Վերաքննիչ դատարանի դատավորի ձգձգված ընտրությունը
Գլխավոր » Լրահոս » Վերաքննիչ դատարանի դատավորի ձգձգված ընտրությունը

Վերաքննիչ դատարանի դատավորի ձգձգված ընտրությունը

Մարտի 23-ին կայացած նիստում ԱՀ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 21 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել Արսեն Ամիրջանյանին: Վերջինիս ընտրության հարցն ընդգրկված էր նաև փետրվարի 23-ին գումարված նիստի օրակարգում, սակայն քվեարկությունն այդպես էլ չի կայացել: Նախքան նիստի աշխատանքներին անցնելը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ խորհրդարանի 3 ընդդիմադիր խմբակցությունները նիստին չմասնակցելու  որոշում են կայացրել՝ հաշվի առնելով ներքին խնդիրները, մեր առջև ծառացած մարտահրավերները։

Խմբակցությունների պատգամավորների հեռանալուց հետո հաշվիչ հանձնախմբում քվորում չի ապահովվել, քանի որ հանձնախմբի 5 անդամներից 3-ը տվյալ խմբակցությունների անդամներ են:

Այնուհանդերձ, ԱՀ ԲԴԽ նախագահ Կարեն Սաղյանը ներկայացրել է դատավորի  թեկնածու Արսեն Ամիրջանյանի կենսագրական և աշխատանքային գործունեության տվյալները:

Վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Ամիրջանյանը իր խոսքում հիմնական շեշտը դրել է իր մարտական  ուղու վրա. «91-92թթ. Հադրութի ոստիկանության շրջբաժնում զբաղեցնում էի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի պաշտոնը, ոստիկանության պետն Արցախից հեռացել էր, համարյա մեկ տարի ինձ նշանակել են շրջբաժնի պետի պաշտոնակատար: Այդ ընթացքում համագործակցել եմ պարտիզանական շարժման հետ: Իմ ընկերները եղել են Արկադի Տեր-Թադևոսյանը, Արթուր Մկրտչյանը, այստեղ նստած Արշակ Գրիգորյանի հայրը՝ Վիգեն Գրիգորյանը, այն ժամանակ նա Տողի ենթաշրջանի պարտիզանակ շարժման համակարգողն էր: Կոմանդոսի հետ մասնակցել եմ Սարինշեն գյուղի ազատագրմանը, Տող գյուղի ազատագրմանը, այնուհետև ոստիկանության խմբի հետ արդեն քննիչի պաշտոնում մասնակցել եմ Ֆիզուլիի շրջանում, Կարախանբեյլիում ծավալված գործողություններին և հասել մինչև Ժդանովի մոտ»:

Անդրադառնալով իր թեկնածության առաջադրմանը՝ դատավորը նշել է, որ Արցախի դատական համակարգը փոքր է, թափուր տեղերն առաջանում են 5,7 տարին մեկ անգամ: «2018թ. դիմել եմ և ընդգրկվել առաջխաղացման ցուցակում, այնպես է ստացվել, որ թափուր տեղ առաջացել է սույն թվականի հունվարի 3-ին, այսինքն՝ 7 ամսից հետո պիտի թոշակի անցնեի: Լսել եմ այն կանխավարկածը, որ շատ քիչ ժամանակ է մնացել աշխատելու, կարծես թե նպատակահարմար չէ, այստեղ խնդիրը նույնիսկ թոշակի չափի տարբերության մեջ չէ, չափը շատ չնչին, այլ անունի, ստատուսի մեջ է»,- ասել է թեկնածուն՝ ավելացնելով, որ 21 տարի աշխատել է առաջին ատյանի դատարանում, և իր նախկին գործընկերները վաղուց դատական համակարգում բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Դատավորի թեկնածուի խոսքը լսելուց հետո խորհրդարանը հարցի քննարկումը հետաձգել է մինչև ԱԺ առաջիկա հերթական նիստը:

Իսկ մարտի 23-ին կայացած նիստում պատգամավոր Դավիթ Գալստյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել  Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրության մասին փետրվարի 23-ին ԱՀ ԱԺ նախագահին ուղղված հանրագրին: Մի խումբ հասարակական կազմակերպություններ ու հանրային գործիչներ հանրագրով մտահոգություն են հայտնում 3-4 ամսով դատավոր ընտրելու նպատակահարմարության մասին:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հակադարձել է՝ նշելով, որ կանոնակարգը հնարավորություն չի տալիս հասարակության կողմից ճնշումների ենթարկվել:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:
Նման որոշման համար, ըստ պաշտոնական տեղեկատվության, պատճառ են հանդիսացել «Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները»: Այնինչ «հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները» արտահայտվել է  իշխանամետ մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ ֆեյսբուքյան գրառման միջոցով:

1