«Վերելք» ծրագրի արդյունավետությունը գնահատվում է օրվա հրամայականով․ Հրայր Պարսումեան
Արցախի բռնի տեղահանումից հետո ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը՝ հավատարիմ Արցախի երիտասարդներին աջակցելու և նրանց կարիքները մեղմելու առաքելությանը, 3-րդ անգամ նախաձեռնեց «Վերելք» ծրագիրը։
Առաջին անգամ այն իրականացվել է Արցախում՝ 44-օրյա պատերազմից հետո, 2021 թ-ին, իսկ 2-րդ անգամ՝ Սյունիքում, այս անգամ՝ Երևանում։ Երեք ծրագրերի նպատակը նույնն է՝ դժվար կացության մեջ հայտնված երիտասարդների կրթում, զարգացում, նրանց համար կայուն ապագայի ապահովում։
«Վերելք» Արցախ ծրագրի արդյունքում երիտասարդների կողմից Արցախում հիմնվել են վեց բիզնեսներ, իսկ «Վերելք» Սյունիք ծրագրի արդյունքում Սյունիքում հիմվել են 3 բիզնեսներ։
«Վերելք» 3-րդ ծրագրի նախաձեռնությունը կրկին ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակինն է, հովանավորումը ստանձնել է Հայ Օգնության Միությունը, իսկ ծրագրի կառավարումը վստահվել է «Օփթիմայզ Քոնսալթինգ» խորհրդատվական գրասենյակին, որի հիմնադիր և գործադիր տնօրեն Հրայր Պարսումեանի հետ էլ զրուցել է «Ապառաժ»-ը։
-Պարոն Պարսումեան, արդեն իսկ հայտարարվել է «Վերելք» ծրագրի շարունակման մասին, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում այն իրագործելու արդյունավետությունը։
-Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունից հետո Հայաստանում հաստատված արցախահայ երիտասարդությանը պետք էր ձեռք մեկնել, ոտքի կանգնեցնել։ «Վերելք» ծրագրի արդյունավետությունը գնահատվում է օրվա հրամայականով և ըստ իրավիճակի և պայմանների նրա ադապտացման գործընթացով։
— ՀՅԴ Բյուրոյի ԵԳ-ի կողմից արդեն 3-րդ անգամ նախաձեռնվող «Վերելք» ծրագրի բնույթը փոխվել է և այս անգամ ծրագրի կառավարումը ստանձնել է «Օփթիմայզ Քոնսալթինգ» ՍՊԸ խորհրդատվական ընկերությունը, որի գործադիր տնօրենն եք Դուք։ Սակայն Ձեր առնչությունը ծրագրին եղել է նաև նախկինում։ Ո՞րն էր ծրագրի բնույթի փոփոխման նպատակը և, որպես ծրագրի համակարգող, ինչպիսի՞ համեմատականներ կարող եք անցկացնել ներկա և նախորդ ծրագրի միջև։
— «Վերելք»-ի առաջին ծրագիրը «Վերելք» Արցախն էր, 2-րդը՝ «Վերելք» Սյունիքը և «Վերելք» 3-րդ ծրագիրը, որ այժմ տեղի է ունենում Երևանում՝ կրկին նախատեսված է արցախահայ երիտասարդների համար։ Լինելով «Օփթիմայզ Քոնսալթինգ» խորհրդատվական գրասենյակի հիմնադիր և գլխավոր տնօրեն՝ մասնակցել եմ «Վերելք»-ի ծրագրերին և՛ Արցախում և՛ Սյունիքում։
2021-ին դա իմ առաջին վերադարձն էր Արցախ՝ 2020 թվականի պատերազմից հետո, որտեղ փորձել ենք անել առավելագույնը երիտասարդության մոտ հույսի և պայքարի մթնոլորտ ստեղծելու համար։ Այնտեղ հանդես եմ եկել որպես դասախոս, սակայն ներգրավված էի նաև ծրագրի մոնիթորինգում, նույնը՝ Սյունիքում։ Ինչպես նշեցիք՝ ծրագրի բնույթը հիմա փոխվել է։ Ինչո՞ւ է փոխվել, որովհետև, երբ Արցախում սկսվեց ծրագիրը նրա հիմնական ուղղությունն այն էր, որ հնարավորություն ստեղծի երիտասարդների համար, որպեսզի նրանք գործնականում հաստատուն քայլեր անեն, թեկուզ փոքր բիզնեսներ հիմնեն և կարողանան ստեղծագործել։ Նույնը արվում էր նաև Սյունիքում, որպեսզի այնտեղ էլ երիտասարդությունն իր պատասխանը կարողանա տալ ցանկացած մարտահրավերի՝ կառչած լինելով հողին։ Այս օրերին մենք գիտենք, որ Արցախի երիտասարդության մեծ մասը Հայստանում է գտնվում։ Մեր նպատակը իրավիճակին նրանց հարմարեցնելն է։ Այսօր արցախահայության հիմնական մարտահրավերը՝ իրենց ապրուստն ապահովելն ու գոյատևելն է։ Մենք գտանք, որ այս իրավիճակում ամենաճշգրիտ մոտեցումն այն կլինի, որ խթանենք երիտասարդությանը մնալ Հայաստանում, ստանալ հավելյալ գիտելիքներ ու աշխատանքի անցնել՝ որպես հայաստանյան աշխատանքի շուկային համապատասխան որակներ ունեցող աշխատողներ, չարտագաղթել ու ապագայի հանդեպ հույսը չկորցնել։ Մենք ընտրել ենք դասընթացների այնպիսի նյութեր, որոնք հնարավորություն կտան երիտասարդներին, ինչու չէ, նորից բիզնեսներ հիմնել, կայուն քայլեր ձեռնարկել։
Դասընթացները տարբեր են․ բիզնես էթիկայից և փափուկ հմտություններից սկսած մինչև մարքեթինգային, բիզնեսի հմտություններ, ֆոնդհայթայթման հմտություններ, որոնք անց են կացվում առաջատար մասնագետների կողմից։
-Քանի՞ հոգի է դիմել և ինչպե՞ս է ընթանալու այն, ի՞նչ ակնկալեն մասնակիցները:
-Մենք ունեցել ենք 200-ից ավել դիմորդներ։ Այստեղ հարկ է նշել, որ ունեցել ենք նաև մարզերից դիմորդներ, սակայն, քանի որ ծրագիրը մեկնարկել է Երևանում՝ նրանք հնարավորություն չունեցան մասնակցելու։
Հետագայում, ծրագրի հաջող ընթացքի դեպքում, կդիտարկենք նաև նույն ծրագիրը մարզերում անցկացնելու հարցը։ Հարցազրույցների փուլում շատ հետաքրքիր է եղել երիտասարդների արձագանքը։ Նրանք շատ էին սպասում ծրագրի մեկնարկին, քանի որ նրանց մի մասն ունի սեփական բիզնես հիմնելու տեսլականը, որի համար հենարան են դարձնում հենց այս ծրագիրը, քանի որ այն թույլ է տալու նրանց կայուն և ճիշտ ձևով սկսել իրենց բիզնեսները։
Այժմ ունենք 110 հաստատված մասնակիցներ, ովքեր ապրիլի 1-ից սկսել են հաճախել դասընթացներին։
-Ծրագիրը մրցույթային է։ Ի՞նչ ձեւաչափով է այն անցկացվելու, ովքե՞ր են լինելու հաղթողները և ո՞րն է լինելու նրանց մրցանակը։
— Դասընթացներն ավարտելուց հետո մասնակիցներին հնարավորություն է տրվելու խմբային աշխատանքների միջոցով ներկայանալ ժյուրիի առջև և, կարելի է ասել, որ այս մրցույթային ծրագիրը պիտի ընթանա ընդհանուր գումարային գնահատականի հիման վրա՝ մասնակցության գնահատականից մինչև ընդհանուր ստացած գիտելիքների միավորներ և ժյուրիի դիմաց ներկայացումներից ստացած միավորներ։ Վերջում ունենալու ենք հաղթողներ, որոնց կապելու ենք գործատուների հետ, որպեսզի նրանք աշխատանքի անցնեն, իսկ ՀՕՄ-ը՝ որպես ծրագրի հովանավոր, մեկ տարվա ժամանակահատվածով պետք է հոգա հաղթող մասնակիցների աշխատավարձերի մի մասը, որը հնարավորություն կտա աշխատողներին լավ աշխատանքի անցնել, փորձառություն ձեռք բերել, ինչպես նաև կօգնի գործատուներին հավելյալ աշխատող վերցնելու պարագայում կրճատել իրենց ծախսերը։
-Արդյո՞ք Արցախում անցկացված ծրագրի մասնակիցները ևս կրկին մասնակցելու հայտ են ներկայացրել:
-Հետաքրքրական է, որ մասնակիցների մեջ ունենք «Վերելք» Արցախ ծրագրի շահառուներ, հաղթողներ, ովքեր նաև այս իրավիճակում վերադառնում են որպես «Վերելք» 3-րդ տարբերակի մասնակիցներ և իրենց զգում են «Վերելք» համայնքի անբաժան մաս։ Մենք բոլորս ծրագիրը մաքսիմալ պրոֆեսիոնալ կերպով կիրականացնենք թե՛ «Օփթիմայզ Քոնսալթինգ»-ի պրոֆեսիոնալ և ակադեմիկ վերահսկողությամբ, թե՛ ֆինանսավորման աղբյուրներով։
Մենք հավատարիմ ենք մնալու այն կարգախոսին, որ մեր վերելքը շարունակվում է ու մեր վերելքը չի կասեցվելու։
«Ապառաժ»