«ՈւԱԶ»-ը՝ ռազմական բախման պատճա՞ռ
Առաջին հայացքից գուցե թե արտառոց է հնչում հարցը։ Մանավանդ, այլազգի որոշ վերլուծաբաններ ակնհայտ քմծիծաղով են հիշատակում հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշ-Թովուզ հատվածում վերջերս տեղի ունեցած խոշոր ռազմական բախման, իրենց իսկ արտահայտությամբ՝ այդ անհեթեթ դրդապատճառը։ Նրանց համոզմամբ՝ ադրբեջանական զինուժին պատկանող այդ, ըստ էության՝ անվտանգ մարդատար ավտոմեքենան, որ կամա թե ակամա, մոլորված, թե դիտավորյալ մտել էր հակադիր զորքերի միջեւ առկա չոզոք գոտին՝ մոտենալով հայկական դիրքերին, իրականում հազիվ թե բուռն մարտական գործողությունների հիմնապատճառ ծառայեր։ Մինչդեռ, ասում են նրանք, բախումների իրական դրդապատճառը շատ ավելի մեծ է, քան սովորական ավտոմեքենան կարող է լինել, եւ նույնքան հին ու խորն է, որքան որ ադրբեջանա-արցախյան հակամարտությունն է։
Անշուշտ, որոշակի ակնհայտ ճշմարտություն կա այդ տեսակետում։ Սակայն, համաձայնենք, ամբողջական ու լիարժեք չէ այդ ճշմարտությունը։ Այն ունի բազմաթիվ այլ գումարելիներ, որոնց համապատկերում արցախյան գործոնը, էական մնալով հանդերձ, ըստ իս, այս պարագայում այնքան էլ առաջնային չէր։ Հայկական Արցախն ահավասիկ շուրջ երեք տասնամյակ է, ինչ լուծել է իր հիմնախնդիրը՝ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ տարանջատվելով ԱդրԽՍՀ-ից, հռչակելով իր պետական անկախությունը։ Երկրորդ հայկական պետությունը հաղթական քննություն է բռնել գրեթե համաժամանակ անկախացած Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, վերականգնել ու զարգացրել պատերազմից մեծապես տուժած իր տնտեսությունը, ստեղծել մարտունակ բանակ, որը հուսալիորեն պաշտպանում է երկրի սահմանները։ Իր այդ առաջընթացում նա, ինչ խոսք, միայնակ չէ՝ մշտապես զգալով Մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության համակողմանի աջակցությունը։ Այնպես որ, ներկա պարագայում խնդիրն Արցախը չէ կամ, ավելի ճիշտ, ոչ միայն Արցախն է։ Խնդիրն այն վտանգահարույց մարտահրավերների մեջ է, որ բխում են Ադրբեջանից եւ Թուրքիայից՝ ուղղված լինելով վերակերտված անկախ հայկական զուգապետությանը եւ, ընդհանուր առմամբ, հայ ժողովրդի գոյությանը։ Այո, այն մահացու վտանգը, որ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնում էր ավելի քան մեկ դար առաջ, այսօր եւս հրատապ օրակարգային խնդիր է այդ երկու պետությունների համար գլխավոր խոչընդոտ Անկարա-Բաքու տանդեմի պանթուրքական նկրտումների իրագործման ճանապարհին։
Այնպես որ, կարծում եմ, զարմանալի ոչինչ չկա, որ հուլիսի 12-ին սկիզբ առած եւ ընդամենը մի քանի օր տեւած ռազմական գործողությունների թատերաբեմը ոչ թե Արցախն էր, որի սահմաններում տասնամյակներ ի վեր պարբերաբար տեղի են ունենում հակամարտ զորքերի փոքր, թե խոշոր բախումները, իսկ տարբեր զինատեսակներից հրաձգությունները գրեթե դադար չունեն, այլ Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածը։ Իհարկե, այդտեղ նույնպես երբեք հանգիստ չի եղել, քանզի ադրբեջանական զորքերը, հիմնականում դիրքավորված լինելով ռազմավարական առումով համեմատաբար շահավետ բարձունքներում, վերահսկողության տակ էին պահում դիմացի հայկական գյուղերը՝ պարբերաբար գնդակոծության ենթարկելով ոչ միայն հայ դիրքապահների հենակետերը, այլեւ բուն բնակավայրերն ու դաշտերում եւ այգիներում աշխատող խաղաղ բնակիչներին։
Ի միջի այլոց նշեմ, որ ներկայիս ադրբեջանական Թովուզի շրջանը պատմականորեն հայոց Տավուշի մի մասն էր, վաղեմի հայկական բնօրրան։ Անցյալ դարի 20-ականներին՝ ստալինյան վարչական սահմանազատման ժամանակ, կամայականորեն Հայկական ԽՍՀ-ից զատվել ու բռնակցվել էր ԱդրԽՍՀ-ին՝ ինչպես որ Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը։ Իսկ շրջանի վերջին հայկական գյուղերը, ինչպես որ Ադրբեջանի մյուս բոլոր հայկական բնակավայրերը, հայաթափվել, բռնատեղահանվել են 1988 թվականի միեւնույն օրը՝ նոյեմբերի 21-ին։
Բայց վերադառնանք միջպետական սահմանի այդ հատվածում մարտական գործողությունների առիթ, պատճառ, կայծ, թե խայծ ծառայած ադրբեջանական զինուժի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի պատմությանը։ Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «ՈւԱԶ»-ով այսպես կոչված գրոհն այնքան անտրամաբանական էր, որ հայ դիրքապահները ենթադրել են, թե ադրբեջանական զինծառայողները գուցե մոլորվել են եւ, նախ կոչ են արել նրանց լքել տարածքը։ «Թողնելով ավտոմեքենան` Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաեւ մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»,- հայտնել է նա:
Բայց պարզվում է, որ այդ «ՈՒԱԶ»-ն այնքան էլ սովորական ու շարքային ավտոմեքենա չէր եւ, այնուամենայնիվ, էական դերակատարություն է ունեցել հակադիր զորքերի բախման մեկնարկում։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այդ իրողությունը հաստատում է ոչ այլ ոք, քան փոքր ի շատե ընդդիմադիր կեցվածքի ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ freeazerbaijan.info էլեկտրոնային լրատվական կայքը՝ հուլիսի 18-ի «Չարաբաստիկ ՈՒԱԶ-իկը» վերնագրով իր հրապարակման մեջ։ Ուշագրավ է, որ Բաքվի մյուս բոլոր լրատվամիջոցները, մանավանդ, իշխանամետ լրատվական-վերլուծական գործակալությունները համառորեն լռում էին այդ մասին, թեկուզեւ չի բացառվում, որ նույնպես քաջատեղյակ են իրողությանը եւ բավարարվում են հայկական կողմին ծաղրելով, թե ադրբեջանական բանակը հայկական տարածք ներխուժելու արդիական զինատեսակներ ունի, այլ ոչ թե ինչ-որ խեղճ ու կրակ «ՈՒԱԶ»-իկ։ Համաձայնենք, որ Ադրբեջանը, իրոք, սպառազինության առումով հավասարը չունի հարավ-կովկասյան տարածաշրջանում։ Ինչ խոսք, քանի դեռ չեն սպառվել ադրբեջանական նավթի ու գազի պաշարները, նավթադոլարներն առայժմ նման հնարավորություն տալիս են Բաքվին։ Բայց ահա, այդ աստիճան սպառազեն լինելով հանդերձ, նրա զինված ուժերն այդպես էլ չեն կայացել որպես մարտունակ բանակ եւ այդ առումով զգալիորեն զիջում են Հայոց բանակին: Այո, նաեւ Արցախի Պաշտպանության բանակին։
Եվ ահա freeazerbaijan.info-ի հաղորդմամբ. «Այդ չարաբաստիկ ՈՒԱԶ-իկի մեջ, որը հուլիսի 12-ին, ժամը 12.30-ին անթույլատրելի մոտեցել էր հայկական ուժերի շփման գծին, չգիտես ինչու գտնվում էին փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի ամբողջ առաջնագծի ամրակառույցներին, կորպուսի տեղակայմանն ու անձնակազմի մարտական թվաքանակին, սպառազինության քանակին եւ տեղակայմանը՝ ներառյալ զորքերի ռազմական կիրառման քարտեզները, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ զորաշարքերի տեղակայմանն ու ծավալմանը»։ Կայքն այնուհետեւ շարունակում է. «Հայկական կողմի դիրքերի անմիջական մոտակայքում առայժմ անհայտ պատճառներով այդ ՈՒԱԶ-ի հայտնվելը կարող էր Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումներին իրական հնարավորություն տալ խոցելու, ապա եւ գրավելու այն՝ անձնակազմի եւ ողջ պարունակության հետ միասին։ Ուստի 3-րդ կորպուսի հրամանատարությունն անմիջապես որոշել է հրետակոծել այդ ռազմական մեքենան՝ այն տպավորությունը ստեղծելով, թե իբր հրետակոծությունն արվում է հայկական դիրքերի ուղղությամբ։ Իրական նպատակը տվյալ ավտոմեքենայի ոչնչացումն էր, որպեսզի նրա պարունակությունը՝ գաղտնի քարտեզներով եւ փաստաթղթերով հանդերձ, չընկնի Հայաստանի ԶՈՒ ձեռքը»։ Կայքի մեկնաբանմամբ՝ հավանական է, որ երբ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությունն ընդունում էր այդ որոշումը, նույնիսկ չէր էլ կասկածում, որ հնարավոր է այդպիսի ընթացք ստանան իրադարձությունները, ինչը կհանգեցնի հակամարտության ծավալմանը, եւ ավելի շուտ ելել էր այն հաշվարկից, թե հայերը «ՈՒԱԶ»-իկի հրետակոծումը կարող են դիտարկել որպես իրենց դիրքերի սովորական գնդակոծություն ադրբեջանական կողմից։
Կարելի է ընդունել ադրբեջանական այդ լրատվամիջոցի նման բացահայտումը։ Բայց, իհարկե, որոշ վերապահությամբ հանդերձ։ Մանավանդ, որ այդ վարկածում ակնհայտ է ադրբեջանական կողմի մեղքը մեղմացնելու միտումը՝ տեղի ունեցածը ներկայացնելով զուտ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության անփութության ու անզգուշության, ընդունած սխալ որոշման արդյունք, այլ ոչ թե նախապես ծրագրված ռազմական գործողություն սկսելու մտադրություն, ինչը սովորաբար կանխօրոք համաձայնեցվում է Ադրբեջանի ռազմաքազաքական ղեկավարության հետ։ Այլապես, բախումների առաջին իսկ պահից Ադրբեջանի նախագահը, նույն ինքը՝ երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պետք էր անհապաղ պաշտոնանկ աներ զորամիավորման անձեռահաս հրամանատարին՝ գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքբերովին։ Իհարկե, Ադրբեջանի նախագահի ստորագրած ազատման հրամանագիրը երկար սպասեցնել չտվեց իրեն, բայց այն վերաբերում էր ոչ թե կորպուսի հրամանատարին եւ նրա վերադաս նախարարին՝ մշտապես ձախողվող Զաքիր Հասանովին, այլ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, ով, պարզվում է, իր հայ գործընկերոոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ վերջին տեսախորհրդակցությանը քննարկել է ոչ այլ ինչ, քան «թագաժահրի համավարակի դեմ մղվող համատեղ պայքարի խնդիրները»: Մամեդյարովի հայտնվելը քավության նոխազի վիճակում, անշուշտ, եւս մեկ ակնհայտ վկայություն է, որ Թովուզ-Տավուշ սահմանային հատվածում ռազմական բախումը նախապես ծրագրված էր Բաքվում եւ հետամուտ էր, մի կողմից՝ հերթական անգամ շեղելու ադրբեջանական հանրության ուշադրությունն առկա ծանր սոցիալական վիճակից, որի մեջ նա հայտնվել է երկրի տնտեսական ճգնաժամի հետեւանքով, մյուս կողմից՝ դարձյալ հերթական անգամ ճշտելու հայկական զինուժի մարտունակությունը հնարավոր նոր պատերազմի պարագայում։ Այնպես որ, դժվար չէ հասկանալ, որ «ՈՒԱԶ»-իկը ոչ այլ ինչ էր, քան պարզապես տեղայնական բախումների խայծ։
Ճշտե՞ց արդյոք Բաքուն Հայոց բանակի մարտունակության աստիճանը։ Անշուշտ։ Նունիսկ՝ առավել, քան պետք էր։ Ադրբեջանի ՊՆ միայն պաշտոնական տվյալներով՝ մեկ տասնյակից անցնում են կենդանի ուժի նրա կորուստները, այդ թվում՝ նաեւ կորպուսի շտաբի պետ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմով, հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոեվ եւ այլն։ Իսկ վիրավորների թիվն անցնում է կես հարյուրակից։ Բայդ դա՝ միայն պաշտոնապես։ Իրականում կորուստների թիվը մի քանի տասնյակ է կազմում։ Ավելին՝ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ Զինված ուժերը ոչնչացրել են ադրբեջանական հատուկ նշանակության «Յաշմա» 100-հոգանոց խմբի մինչեւ 40%-ը։ Թե ինչպես է դա տեղի ունեցել՝ փոքր ի շատե մանրամասնել է վերը հիշատակված freeazerbaijan.info-ն՝ նույն օրվա իր հաղորդագրության մեջ. ՙՀատուկ նշանակության ստորաբաժանումները լուրջ կորուստներ են ունեցել, շահիդ է դարձել մեր 8 եղբայր, եւս 11 հոգի տարբեր վիրավորումներ է ստացել։ Արդեն երեկոյան հայտնի է դարձել, որ հայկական հրետակոծության տակ է ընկել այն ճամբարը, որտեղ տեղակայված էր ամբողջ ստորաբաժանումը։ Հարվածները լուրջ էին, ինչի հետեւանքով լրիվ ոչնչացվել է ճամբարը՚։
Հիշեցման կարգով նշեմ, որ «Յաշման» Ադրբեջանի հատուկ նշանակության այն էլիտար բրիգադն է, որ գլխովին ջախջախվել էր 2016-ի ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերին։ Ըստ երեւույթին՝ այն վերականգնել են եւ ահա նորից նետել մարտադաշտ, սակայն դարձյալ խայտառակ ձախողում է կրել։
Բացի այդ, Հայոց բանակը ոչնչացրել է հակառակորդի մի շարք հրետանային կրակակետեր, ըստ տարբեր աղբյուրների՝ 13-15 ԱԹՍ, այլ զինտեխնիկա, ամենակարեւորը՝ ազատագրել է առայժմ Գարագայա կոչվող բարձունքի ռազմավարական նշանակության հենակետը՝ վերահսկողություն հաստատելով Թովուզի շրջանի, ինչպես նաեւ հարակից Ղազախի շրջանի զգալի տարածքների վրա՝ այդպիսով իսկ անհամեմատ սահմանափակելով ադրբեջանական զինուժի տեղաշարժերը, ինչպես նաեւ Հայաստանի տարածքի այդ հատվածի բնակավայրերը պարբերաբար հրետակոծելու հնարավորությունները։
Այնպես որ, առանց որեւէ գունազարդման արձանագրենք, որ Հայոց բանակը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ի զորու է հուսալի պաշտպանել Հող հայրենին եւ անհապաղ կասեցնել Ադրբեջանի ցանկացած՝ մեծ, թե փոքր ոտնձգություն Հայաստանի եւ Արցախի նկատմամբ։
Իհարկե, ցավով խոստովանենք, որ այս անգամ եւս մեզ չհաջողվեց խուսափել մարդկային կորուստներից։ Ավաղ, կորցրինք հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերած չորս նվիրյալ երիտասարդի՝ մայոր Գարուշ Համբարձումյանին, կապիտան Սոս Էլբակյանին, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին, ում անվան ու հիշատակի առջեւ խոնարհված՝ ազգովի աղոթում ու խնկարկում ենք բոլորս՝ համայն հայ ժողովուրդը։ Հավերժ փառք ու պատիվ հայոց հերոս զավակներին։
Միքայել Հաջյան