Մեր նահատակների թափաց արյունը և մարտիկների զոհողությունն ապարդյուն չեն մնալու
ՀՅԴ Նոր Ջուղայի «Ռուբեն» երիտասարդական միության կոչը.
Ազգակործան այս արարքով Հայաստանի իշխանության վարչապետը ոչ միայն քայքայեց Արցախի Հանրապետությունը, այլ նաև վտանգի տակ դրեց Հայաստանի անվտանգությունն ու հայ ժողովրդի միասնականությունը: Այսօր, մայր Հայաստանի երիտասարդությունը վտանգված տեսնելով հայրենիքի գոյությունը իր ցասումի ձայնն է բարձրացնում ի բողոք պարտվողական համաձայնագրի ստորագրման և պահանջում է վարչապետի հրաժարականը:
Ստեղծված այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը դիվանագիտական բանակցություններն են: Եվ քանի, որ Հայաստանի իշխանությունը փաստեց, որ ի վիճակի չէ և ցանկություն էլ չունի պաշտպանելու հայ ժողովրդի ու պետության շահերը, մենք սփյուռքում հասակ առած երիտասարդներս միանալով Հայաստանի մեր հասակակիցների բողոքի ձայնին պահանջում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականը, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այս չարաբաստիկ համաձայնագիրը վտանգում է Արցախի, Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի գոյությունը:
Սիրելի հայրենակիցներ,
Այս նվաստացուցիչ վիճակից դուրս գալու համար պետք է ձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն և պետք է վերականգնվի ազգային գաղափարախոսությունը, պետք է օր առաջ հայրենիք վերադառնան գերեվարված հայ զինվորները:
Սա է հայ ժողովրդի այսօրվա գերխնդիրը, որի շուրջ պետք է համախմբվենք և լարենք մեր միասնական ուժերը: Մեր նահատակների թափաց արյունը և մարտիկների զոհողությունն ապարդյուն չեն մնալու:
Խոնարհվում ենք հայրենիքի հողի պաշտպանության ճանապարհին իրենց թանկագինը նվիրաբերած հերոսների առջև: