Ո՛չ ենք ասում Ադրբեջանի պահանջներին և հայտարարում ի լուր աշխարհի՝ պայքարելու ենք հանուն Արցախի․ ՀՅԴ ԱԵՄ

Արցախի շրջափակման 100-րդ օրվա առթիվ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել էր ակցիա։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը ակցիայի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
«Շրջափակման մեջ պայքարի 100-րդ, իսկ արցախյան գոյապայքարի հերթական օրն է։ Այս պայքարը սկսել են մեր հայրերը 1988թ․-ին։ 35 տարի առաջ մեր ժողովուրդը կանգնած էր կենսական մի հարցի առջև, որը մինչ այդ կարծես գոյություն էլ չուներ։ Այդ ժամանակ պայքարի անհրաժեշտության գիտակցումը միասնական նպատակի շուրջ համախմբեց ողջ հայությանը՝ ձևավորելով համազգային շարժում, որը հետագայում ստացավ Արցախյան շարժում անվանումը։ Այդ օրերին համայն հայությունը համախմբվեց, մի բռունցք դարձավ, ու թշնամին զգաց հայի բազկի ուժը՝ խուճապահար փախչելով Շուշիից ու մնացած հայկական տարածքներից։
Այժմ՝ 35 տարի անց, հայտնվել ենք նույն իրավիճակում։ Ցեղասպան թշնամին փորձում է հասնել Արցախի ամբողջական հայաթափմանը, Հայաստանի վերջնական կործանմանը։ Արցախի անկումը կբացի դեպի Հայաստան դարպասները, և հայությունը կկորցնի այն միջնաբերդը, այն վահանը, որ 35 տարի շարունակ պաշտպանում էր Հայաստանին։
Հայրենիքի ողբերգական կորուստների հետևանքով մեր ժողովուրդը հայտնվել է հուսահատական անկման մեջ, որին պետք է վերջ դնել։ Անորոշության այս լաբիրինթոսում հայտնված ժողովուրդը պետք է վերագտնի պայքարելու կամքը, պետք է հասկանա, որ Հայաստանն ու Արցախը կարող են գոյատևել միայն միասնաբար՝ ձեռք ձեռքի տված։
88-ի օրերին մեր ավագ սերունդը գիտակցեց այս անհրաժեշտությունը և հաղթանակեց։ Այսօր հերթը մերն է։ Հայրենիքն ունի մեր կարիքը, մենք ունենք հայրենիքի կարիքը։ Մեր տղաները, ովքեր իրենց կյանքն են տվել մեզ պաշտպանելով, այսօր ունեն մեր պաշտպանության կարիքը։ Պատերազմից 2 տարի անց դեռևս շարունակվում են նոր շիրմափոսեր փորվել։ Եղբայրականում տղերքի կողքին մի քանի օր առաջ իրենց նինջն են գտել թշնամու ահաբեկչությանը զոհ գնացած մեր ոստիկանները։ Մենք պետք է պաշտպաննենք այդ հողը, որտեղ հանգչում են նրանք։
Այս հողը շաղախված է մեր պապերի, հայրերի ու եղբայրների սրբազան արյամբ, այս հողի համար կյանքեր ենք կորցրել, որ այսօր պահենք այս հողը մի բուռ, անունը Արցախ պահենք…
Անկախ իրավիճակից, անկախ շարունակվող շրջափակումից մենք չենք կարող հանձնվել և դադարեցնել մեր պայքարը։ Հիշե՛ք՝ մեր ճակատին գրված է պայքար… Մենք պետք է մինչև վերջ պայքարենք մեր հայրենին պահելու համար, քանզի հայրենիքը լոկ հող չէ…
Եվ ուրեմն՝ մենք՝ Արցախի երիտասարդներս, ոչ ենք ասում Ադրբեջանի պահանջներին և հայտարարում ենք ի լուր ամբողջ աշխարհի՝ մենք կանք, մենք ապրում ենք, մենք պայքարում ենք և պայքարելու ենք հանուն մեր հազարավոր զոհերի հոգիների հանգստության, հանուն Հայաստանի, հանուն Սփյուռքի, հանուն մեր նվիրական երազների, հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն Ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի։
Մենք կոչ ենք անում Հայաստանում և աշխարհի այլ երկրներում մեր հասակակիցներին՝ միանալ մեր այն երիտասարդներին, ովքեր այս օրերին աշխարհի տարբեր անկյուններում ցույցեր են անցկացնում՝ ի զորակցություն Արցախի։
-Միացում՛, միացում՛, միացում՛․․․»