Վկայակոչելով Բաքվի արցախցիների էթնիկ զտումները՝ ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին
Գլխավոր » Լրահոս » Վկայակոչելով Բաքվի արցախցիների էթնիկ զտումները՝ ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին

Վկայակոչելով Բաքվի արցախցիների էթնիկ զտումները՝ ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին

ԱՄՆ վաթսուն Կոնգրեսականներ կոչ են արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կիրառել «Ազատության» աջակցության ակտի 907-րդ հոդվածը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նշելով Բաքվի կողմից Արցախի 120․000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների անօրինական կալանավորումն ու բռնությունները։

Կոնգրեսականներ Մայք Լոլերը, Ֆրենք Փալոնը, Գաս Բիլիրակիսը և Գեյբ Ամոն գլխավորել են երկկուսակցական նամակը՝ ուղղված պետքարտուղար Ռուբիոյին։

«Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունում է այս երկկուսակցական կոչն ուղղված պետքարտուղար Ռուբիոյին՝ կիրառելու 907-րդ հոդվածը և դադարեցնելու ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին»,- հայտարարել է Հայ Դատի Ամերիկայի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով․ «Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ քրիստոնյաների ցեղասպանական էթնիկ զտումներից, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիայից և հայ պատանդների անօրինական կալանավորումից հետո՝ չենք կարող պահանջել, որ ԱՄՆ հարկատուները սուբսիդավորեն այս նավթով հարուստ և կոռումպացված օտարերկրյա բռնապետությունը։ Շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներ Լոլերին, Փալոնին, Բիլիրակիսին և Ամոյին, ինչպես նաև նրանց միացած 60 կոնգրեսականներին՝ իրենց բարոյական հստակ դիրքորոշման և խաղաղասիրական ուժեղ առաջնորդության համար»։

Վկայակոչելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 120․000 բնիկ հայ բնակչության էթնիկ զտումը՝ օրենսդիրները ընդգծել են. «Իր գործողությունների համար չկանգնելով որևէ պատասխանատվության առաջ՝ Ադրբեջանը շարունակում է խաթարել արդար, կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովման ջանքերը տարածաշրջանում՝ Հայաստանի դեմ շարունակական ագրեսիայով»։

Նամակի ստորագրողները կոչ են արել պետքարտուղար Ռուբիոյին չկիրառել այն շրջանցման իրավասությունը, որի շնորհիվ ԱՄՆ հաջորդական վարչակազմերը շրջանցել են 907-րդ հոդվածը, և փոխարենը պարտադրել օրենքի լիարժեք կիրարկումը՝ Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով։ 2001 թվականից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահներն օգտվել են շրջանցման դրույթից, մինչև 2024 թվականը, երբ նախագահ Բայդենը առաջին անգամ կիրառեց 907-րդ հոդվածը։

Օրենսդիրները նշել են. «Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող բռնությունների, հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքի ժխտման խորապատկերին՝ Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը ոչ միայն կնորմալացնի նրա գործողությունները, այլև կխրախուսի ԱՄՆ-ի մրցակիցներին, ովքեր ձգտում են օգտվել Վաշինգտոնի անգործությունից»։

Այս նամակը շարունակում է Կոնգրեսում ձևավորված նախաձեռնությունը՝ կապված 2023 թվականին Սենատում միաձայն ընդունված «Հայերի պաշտպանության ակտի» հետ, որի համահեղինակներն էին այն ժամանակվա սենատոր, այժմ պետքարտուղար Ռուբիոն և սենատոր Գարի Փիթերսը։ Օրենքի ընդունումն ընդգծել է ԱՄՆ-Ադրբեջան ռազմական կապերի վերաբերյալ աճող երկկուսակցական մտահոգությունը։

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նախաձեռնել է համազգային արշավ՝ աջակցելու այս գործընթացին, որի շրջանակներում “ANCA Rapid Responder” համակարգի միջոցով Կոնգրեսին ուղղվել է ավելի քան 50.000 անհատական նամակ։ Վերջին շաբաթների ընթացքում “ANCA Rising Leaders” ծրագրի երիտասարդ ակտիվիստները միացել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի և տարածաշրջանային թիմերին՝ այցելելով ավելի քան 400 կոնգրեսական գրասենյակ՝ այս նախաձեռնությանն աջակցություն ապահովելու համար։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
28 մարտ 2025թ․

1