Ու՞ր է հինգ տարի առաջ մեր ընտրատարածքից ընտրված պատգամավորը. Դաշնակցության թեկնածուներին ամենահաճախ տրվող հարցը

Լրացավ Արցախի համապետական ընտրությունների քարոզարշավի 7-րդ օրը: Դաշնակցության կողմից առաջադրված նախագահի ու պատգամավորի թեկնածուները մեկ շաբաթվա ընթացքում նախընտրական հանդիպումներ են ունեցել Մարտունու, Քաշաթաղի, Մարտակերտի, Ասկերանի ու Հադրութի շուրջ 30 համայնքներում, ներկայացրել նախորդ 5 տարիների՝ կուսակցության գործունեությունն ու նախընտրական ծրագիրը, լսել բնակչության կողմից բարձրացված մի շարք առաջարկություններ ու պատասխանել մի քանի տասնյակից ավելի հարցադրումների:
Դաշնակցության թեկնածուներին ուղղված հարցերը տարբեր էին՝ սոցիալական ու կրթական, քաղաքական ու պաշտպանական ոլորտներին առնչվող: Սակայն գրեթե բոլոր համայնքներում բնակիչները թեկնածուներին ունեին ուղղելու միեւնույն հարցը՝ ու՞ր է հինգ տարի առաջ մեր ընտրատարածքից ընտրված պատգամավորը:
Համայնքների բնակիչների կողմից բարձրացված հարցը հիմնավորում ունի: 5 տարի շարունակ խորհրդարանական ընտրություններում ընտրված պատգամավորները գեթ մեկ անգամ չեն այցելել իրենց ընտրատարածքի համայնքներ, չեն հետաքրքրվել բնակիչների խնդիրներով, կատարած աշխատանքի հաշվետվություն չեն ներկայացրել:
«Մատաղ ինիմ, 5 տարեն մին կյամն, խոսքավ ձայներ շահում, քինամ-կորչում»,- ասում են համայնքների բնակիչները:
Դաշնակցության կողմից առաջադրված թեկնածուները բնակիչների այս հարց-մտահոգություններին երկու ասելիք ունեն. նախ ներկայացնում են 5 տարիների ընթացքում իրենց ունեցած հանդիպումները՝ թվով 230, ապա հիշեցնում Դաշնակցության՝ պատգամավորական հանդիպումները պարտադիր եւ օրենքի պահանջ դարձնելու առաջարկությունը:
«Մենք կարծում ենք, որ Անգլիայում եւ Եվրոպական մի շարք երկրներում օրենքի ուժ եւ պայման ստացած պատգամավորական հանդիպումների նախաձեռնումը պետք է պարտադիր դառնա նաեւ Արցախում: Ցավոք սրտի, Դաշնակցության այս առաջարկությանը դեմ էին խորհրդարանի մյուս քաղաքական ուժերը, այդ իսկ առումով Արցախի քաղաքացիներին մնում է վերլուծություն կատարել եւ մարտի 31-ին վստահության քվե տալ այն թեկնածուին եւ ուժին, որոնք պատրաստակամ են պատասխանատվություն ստանձնել»,- ասել է նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը:
Լուսինե Թեւոսյան