«Վերջին արցախցիները»․ ֆիլմը Արցախի շրջափակման ողջ ծանրությունը հաղթահարած, պայքարող մայրերի և հրետակոծության տակ ծնված արցախցիների մասին է
Այսօր ԼՈՖԹ-ում տեղի ունեցավ արցախցի լրագրող Մարիամ Սարգսյանի «Վերջին արցախցիները» հեղինակային ֆիլմի դիտումը։ ֆիլմը շրջափակման ողջ ծանրությունը հաղթահարած, պայքարող, ուժեղ մայրերի և նրանց բալիկների մասին է, որոնք ծնվել են Արցախում 2023-ի սեպտեմբերի 19-29-ը։ Այդ փոքրիկները ծնվել են հրետակածությունների տակ, տեղահանման ճանապարհին, վախի, տագնապի ու խուճապի մեջ։
Ֆիլմի դիտմանը ներկա էին նաև հերոսներն իրենց բալիկների հետ։
Ֆիլմի հեղինակը շնորհակալություն հայտնեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին, բոլոր այն մասնագետներին, ովքեր քաջալերեցին ու օգնեցին ֆիլմի ստեղծմանը։ Մարիամ Սարգսյանը հուզմունքով է արտահայտում իր ապրումները արցախցի մայրիկների ու երեխաների մասին։ Այդ երեխաները Արցախում ծնված վերջին երեխաներն են, որոնց ծննդյան վկայականներում ծննդավայրնն Արցախի Հանրապետությունն է։
Հեղինակը ֆիլմի միջոցով կարողացել է ցույց է տալ այն ողջ ծանրությունն ու դաժան իրավիճակը, որ տիրում էր այդ օրերին Արցախում։ Հնարավոր չէր առանց հուզվելու դիտել ֆիլմը, որի հերոսները պատմում են իրենց ապրումները, անընդհատ հետապնդվող վախը և փոքրիկների՝ հրաշքով լույս աշխարհ գալը։
«Վերջին արցախցիները» ֆիլմի դիտումից հետո ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով՝ դժվարանալով զսպել արցունքները։ Նրանք շնորհակալություն հայտնեցին հեղինակին, ստեծագործական ու կազմակերպչական թիմին, հերոս մայրիկներին ու նրանց բալիկներին։ Ցավոք, ֆիլմը ողբերգական թեմայով է, սակայն այն ցույց է տալիս, որ արցախցի մայրիկներն իսկապես ուժեղ են, պայքարող։ Ներկաները Մարիամին նոր հաջողություններ մաղթեցին և հույս, որ նա դեռ ֆիլմ կնկարի այն մայրերի մասին, ովքեր կծննդաբերեն Արցախում։
Կ․Բախշիյան
Ապառաժ