Ո՞ւմ է ուղղված պատասխանատվության սլաքը
Զանգվածային լրատվության միջոցները քաղաքական ոլորտին առնչվող տեղեկատվական նյութերը և դրանց վրա հիմնված վերլուծությունները քաղում կամ համադրում են պետական քաղաքական պաշտոնատար անձանց միջոցով տարածվող հայտարարությունների, կեցվածքների և արտահայտությունների հիման վրա:
Երկրում առկա ազատության և ժողովրդավարության կարևոր չափանիշներից մեկը մամուլի ազատությունն է: Այստեղ կարևորվում է այլակարծիք լրատվության առկայությունը, որը ժամանակ առ ժամանակ զգաստացման և աչալրջության խթան է հանդիսանում պաշտոնյայի գործունեության համար: Բնական է, որ իշխանական և անաչառ լրատվական մարմինների միջև միշտ գոյություն ունի լարվածություն, քանի որ առաջին հերթին անաչառ մամուլի առաքելությունը հենց այդ իշխանավորի թերությունն ու բացթողումը բացահայտելն ու հանրային ճնշման միջոցով սխալի շտկումն է:
Արդյունքում, պատասխանատվության սլաքը նախ և առաջ ուղղվում է դեպի իշխանավորը, ով պետք է դրսևորի պարկեշտ, բարեկիրթ պահվածք և կշռադատված արտահայտություններ անի: Երբ պետական համակարգում զանազան օղակների պատասխանատու անձինք ստիպված են լինում հերքել իրենց ասածները, պետական պաշտոն զբաղեցրած երկու անձանց արտահայտությունների միջեւ նկատվում են հակասություններ, կամ պետական պաշտոնյան մեղադրում է լրատվամիջոցին՝ իր արտահայտած միտքը սխալ հասկանալու կամ խեղաթյուրելու մեջ, առաջին հերթին թերությունը պետք է փնտրել հենց իշխանական ոլորտում՝ պատասխանատու անձանց մեջ: Հեշտ է մեղադրել լրատվական մարմնին կամ միտում տեսնել ինչ-որ հարցում: Սակայն, միաժամանակ, առանց միտման տեղեկատվություն գոյություն չունի:
Վերջին շրջանում Արցախի պետական պաշտոնյաները մի քանի անգամ վերը նշված նման իրողություններին դեմ հանդիման են կանգնել, երբ լրատվական դաշտում հակասություններ են ի հայտ եկել ԱՀ նախագահի և ԱՀ ԱԳ նախարարի, նախագահի և Անվտանգության խորհրդի քարտուղարի, որոշակի անձնավորության հետ հանդիպման մասին պաշտոնատար անձի հայտարարության, լիազորությունների տրման կամ չտրման և այլ ասպարեզներում: Եվ այս բոլորը սկսվեց հենց զանգավածային լրատվության միջոցի՝ 5-րդ ալիքի՝ արգելափակման շեմին, երբ քաղաքական դրդապատճառները փորձ արվեց հիմնավորել տեխնիկական խափանումներով:
Սեպտեմբերի 15-ին կայացած ԱՀ Անվտանգության խորհրդի նիստում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկատվական ուղղությունը համարել է անվտանգային 4 ուղղություններից մեկը՝ հատկապես նշելով. «Տեղեկատվական ուղղությունը թերևս ամենաքիչ սահմաններ ենթադրող ուղղությունն է, որը պետք է սպասարկի բոլոր բնագավառներին՝ միտված բարենպաստ տեղեկատվական-հոգեբանական միջավայրի ապահովմանը թե՛ ներքին և թե՛ արտաքին լսարաններում: Վերջին տարիներին այս ուղղությամբ մարտահրավերները կտրուկ մեծացել են՝ հաշվի առնելով համացանցի հասանելիության ու հասարակության խոցելիության աստիճանի ավելացումը: Ուստի, տեղեկատվական անվտանգությունը պետք է լինի մեր հետևողական ուշադրության կենտրոնում»:
Մնում է հուսալ, որ պետական լրատվական համակարգը ավելի լուրջ վերաբերմունք կունենա նախ և առաջ պաշտոնական լրատվության նկատմամբ: Ճիշտ է, Facebook-ը տեղեկատվություն փոխանցելու միջոց է, բայց ոչ՝ պետական պաշտոնյայի առօրյան պաշտոնական լրատվության վերածելու դաշտ: Իսկ պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, շատ ավելի կշռադատված և տարընթերցումներից զուրկ արտահայտվելով, կկարողանան պետական համակարգի կողմնորոշումներն արտահայտել հատկապես գերզգայուն հարցերի շուրջ, ինչպիսիք են Արցախյան բանակցությունները կամ հանրության մշտական դիտարկմանը ենթակա հարցերը:
«Ապառաժ»-ի խմբագրական
18 սեպտեմբեր, 2020թ.