Արցախի հարցի արդարացի լուծումը միայն հզոր Հայաստանի միջոցով է հնարավոր. Շահրամանյան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքներին, թե Արցախի նախագահն է ստորագրել Արցախը լուծարելու որոշումը, ոչ թե ինքը:
«Տեղահանվելով ՀՀ՝ որդեգրել ենք մի քաղաքականություն, և ես տեղեկացրել եմ մեր բոլոր պաշտոնյաներին, որ մեզ համար առաջնահերթություն է ՀՀ անվտանգությունը: Սա ևս մեր հայրենիքի հիմնական մասն է, և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացվում են ՀՀ իշխանությունների կողմից և չվնասենք անվտանգային համակարգին: Սակայն մենք տեսնում ենք, որ տարբեր առիթներով մանիպուլացվում է այդ հարցը՝ կապված Արցախի լուծարման հետ: Առաջինը, դա սուտ թեզ է, և այդ փաստաթուղթը, որը մենք ստիպված ենք եղել ստորագրել, արվել է ապահովելու անվտանգ տեղափոխումը խաղաղ բնակչության ՀՀ: Նաև ԶՈւ-ն է տեղափոխվել՝ նախարարից մինչև զինվոր, ուժային կառույցների պաշտոնյաներ: Ցավոք, մենք ունեցել ենք նաև կենդանի պատանդներ՝ ի դեմս մեր ռազմաքաղաքական ղեկավարության: Ինչ վերաբերում է այդ փաստաթղթին, ուզում եմ տեղեկացնել մեր հանրությանը, որ հենց սկզբից մենք տեղյակ էինք, որ այդ փաստաթուղթը հակասահմանադրական է, հակաօրինական է: Այդ փաստաթուղթը չի ստացել իրավական ուժ: Այն պաշտոնապես չի հրապարակվել: Չի տեղադրվել իրավական համակարգում, որից հետո այդ փաստաթուղթը կարելի է համարել նորմատիվ ակտ: Արդեն տեղափոխվելով ՀՀ և տեսնելով մեր բնակչության կարծիքը` բոլորը չեն ցանկացել ինտեգրվել Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի լծի տակ և կայացրել են իրենց հայրենիքը թողնելու որոշում: Մենք այդ փաստաթղթի վերաբերյալ կայացրել ենք որոշում, և ես գրավոր տեղեկացրել եմ այդ որոշման մասին ՀՀ կառավարությանը՝ ի դեմս վարչապետի, իր կից փաստաթղթերով: Այսօր խոսել այդ փաստաթղթի ուժ ունենալու մասին անիմաստ է և չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Արցախի նախագահը:
Նա նկատեց՝ Հայաստանի իշխանություններն են հրաժարվել Արցախից, բայց ՀՀ բնակչության մեծ մասի կարծիքն, ըստ նրա, այդպես չէ. «Մեր խորը համոզմամբ` Արցախի հարցի արդարացի լուծումը միայն հզոր Հայաստանի միջոցով է հնարավոր»: