Վերածնունդ լինելու է

Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հայաշատ Սումգայիթ քաղաքում՝ ուղղակի 88-ի Շարժումը ճնշելու, հայերիս համար ցավալի եւ դառնագին, սակայն անհաջող փորձ էր։ 37 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության նկատմամբ իրականացվեց ցեղասպանություն։ Ադրբեջանի իշխանությունների նպատակաուղղված և ծրագրված գործողությունների արդյունքում և ԽՍՀՄ իշխանությունների լուռ համաձայնությամբ, իրականացվեցին հայերի զանգվածային ջարդեր, մարդկության դեմ ծանր հանցագործություններ։
Նմանօրինակ առանձնակի դաժանությամբ հանցանքներ գործած Ադրբեջանը մնաց անպատիժ, ավելին՝ այդ անպատժելիությունը ծնեց նոր ոճիրներ՝ 2020-ին, 2023-ին կրկին ցեղասպանության ենթարկվեց Արցախի ժողովուրդը, Բաքվի բանտերում հայտնվեցին նրա ռազմական եւ քաղաքական գործիչները, որոնք այսօր էլ ենթարկվում են բռնության եւ խոշտանգումների, շարունակվում է յուրացվել եւ ոչնչացվել Արցախի հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը, ավերվում են գյուղեր եւ քաղաքներ, Արցախում վերացվում է հայկակական հետքը։
Ադրբեջանում հայ պատանդների կեղծ դատավարություններն ու նրանց խոշտանգումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Անպատիժ մնալով Ադրբեջանը կրկին իր հայատյաց քաղաքականությամբ շարունակում է խոշտանգումների ենթարկել իրենց սեփական հայրենիքում ապրելու իրավունքի համար պայքարող ժողովրդին։ Իսկ Հայաստանը՝ որպես երաշխավոր Արցախի ժողովրդի, խուսափում է նրանց իրավունքների լիարժեք պաշտպանությունից։
Պատմությունը ցույց տվեց, որ երբ համախմբում կա ազգային նպատակների շուրջ՝ վերածնունդ հնարավոր է։ Այսպես էր 88-ին, երբ թվում էր, թե ելք չկա, երբ ծառացած մարտահրավերներն անհաղաթահարելի էին, այդ համախմբան ուժը դարձավ վահան՝ մեր ժողովրդի եւ մեր ազգային արժանապատվության վերականգնման։ Այսօր հրամայական է ազգային խնդիրների շուրջ համահայկական համախմբումը։
Պետք է համահայկական ուժերով ճնշում գործադրել՝ հասնելու համար միջազգային արդարատադության։ Նոր կառուցվող աշխարհում, եթե չհարգվեն մարդկանց իրավունքներն ու չգործեն օրենքները՝ կրկին քաոսի ու անորոշության կմատվեն ազգերը։ Կայուն խաղաղություն հնարավոր է միայն փոխադարձ իրավունքների ճանաչման եւ ընդունման պայմաններում։ Այսօր տրվել <խաղաղության> կեղծ օրակարգին, հրաժարվել ազգային առաջնահերթություններից, տեր չկանգնել սեփական երկրին եւ ժողովրդին, երբ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել, բռնազավթել հայկական տարածքները, Բաքվի բանտերում պահել մեր հայրենակիցներին, խոսել խաղաղության մասին՝ ոչ այլ ինչ է, քան դավաճանություն սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ։
Ադրբեջանը պետք է պատասխան տա հայերի հանդեպ Շուշիում, Սումգայիթում, Մարաղայում իրականացրած ոճրագործությունների համար, Բաքվին պետք է պատասխանատվության ենթարկել խաղաղ բնակչության հանդեպ իրականացված էթնիկ զտման եւ այսօր էլ շարունակվող ոճրագործությունների համար։ Միջազգային օրենքներն ու ժողովուրդների իրավունքների հարգումը լոկ ձեւակերպումներ չեն, դրանք պետք է գործեն կանխելու համար նոր աղետներն ու բռնությունները խաղաղ ժողովուրդների հանդեպ։ Եւ Հայաստանը որպես պետություն պետք է տեր կանգնի եւ պահանջի միջազգային հանրությունից հարգել եւ ճանաչել Արցախի ժողովրդի՝ իրենց հողում ազատ ապրելու անքակտելի իրավունքը։
«Ապառաժ»-ի խմբագրական
28 փետրվար, 2025թ․