Վերականգնել միասնությունը, որպեսզի ժողովրդի մոտ արթնանա հույսը և արցախցին ամուր կառչած մնա իր հողին. Հակոբ Տեր Խաչատուրյան
Օրերս Արցախում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը։ Արցախ կատարած այցի մանրամասների մասին «Ապառաժ»-ը զրույցել է Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ։
— Ընկե՛ր Հակոբ, Դուք պատերազմից հետո պարբերաբար այցելում եք Արցախ։ Ի՞նչ առաքելությամբ եք այս անգամ Արցախ ժամանել։
— Ես Արցախում էի թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից hետո, որպեսզի կարողանանք ծրագրել, թե ՀՅԴ համահայկական կառույցը իր ողջ ներուժը ինչպես ներդնի ի սպաս Արցախի։ Այդ ուղղությամբ մեր արածներն ու անելիքները կարելի է բաժանել 2 մասի. առաջինը՝ արտաքին, երկրորդը՝ ներքին ճակատի վրա։
Արտաքին ճակատում հարկավոր է Արցախի ինքնորոշման իրավունքի շեշտավորումը, որի ուղղությամբ մենք աշխատում ենք։ Արցախ այցելությունից առաջ նոյեմբերին Եվրոպայում էի, և եվրոպական տարբեր երկրներում բարձրացվեց Արցախի հարցը, որպեսզի այդ երկրներում իրական պատկերը ներկայացվի, ամեն տեղ շեշտադրվեն ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի անկախության ճանաչման հարցերը։ Այդ ուղղությամբ ողջունելի է Ֆրանսիայի սենատի որոշումը, և ակնկալում ենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովն էլ նմանօրինակ բանաձև ընդունի։ Այլ երկրներում ևս՝ Միջին Արևելք, Ավստրալիա, Ռուսաստան, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներ հետապնդում ենք կարգավիճակի խնդիրը, Արցախի ժողովուրդը պետք է զգա միջազգային հանրության աջակցությունը։ Անշուշտ, մտահոգություններ կան․ ռուս- ուկրաինական պատերազմը բացասաբար է անդրադառնում այս գործընթացի վրա, նաև կա այն հանգամանքը, որ արտաքին ուժերը փորձում են առայժմ կենտրոնանալ Հայաստանի անմիջական հարցերի՝ սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա բանակցությունների վրա, դրանք առաջնահերթ համարելով և նախընտրում են Արցախի հարցը մղել երկրորդ պլան։
Մեր հստակ նպատակն է այնպես անել, որ Արցախի հարցը մոռացության չմատնվի, վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը: Իսկ եթե որևէ համաձայնություն կնքվի ՀՀ-ի հետ, պետք է շեշտադրվի Արցախի կարգավիճակը միջազգային օրակարգում պահելու խնդիրը: Որքան էլ Ալիևն ու Էրդողանը պնդեն, թե այլևս գոյություն չունի Ացախի հարց, այնուամենայնիվ այդ հարցը այժմեական է և լուծման կարոտ։ Պետք է բացառել ուժի կիրառումը և վերակենդանացնել բոլոր այն ձևաչափերը, որոնք կնպաստեն հարցի լուծմանը։
Ներքին ճակատում հստակ է, որ Արցախի շահերի պաշտպանության համար պետք է լինի համահայկական համախմբվածություն։ Արցախի ժողովուրդը հոկտեմբերի 30-ի հանրահավաքով արտահայտեց իր կամքը, բայց իշխանություններն էլ պետք է պնդեն, որ ամեն գնով բացառելու են Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը և աշխատելու են վերականգնել ներազգային միասնությունը, որպեսզի ժողովրդի մոտ արթնանա հույսը և արցախցին ամուր կառչած մնա իր հողին։
Մենք նույնպես ողջունեցինք Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնում նշանակվելը և հույս ունենք, որ նոր մոտեցումներով և ուժերի համախմբմամբ պետք է կարողանանք լծվել նաև ներքին ճակատի խնդիրները լուծելուն, որպեսզի Արցախն ամբողջովին վերականգնվի, զարգանա ու բարգավաճի, և ի վերջո միանա մայր Հայաստանին։
— Այժմ Արցախում նոր կառավարություն է ձևավորվում։ Ի՞նչ դեր է ունենալու Դաշնակցությունն այս գործընթացում։
— 20 օր է, ինչ նոր պետնախարար է նշանակվել։ Մենք հանդիպումներ ունեցանք թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանի, թե՛ նոր պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ, որպեսզի տեսնենք՝ինչպես կարող ենք համադրել աշխատանքները ներքին և արտաքին ճակատներում: Եվ ՀՅԴ մեր կառույցը, ինչպես կարող է օժանդակել Արցախի ժողովրդին ու պետությանը՝ համահայկական իր ներուժը գործի դնելով։ Այդ հարցերի համար մենք ունենք մոտեցումներ, որոնք ներկայացրինք նրանց։ Հանդիպեցանք նաև պարոն Բալասանյանի հետ. Բոլորը գնահատեցին ՀՅԴ Արցախի ու համահայկական կառույցի դերն ու ունեցած ներդրումը: Այդուհանդերձ, մեր առջև ծառացած լուրջ խնդիրներ կան. պետք է կարողանանք ստեղծել ներքին համախոհություն, ամրապնդել ՀՅԴ-ժողովուրդ կապը, հասնենք նրան, որ բարեփոխումների միջոցով արձանագրենք առավելագույն արդյունքներ։ Մենք հույս ունենք, որ նոր կառավարությունը դրական արդյունքներ ապահովի, որոնց ձեռքբերման գործում պատրաստ ենք ունենալ մեր ներդրումը։
— Այս պահին ի՞նչ ծրագրեր եք իրականացնում Արցախում։
— Նախ նշեմ, որ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեությունն իր աշխույժ մասնակցությունն է բերում Արցախի քաղաքական կյանքին: ՀՅԴ շրջանները որդեգրել են գյուղական համայնքների և գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև ազատամարտիկների ընտանիքների օժանդակության մի շարք ծրագրեր: Ուրախ ենք, որ ՀՕՄ-ի միջոցով կարողացանք մեր օժանդակությունը ցուցաբերել տեղահանված ընտանիքներին, հաստատվեց «Արևային Արցախ» ծրագիրը, որի շնորհիվ ՀՕՄ-ի միոցներով արևային ջրատաքացուցիչներ է տեղադրվում գյուղական համայնքներում: ՀՕՄ-ը նույնպես շարունակում է իր մանկապարտեզների ցանցի հովանավորությունը: Արցախում այժմ ունենք նաև ՀՄԸՄ-ի սկաուտական կառույց և Համազգային Մշակութային Միության գրասենյակ:
Վատահ եմ, որ նոր կառավարության ձևավորումից հետո ևս նոր ծրագրեր են որդեգրվելու: Աշխատանքից մենք երբեք չենք խուսափել, հայրենիքի բարգավաճման ու զարգացման գործում միշտ պատրաստ ենք ունենալ մեր ներդրումը։