Վերջին նորություններն օկուպացված Ստեփանակերտից

«Օկուպացված Ստեփանակերտ քաղաքի մի մասը բնակեցված է զինվորականների ընտանիքներով։ Գործող հիմնական զորամասը՝ Ցորն է, մյուսները մեծամասամբ հիմնահատակ կա՛մ քանդվել են, կա՛մ ընդհանրապես չեն գործում։ Արդեն տեղյակ եք, որ քաղաքի 3 թաղամաս ամբողջությամբ հավասարեցրել են հողին։ Ասում են դրա փոխարեն կկառուցվեն նոր ժամանակակից՝ խելացի թաղամասեր, որից հետո Ստեփանակերտը պատրաստ կլինի մասսայական վերաբնակեցման։ Այս պահին շինարարական մեծաթիվ բրիգադներ են աշխատում Ստեփանակերտում»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտում ապրող քաղաքացիներից մեկի հարազատը։ Վերջինս բնակվում է Երևանում։
Նրա խոսքով՝ փոքրաթիվ հայերից միայն մի քանի հոգի են կարողանում ելումուտ անել քաղաքում, մյուսները սահմանափակ կարողություն ունենալու պատճառով մնում են մշտական տեղակայման վայրում։ Նրանց կարիքները հոգում է Ադրբեջանը։
Օկուպացված Արցախի մայրաքաղաքում գործում է մեկ հիմնական դպրոց, որն ունի նաև նախակրթարան։ Այնտեղ սովորում են զինվորականների ընտանիքների երեխաները։ Այդ ընտանիքներն ապրում են հայերի կողմից վերջերս կառուցված «Հայաստան» բնակելի համալիրում։ Ուսանողները հեռացել են, համալսարանը գործել է մի քանի ամիս։
«Կապ չունի, որ մեր հարազատները մնացել են այնտեղ՝ մեր տներում, մեր հողում, գիտեմ իրենց համար էլ շատ ծանր է։ Օրինակ, Ֆրեդիկին հաճախ են ցույց տալիս իրենց տելեգրամ ալիքներում։ Չնայած «վերևից» հրաման է իջեցվել, որ հայերի հանդեպ «հանդուրժողականություն» ցուցաբերեն, բայց ինձ փոխանցել են, որ Ֆրեդին այնտեղ ջրի փոխարեն օղի են տալիս, ծխախոտի փոխարեն` թմրանյութ, հետո նկարում ու տարածում են սոցիալական էջերում»,-իր ունեցած տվյալները փոխանցեց MediaHub-ի զրուցակիցը։
Նա նաև տեղեկացրեց, որ հայաթափումից հետո ադրբեջանցիները մեծ մեքենաներով թալանել են արցախցիների բնակարանները, տարել ամբողջ գույքն ու էլեկտրական տեխնիկան։ Իրենց համար չպետքական իրերը կա՛մ վառել, կա՛մ ջարդել են։ Չնայած քաղաքի քանդման ու վերակառուցման աշխատանքներին՝ մեր զրուցակցի հավաստամամբ քաղաքային գերեզմանատունն ու Եղբայրական հուշահամալիրը տեղում են, ոչինչ չեն արել։
Քաղաքում գործում են առևտրային և սննդի մի քանի կետեր ու խանութներ, իրացնողը՝ զինվորականները, ոստիկաններն ու շինարարներն են։ Ադրբեջանական մյուս բնակավայրերից Արցախի տարածաշրջան մուտքը արգելվում է։ Գալիս են միայն հատուկ անցաթուղթ ունեցող անձնինք։ Մի քանի հոգի անգամ ականապայթյունային վիրավորում են ստացել՝ թալանի նպատակով Մարտակերտ գնալու ճանապարհին։
Շրջաններում ու մյուս քաղաքներում իրավիճակն այլ է։
«Գիտեմ, որ Շուշին մասամբ բնակեցվել է, այնտեղ շարժը շատանում է եղանակների տաքանալուն պես, քանի որ ընդունում են մեծաթիվ տուրիստների։ Հադրութում մզկիթ է կառուցվել, Աղդամում և Ջրականում բազմաբնակարան շենքեր են կառուցվում։ Սրանք բոլորը զինվորական ավաններ են։ Պատրաստ են ու նաև շահագործվում են 2020-ի օկուպացիայից հետո այդ տարածքներում կառուցված օդանավակայանները։ 2023-ից հետո իրենց տիրապետության տակ անցած մյուս բնակավայրերում թալանից բացի առայժմ ոչինչ չեն արել։ Քաղաքային բնակավայրերի զորամասերում ծառայություն է իրականացվում, բայց այնտեղ քաղաքացիական անձինք չեն բնակվում»,-հավելեց նա։
Արցախում մնացած մեր հայրենակիցների ընտանիքները հանգիստ են նրանով, որ հարազատները մնացել են իրենց կամքով, չեն վերադարձել անգամ երբ դա հնարավոր էր Կարմիր խաչի միջոցով։
Հունան Թադևոսյան