Ուղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը
«Ուղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը… 1992-ի հունվարի 26-ին գյուղի ինքնապաշտպանությունը ղեկավարում էր մասնագիտությամբ վարորդ Վաղարշակ Առուշանյանը, իսկ հակառակորդի գործողություններն անձամբ համակարգում էր Ադրբեջանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Թաջջեդին Մեհթիևը»,- Facebook-ի իր էջում գրել է Արցախի Զինված ուժերի գնդապետ, ՊԲ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը:
«Մարտական գործողությունների արդյունքում ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ հարձակման անցած հակառակորդը տալով 90-ից ավելի զոհ, հետ շպրտվեց ելման դիրքեր: Հայկական կողմը տվեց 22 զոհ, որից 3-ը՝ կին … Գյուղը մնաց անառիկ։
Քարին տակի հերոսամարտից մոտ 28 տարի անց գյուղի պաշտպանության համար տեղի ունեցավ հերթական առճակատումը: Հայկական կողմի պաշտպանությունը համակարգում էին ակադեմիական որակավորմամբ հրամանատարներ, իսկ թշնամական ուժերի գործողությունները՝ ադրբեջանաթուրքական գլխավոր շտաբերի բարձրաստիճան պատասխանատուներ…
Բավականին անհասկանալի պայմաններում 2020թ. նոյեմբերի 4-ին ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ ամուր պաշտպանված Քարին տակն ընկավ…
Հ.Գ.- 30 տարի առաջ Քարին տակի համար տեղի ունեցած պաշտպանական մարտում հերոսաբար մարտիրոսվեց Վաղարշակ Առուշանյանը, իսկ դրանից 28 տարի անց՝ նրա որդին՝ Մխիթար Առուշանյանը…
Փառավորելով ընկածներին՝ շարունակենք հավատարիմ մնալ մեր հայրենապահպանության գաղափարին…»։