Վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը

Հունիսի 1-ից վերամեկնարկել է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որին կավելանա 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2-րդ անդամից։
Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում), որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։
Դիմումներն ընդունվում են հունիսի 1-ից ՀՀ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։