շատ դժվար էր ընտրություն կատարելը. «Սկզբից մոտ 500 նկար ընտրել, հետո՝ 200, այնուհետև՝ 120, դրանից հետո տվել եմ կազմակերպիչներին՝ ասելով այլևս չեմ կարողանում, դուք ընտրեք»:

«Իմ նկարներում, ցուցահանդեսում մարդ, արյուն, պատերազմ չեք տեսնելու: Ես ուզում եմ Արցախը գունավոր ներկայացնել, մյուսներն էլ թող այդպես հիշեն: Մեր կորցրած տարածքները սև չպիտի հիշվեն, ատում եմ, երբ Ղարաբաղը սև-սպիտակ եմ տեսնում: Ուրախ կլինեմ, որ անծանոթ մարդը, տեսնելով այս լուսանկարները, ցանկանա լինել այդ վայրերում: Մարդ կարող է տխրել, հուզվել, հիասթափվել լուսանկարները դիտելով, բայց դրանք լուսավոր պետք է լինեն»,- ասում է Սևակը:

Լուսանկարելու սերը նա հորից է ժառանգել, սակայն լուսանկարչությունը նա ոչ թե մասնագիտություն է համարում, այլ հոգու ցանկություն:

«Առաջին ուսուցիչս հայրս էր, նա խորհրդային «Зени́т-Е» (Զենիթ Ե) ֆոտոապարատ ուներ: Ինքն էլ էր սիրում նկարել, բայց ընտանեկան տարբեր առիթների: Ես էլ սկսեցի հետաքրքրվել, և հայրս նրբությունները բացատրեց: Հետս տանում էի դպրոց, ընկերներիս, ընտանիքիս նկարում, մեկ-մեկ էլ բնության տեսարաններ, կենդանիներ»,- պատմում է Սևակը:

Հետո սկսվեց Արցախյան շարժումը, պատերազմը: 17 տարեկանում կամավորագրվեց պաշտպանության ուժերի շարքերում, հակաօդային պաշտպանությունում էր ծառայում, հետը պատերազմ տարավ նաև լուսանկարչական ապարատը. «Անընդհատ նկարում էի, բայց չէի տպում: Այնպես ստացվեց, որ այդ ժապավեններից ոչ մեկը չունեմ, այն ժամանակ մի քիչ միամիտ էի, տալիս էի մարդկանց, որ իրենց նկարները հանեն, ու մնում էր իրենց մոտ: Վերջերս տղաներից մեկն ասաց, որ ժապավեններից մեկն իր մոտ է»: Հիմա էլ առաջին պատերազմի նկարներ տեսնելիս մեկ-մեկ կասկածում է, որ հնարավոր է՝ իր արած լուսանկարները լինեն: Դրանից հետո երկար տարիներ չի զբաղվել սիրած գործով: Ասում է՝ «ուրիշ խնդիրներ, ուրիշ ծառայություն»:

2012թ. ծառայությունից դուրս գալուց հետո Ուկրաինայի Օդեսա քաղաքն է այցելել: «Ամառային շրջան չէր, ողջ օրը պարապ էի, Օդեսայով էի շրջում ու որոշեցի մի ֆոտոխցիկ վերցնել: Սկսեցի նկարել, սովորել, ինչ-որ կայքերում էի դնում նկարածներս, ջղայնանում, որ շատ լայքեր հավաքում կամ քննադատական խոսքեր էին գրում: Որոշեցի մի քիչ խորանալ: Տարբեր տեսահոլովակներ նայելով՝ կամաց-կամաց սկսել եմ սովորել ու մինչև հիմա ամեն օր նոր բան եմ սովորում: Սովորեցի ու չգիտեմ՝ ինչպես ստացվեց, սակայն մինչև հիմա ինձ լուսանկարիչ չեմ համարում»,- ասում է նա:

«Լեռնային» մականունն էլ կապված է երիտասարդական դաշտում իր գործունեության հետ: 1996թ. հիմնադրեց Արցախում առաջին  հասարակական կազմակերպությունը՝ «Արցախի երիտասարդների միություն»-ը: «Այն ժամանակ համագործակցում էի երևանյան որոշ ՀԿ-ների, այդ թվում՝ հայ-շվեցարական «Առագաստ» կոչվող ակումբի հետ: Երևանում այդ ակումբում միշտ ասում էին «նագորնի բրատը եկավ»: Ու այդպես մականունս մնաց «նագորնի բրատ»: Սկզբում նկարներս, գրածներս չէի դնում, բարդույթավորված էի այդ հարցերում և «Սերգեյ Նագորնի» անուն-ազգանունով էի ներկայանում: Ֆեյսբուքում էլ երկար ժամանակ այդ անունով էի: Մի անգամ տեսա, որ այդ անուն-ազգանունով շատ մարդիկ կան, որից հետո «նագորնին» փոխեցի «լեռնայինի», այդպես էլ մնաց մականունս: Ինձ համար էլ է այդ անունը հաճելի ու կապված է Լեռնային Ղարաբաղի հետ»,- պատմում է Սևակը:

Մարդկանց չի սիրում նկարել, կամ եթե լուսանկարում է, ապա որպես բնության մասնիկ: Արցախի բոլոր ծայրերում եղել է, բայց մի քանի կետ առանձնահատուկ էր սիրում. այնտեղ հանգստանում էր, կտրվում առօրյայից: Դրանցից Վանքասարը մնացել է ադրբեջանական կողմում, մյուս նախընտրած վայրերը՝ Հակոբավանքը և Մեյդանը, այժմ էլ պարբերաբար այցելում է:

«Մեյդանի ճանապարհը բարեկարգել են, բայց ես ուրախ չեմ դրա համար, որովհետև այցելուներն այդ տեղը աղբանոցի են վերածել, նույնը՝ Այգեստանի ջրվեժի դեպքում: Շատ սիրուն վայրերի տեղ գիտեմ, որոնց մասին չեմ պատմում, որովհետև գիտեմ՝ մարդիկ անտառը կտրելու են, ճանապարհ բացեն, վերջում տեսնենք շշեր, պլաստիկե տոպրակներ: Մինչև դա չփոխենք մեր մեջ, մինչև չհասկանանք, որ ճանապարհին չպիտի աղբ շպրտես, ոչինչ չի փոխվի»,- կարծում է Սևակը:

Սևակը ցուցադրում է Վանքասարի լուսանկարները, որոնք արել է տարբեր եղանակային պայմաններում, հետո հատուկ ռակուրսից արված Կանաչ ժամը. «Կյանքում չէի մտածի, որ Կանաչ ժամի այս լուսանկարը այսքան թանկ կլինի՝ ոչ նյութական առումով: Կավաքավանքի այս նկարն էլ ոչ ոք չի նկարելու, որովհետև վերջին պատերազմի ժամանակ կիսավեր շենքը լրիվությամբ քանդվել է: Լուսանկարն արվել է օգոստոսի վերջին»:

«Բնությունն ամեն վայրկյան փոխվում է: Շատ դեպքեր են եղել, որ պատրաստվում էինք մի քանի օրով գնալ որևէ տեղ, հասնում էինք գագաթին, մառախուղ էր պատում, կամ անձրև էր սկսվում: Օրինակ՝ մեծ դժվարությամբ բարձրացել եմ Կատարո, գիշերը անքուն մնացել, անընդհատ արթնանում էի ու ստուգում՝ արդյո՞ք երկինքը բացվել է: Արդյունքում ընդամենը մի կադր եմ արել: Այդ պատճառով յուրաքանչյուր նկար ինձ համար թանկարժեք է»,- ասում  է նա:

Նրա խոսքով՝ վատ բնավորություն ունենք, մեզ թվում է, թե միայն մենք ունենք այսպիսի բնություն, «փոքրիկ Շվեյցարիա» ենք անվանում Արցախը: Շահեն Մկրտչյանի «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքում 1000-ից ավելի կոթողներ կան նշված, շատերը 4-5-ը գիտեն կամ ամեն մեկը իր գյուղի եկեղեցու մասին: Այս փաստից վատ եմ զգում: Մենք այնքան ենք մեզ թերագնահատում, որ հազարավոր տարվա եկեղեցիները թողած այստեղ-այնտեղ խաչ ենք տնկում: 4-րդ դարի եկեղեցիների կողքին երկաթի կտոր ենք դնում ու ասում՝ մենք քրիստոնյա ենք:

Ի տարբերություն առաջին պատերազմի՝ 44-օրյայի ժամանակ քիչ է նկարել. հիմնականում իր մեքենայով լրագրողների էր տեղափոխում կամ ինչ-որ ապրանքներ տեղ հասցնում. «Մարտունի քաղաքում հոկտեմբերի մեկի դեպքերի ժամանակ եմ նկարներ արել, երբ լրագրողների խմբի վրա հարվածեցին: Ռմբակոծված քաղաքն էլ եմ նկարել, բայց դրանք ոչ մեկին ցույց չեմ տալիս, որովհետև ինձ համար ծանր հիշողություն է: Ավելի շատ աշխատել եմ որոշ լուսանկարիչների հետ, հետևել նրանց աշխատանքներին»:

Բնավորությամբ անհանգիստ, անընդհատ պրպտող Սևակը ծանոթների բնութագրմամբ՝ անհույս լավատես է. «Մարդիկ հիմա խոսում են ամեն ինչ կորցնելու մասին: Ասում եմ՝ մենք 70 տարի Ադրբեջանի կազմում ամեն ինչ կորցրած էինք: Եկեղեցիներն ավերում էին, օգտագործում որպես ոչխար պահելու տեղ կամ քարերը քանդում ճանապարհ էին սարքում: 70 տարի հետո որոշել ենք միանալ ՀՀ-ին, փորձել ենք անկախանալ ու 30 տարի օգտվել ենք մեկը՝ ֆինանսական, մյուսը՝ հոգեկան առումով: Անկախ հանրապետությունում ծնված և մեծացածների համար երևի ավելի դժվար է, քան թե ինձ համար, որովհետև ես խորհրդային ժամանակներում էլ եմ ապրել: Այն ժամանակ երիտասարդ էինք ու կյանք, առողջություն ենք տվել, որ այս պահին հասնենք: Եվ միանգամից այսպիսի վիճակ: Իհարկե, ավելի հեշտ է նստել և սուգ անել»:

Պատերազմից հետո Սևակ Ասրյանին ոգեշնչում են մարդիկ: «Արցախի ամենամեծ հարստությունը ժողովուրդն է: Ինձ հարազատ մարդկանց մեծամասնությունն այստեղ է ապրում: Հինգ տարեկան երեխային դրսում տեսնելով՝ մտածում եմ, որ հենց նրա համար պիտի այստեղ մնամ: Այնքան ընկերներ ունեմ, որ վերջին երկու տարվա ընթացքում երեխաներ են ունեցել: Հայրենիքը հնարավոր չէ հեռվից սիրել: Հայերս էլ սիրում ենք հասնել Կրասնոդար, Երևան ու գրել՝ «վայ Արցա՜խս, հայրենի՜քս»: Մարդիկ հիմա շատ են քննարկում Ռուբեն Վարդանյանին: Ինձ համար էական չէ՝ ինքն ով է, ինչի համար է այստեղ եկել, բայց փաստն այն է, որ քաղաքով քայլելիս ես նրան կարող եմ հանդիպել, իսկ հայրենասիրություն քարոզող շատերին՝ ոչ: Շատ բան կա ինձ այստեղ պահող: Բայց,ցավոք, չեմ կարող ասել, թե այստեղ ավելի լավ է, քան այլ տեղ: Պատրաստ եմ ամեն տեղ գնալու, բայց մի տասը օր մնալ, հետո վերադառնալ: Այստեղ իմ ընկերությունն է, իմ շրջապատը: Ես բոլորի հետ էլ հեշտ եմ լեզու գտնում, սա է իմը»:

Ըստ նրա՝ պատերազմը հիմա էլ շարունակվում է, ուղղակի այլ մակարդակում: «Ընկերոջս զոհվելուց հետո՝ նոյեմբերի 10-ին, ստատուս եմ գրել, որ պատերազմը դեռ շարունակվում է: Այս չեզոք կարգավիճակը ոչ մեկին դուր չի գալիս, կամ այսպես կկտրվի, կամ այնպես: Ես հույս ունեմ, որ մեր օգտին է լինելու, որովհետև դա պատմականորեն արդար է: Չգիտեմ ինչու այդպես եմ մտածում: Թուրքերն էլ են շատ լավ հասկանում, որ պատերազմը չի ավարտվել: Շուշիում մինչև հիմա մարդ չի ապրում: Որոշ ժամանակ առաջ մի նկար էր տարածվել, որտեղ հայ զինվորը հայկական դրոշի տակ վերևից Շուշիին է նայում:  Ադրբեջանցիները խենթացել էին, ասում էին բա ասում եք Շուշին անվտանգ է: Այդ նկարը հայաստանյան մեդիայում այնքան չի տարածվել, ինչքան ադրբեջանականում: Ես հույս ունեմ, որ սա վերջը չէ: Չգիտեմ ինչու հուսով եմ, որ լավ է լինելու»,- ասում է Սևակը ու թերթում Արցախի աստղաշատ երկնքի պատկերներով լուսանկարչական ալբոմը:

Տաթևիկ Աղաջանյան

Լուսանկարները՝ Սևակ Ասրյանի ֆեյսբուքյան էջից

1