Ուշքս ու միտքս մեր գյուղում է

«Երեխայի նման ամեն չնչին երևույթից ուրախանում ու նորից տխրում ենք: Ուրախանում ենք, որ խանութներում սնունդ կա, տխրում ենք, որ լույսը հանգչում է, հետո ուրախանում ենք, որ միացնում են»,- այսպես է ստեփանակերտյան իր առօրյան նկարագրում Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչ Կամո Իսաբաբյանը։ Ասում է՝ 2020թ. պատերազմի օրերին երկու օրից հետ գնալու պայմանով դուրս է եկել հայրենի գյուղից և այժմ 2 տարի 6 ամիս է՝ գնում ու տեղ չի հասնում:
«Ամենաշատը 3 ժամ եմ քնում, ուշքս ու միտքս մեր գյուղում է։ Հաճախ ենք այստեղ ապրող ակնաղբյուրցիներով հավաքվում Սարուշենից դեպի աջ՝ «Բարի գալուստ Ակնաղբյուր» ցուցանակի մոտ տեղադրված խաչքարի մոտ, ծաղիկներ դնում, գյուղին նայում։ Չենք հարմարվում այս իրավիճակին»,- ասում է նա։ Երկհարկանի ընդարձակ տները թողած՝ հիմա 12 քառ մետրի վրա են ապրում։ Հյուրեր ունենալու դեպքում միջանցքի սեղանի շուրջ են նստում, զրուցում։ «Ով ինչ ուզում՝ անում է. ոչ դատ կա, ոչ դատաստան։ Տեղին է հիշել մեծն Սիամանթոյի խոսքերը, ով դառնորեն կսկիծով գրել է՝ ով մարդկային արդարություն, թող ես թքեմ քո ճակատին»,- կիսվում է մեր զրուցակիցը, ով, չնայած այս ամենին, հուսով է, որ իրավիճակը կկարգավորվի՝ հանուն Արցախի բարեկեցության, հանուն նոր սերնդի ապագայի:
Համագյուղացիների ճնշող մեծամասնությունը Ստեփանակերտում են բնակվում, մի մասն էլ՝ Արցախի, Հայաստանի այլ բնակավայրերում: «Գյուղապետարան չունենք ոչ այստեղ, ոչ Ասկերանում, բայց երբ առիթ է լինում, հիմնականում՝ տխուր, բոլորը հավաքվում են։ Ցրված են Արցախով մեկ: Տեղահանվածների կարգավիճակը սա է։ Բայց օր չկա, որ մի քանի գյուղացու չհանդիպեմ։ Մի դառը ճշմարտություն կա՝ տառապում ենք կարոտախտով, կարոտում ենք գյուղը, բայց չենք կարողանում հասնել. այսքան մոտիկ ու այսքան հեռու»,- պատմում է Կամոն։
Ակնաղբյուրցիների համար Քռասնի գյուղի մոտ եռահարկ շենքեր էին կառուցվում, սակայն շրջափակման ժամանակ շինարարություն չի ընթանում և տները կիսակառույց վիճակում են. «Բայցևայնպես, ինչ-որ հեռանկար կա, որ գնալու ենք մեր օջախները: Միջազգային դատարանը պիտի ճիշտ որոշում կայացնի, ընկալի իրավիճակը, բռնապետին իր արժանի պատիժը տա, իսկ բռնազավթված հողերը վերադարձնեն իրենց տերերին: Ինչպե՞ս կարող է մարդ իր ողջ ունեցած-չունեցածը թողնել ու հեռանալ։ Ես ինձ ոչ մի պարագայում պարտված չեմ զգում, մեր չափաբաժինն անցած պատերազմում արել ենք, իսկ սա ուրիշ խաղ էր, ուրիշ պատերազմ»: Նրա խոսքով՝ Արցախյան պատերազմներում ընկածների թափած արյունը իզուր չի եղել, ապրողները պիտի նրանց հիշատակը վառ պահեն՝ մնալով Արցախում։ «Սա ուրիշ, աստվածային երկիր է։ Խորհրդային Միության 80%-ը շրջել եմ, ոչ մի տեղ այսպիսի բնաշխարհ, այսպիսի մարդկային վերաբերմունք չեմ տեսել»:
Կամո Իսաբաբյանն աշխատում է Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում՝ որպես տնտեսվար։ Աշխատասենյակը վեր է ածել սիրած զբաղմունքի՝ դրամների ու քարերի հավաքածուների հավաքագրման վայրի։ Տարիների հավաքածուն մնացել է Ակնաղբյուրում: «74 երկրների 485 մետաղադրամներ ու 131 հատ թղթադրամ ունեի: Հասկանալի պատճառներով ամենաշատը ռուսական տարբեր դարաշրջանների դրամներն էին: Ամենահինը հունական հին արծաթե մետաղադրամն է, որը ծանոթ սակրավորներից մեկն էր ականներ որոնելու ժամանակ գտել ու հանձնել ինձ: Ոչ թիվ կար վրան, ոչ տառ, նախշազարդ էր: Ամենայուրահատուկը Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության 25 մլն-ոց թղթադրամն է, որն ազգականներիցս մեկն է նվիրել»,- ասում է նա։

2020թ. նոյեմբեր ամսից սկսել է նոր հավաքածու հայթայթել. «9-11-րդ դարերում արաբական պղնձե դրամները շրջանառության մեջ էին նաև Կովկասում, ծանր փող էր, ամենաքիչ 50-60 գրամ ու մանրելիս կտրում էին մի մասնիկը և տալիս: Փառք Աստծո, այդ փողից այստեղ էլ ունեմ: Այժմ 54 պետության 275 հատ մետաղադրամ և 54 հատ թղթադրամ ունեմ: Ամենահինը 1890թ. մեկ ռուբլիանոցն է»:
2002 թվականից սկսել է նաև տարբեր տեսակի ու երանգի քարեր հավաքել, գյուղում 1000-ից ավելի քար ուներ, հիմա 700-ից ավել ունի՝ ՀՀ-ից և Արցախի տարբեր շրջաններից:
Նրա խոսքով՝ ամեն քար իր յուրահատկությունն ու գեղեցկությունն ունի: Քանի որ օրեցօր ավելացող նմուշների համար տեղ չկա, մտադիր է որևէ թանգարանի նվիրել հավաքածուները։
Տաթևիկ Աղաջանյան