ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամներն Արցախից մեկնում են նոր ծրագրերով ու գաղափարներով
Ապրիլի 26-29-ը Արցախում էին Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամները, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհին: Արցախ այցը մեկնարկել է Ստեփանակերտի զինվորական պանթեոնում Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով, այնուհետև հետագա օրերին ՀՕՄ-ուհիները հանդիպումներ են ունեցել ԱՀ նախագահի, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների, ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության անդամների հետ, այցելել ՀՕՄ-ի Ստեփանակերտի, Խնձրիստանի և Աշանի «Սոսե» մանկապարտեզներ: Հայաստան և Արցախ կատարած այցի մանրամասների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ՀՕՄ-ի ԿՎ ատենապետուհի Նաիրի Տերտերյանի հետ:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Կենտրոնական վարչության նիստերի գերակշիռ մասը կայացել է առցանց: ՀՕՄ-ի ԿՎ ատենապետուհու խոսքով՝ հայրենիքում կայացել է Կենտրոնական վարչության երրորդ կենդանի լիագումար նիստը: «Մեկ տարուց ավելի է՝ նպատակ ունեինք գալ, բայց կորոնավիրուսի հետ կապված՝ տարբեր երկրների արգելափակումների պատճառով չուզեցինք փոքրամասնությամբ գալ, այլ որոշեցինք ամբողջական կազմով այցելել՝ չնայած ես անձամբ ԿՎ հանձնարարականով պատերազմի օրերին և անցյալ տարի եղել եմ Հայաստանում: Մեր նպատակն էր պատերազմից հետո գալ հայրենիք և անձամբ տեսնել իրավիճակը: Ոչ միայն տեսնել, այլ մասնակից լինել ժողովրդի կյանքին ու օգտակար դառնալ»,- նշել է Նաիրի Տերտերյանը:
Երևանում ԿՎ անդամները ապրիլի 22-ին մասնակցել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի լաբորատորիայի բացման արարողությանը, որը կրում է Արցախյան 3 պատերազմների մասնակից, 44 — օրյա պատերազմում զոհված, բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանի անունը: Կենտրոնի կահավորման, նոր սարքավորումներ ձեռք բերելուն աջակցել է նաև ՀՕՄ-ը, իսկ վերջերս նվիրել է նաև ռենտգեն սարքավորում:
«Այնուհետև ԿՎ կազմը Երևանում մասնակցեց ՀՅԴ երիտասարդականի կազմակերպած ջահերով երթին: Ապրիլի 25-ին այցելեցինք ՀՕՄ-ի Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոն, հույս ունենք, որ առաջիկայում Ախուրյանի համար նոր լուրեր կհայտնենք: Այցելեցինք նաև Գյումրիի Շիրվանյան կենտրոն, հանդիպեցինք մի շարք ՀՕՄ-ուհիների հետ»,- Հայաստանում անցկացրած օրերի մասին մանրամասներ է հայտնում ՀՕՄ-ի ԿՎ ատենապետուհին:
Հաջորդ հանգրվանը Արցախում էր: Դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներին բազմաթիվ անգամ Արցախ այցելած Նաիրի Տերտերյանը համեմատականներ է անցկացնում այն տարիների հետ. «Ես Արցախում առաջին անգամ եղել եմ 1992թ.-ին՝ Շուշիի ազատագրումից մի ամիս անց: Առաջին այցս Արցախ սկսվեց ռմբակոծությամբ, քաղաքը ռմբակոծեցին: Իսկ այս անգամ, անկեղծ ասած, ավելի վատ իրավիճակի էի սպասում: Դրսից նայելով՝ ասում էին շատ խոչընդոտներ, դժվարություններ կան: Իսկ իրականում ճանապարհը երկար էր, բայց հասնելուց հետո դրանք երկրորդական թվացին: Ստեփանակերտում լինելով, տեղի ՀՕՄ-ուհիների հետ շփվելով, երեխաների հետ շփվելով՝ զգացումներս նույնն են: Արցախը դեռ ազատ է, ոչ ոք չի կարող Արցախը բանտարկել, նույնիսկ եթե նրանք Շուշիում են»:
Խոսելով այցի ընթացքում առաջացած նոր գաղափարների մասին՝ ԿՎ ատենապետուհին նշում է, որ ՀՕՄ-ը սկզբից որոշեց պատերազմից անմիջապես հետո գումար հասցնել Արցախ, որովհետև այդ օրերին դրա կարիքը կար: «Հայ օգնության միությունն այստեղ ունի մանկապարտեզներ, ունի այլ ծրագրեր, բայց մենք ուզում ենք արմատապես օգնել ժողովրդին, ցույց տալ, որ մենք կարող ենք ձեզ նեցուկ կանգնել և իրավիճակը փոքր-ինչ թեթևացնել: Այո՛, նոր ծրագիր կա, որի մասին շուտով կհայտարարենք: Ուզում ենք բոլոր խնդիրները պարզել, հետո հայտարարել, համոզված եմ, որ ժողովրդի արձագանքը դրական է լինելու»,- ասում է նա:
Պատերազմի հետևանքով Արցախում գործող ՀՕՄ-ի 8 «Սոսե» մանկապարտեզներից 4-ը մնացել են օկուպացված տարածքներում: Նաիրի Տերտերյանը չի բացառում նոր մանկապարտեզների կառուցման հնարավորությունը: «Քննարկում ենք մեր մանկապարտեզների ցանցը ընդլայնելու հարցը, մանավանդ որ տարհանվածների համար նոր բնակավայրեր պիտի կառուցվեն: Մենք այդպիսի երկու տարբեր համայնք այցելեցինք: Հույս ունենք, որ կառավարության հետ խորհրդակցելուց հետո մի քանի մանկապարտեզներ կբացենք Արցախում՝՝ տեղահանված երեխաներին մեր «Սոսե» մանկապարտեզներում ազգային դաստիարակություն տալու համար»,- ասում է նա:
ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամներն Արցախից հեռանում են կարոտի զգացումով: «Իրականում չեմ ուզում թողնել Արցախը, որքան էլ հեռու լինեմ, Արցախն իմ սրտի մեջ է, և հուսով եմ, որ շուտով նորից կգամ: Արցախցին հեռվից խրախուսվելու կարիք չունի, միշտ եղել է ուժեղ, մենք գիտենք, որ մեր հողը ապահով է, որովհետև արցախցին կա»,- եզրափակում է ՀՕՄ-ի ԿՎ ատենապետուհին: