Ուսուցչի տոնը՝ առանց հարազատ կրթօջախների
Գլխավոր » Գաղափարական » Ուսուցչի տոնը՝ առանց հարազատ կրթօջախների

Ուսուցչի տոնը՝ առանց հարազատ կրթօջախների

Այսօր նշվում է ուսուցչի տոնը, տոն, որը մեկ անգամ եւս առիթ է արժեւորելու եւ գնահատելու այն կարեւոր դերն ու նշանակությունը, որին նվիրված են կրթության մշակները, սերունդներ կրթելու եւ դաստիարակելու բարդ ու պատասխանատու առաքելության նվիրյալները։ Արցախում այն մեծ սիրով էին նշում, վաստակաշատ ուսուցիչների անգնահատելի ավանդը արժեւորում։ Ցավոք, մեկ տարի է Արցախի դպրոցներում զանգը չի հնչում, աշակերտները հարազատ կրթօջախներից հեռու են փնտրում իրենց սիրելի դպրոցն ու ուսուցչին։ Տեղահանությունից հետո Արցախի մանկավարժներից շատերն իրենց առաքելությունը շարունակում են Հայաստանի տարբեր մարզերում, շարունակում են կրթել՝ կարոտը սրտներում։ Նրանց բոլորի փափագը մեկն է՝ ապրել եւ արարել սեփական երկրում՝ հավատարիմ անցյալի հարուստ ժառանգությանը։

Անուրանալի է ուսուցիչների դերը Արցախյան ազատագրական պայքարում, Արցախյան բոլոր պատերազմներում նրանք իրենց գործով նվիրվեցին Հայրենիքին, սեփական օրինակով՝ դաստիարակելով սերունդներ։

Հայրենասիրություն, նվիրում․․․ սրանք այն արժեքներն են, որոնցով առաջնորդվելով նրանք կրթել են Հայրենիքին նվիրյալ զավակներ, դաստիարակել հայրենասեր հայորդիներ՝ պատրաստ հերոսության ու անձնազոհության։

Շարունակեք այն կարեւոր առաքելությունը, որը ստանձնել եք, սիրելի՛ ուսուցիչներ, շարունակեք կրթել ազգին եւ հայրենիքին նվիրված սերունդներ։

1