Վերադարձն Արցախ տեղի է ունենալու. Ալյոշա Գաբրիելյան
Գլխավոր » Լրահոս » Վերադարձն Արցախ տեղի է ունենալու. Ալյոշա Գաբրիելյան

Վերադարձն Արցախ տեղի է ունենալու. Ալյոշա Գաբրիելյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում էր կատարել և հայությանը կոչ էր արել սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման օրը, հավաքվել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ՝ Արցախի Անկախության օրը նշելու համար։

Արցախի Հանրապետության Ասկերանի նախկին քաղաքապետ, Արցախի ԱԺ երեք գումարման պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը ողջունում է Թևան Պողոսյանի գաղափարը, սակայն կարծում է, որ այդ ամենը քիչ է, պետք է նաև այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատներ, հանրահավաք անցկացնել։

«Գաղափարն ընդունելի է, անկախ այն հանգամանքից, թե արցախահայերը որտեղ են հավաքվում, այդ օրը շատ կարևոր է, թեկուզ ցույց տալով, որ Արցախի անկախության հռչակման տարեդարձը չի մոռացվել ոչ մեկի կողմից և Արցախ վերադառնալու մեր պահանջը կա ու լինելու է։

Սակայն այդ օրը զուտ Արցախի ներկայացուցչությունում հավաքվել և ընդամենը միմյանց շնորհավորելը, արտահայտվելը՝ քիչ է։ Կարծում եմ՝ եթե Արցախի իշխանությունները ողջունեն այդ քայլը, կարելի է նաև այդ օրը մեծ հանրահավաքի նման մի բան անցկացնել։ Այդ օրը մեծ խմբով գնալ ՄԱԿ գրասենյակի մոտ, այնուհետև՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների մոտ, ներկայացնել պահանջ, հիշեցնել Արցախի մասին»,-  նշեց Ալյոշա Գաբրիելյանը։

Տարիների հեռվից հիշելով 1991 թվականը, երբ Գերագույն խորհրդի պատգամավոր էր, և Արցախը հռչակում էր իր անկախությունը, Ալյոշա Գաբրիելյանն ասաց, որ ընթանում էին պատերազմական գործողություններ, և շատ դժվար էր, որպեսզի Շահումյանից, Հադրութից կամ այլ թեժ վայրերից ընտրված պատգամավորները գնային Ստեփանակերտ և այնտեղ գումարեին նիստեր։

«Սակայն հանուն պետականության, հանուն այն գաղափարի, որի մասին նախապես տեղյակ էր պահվել, մեծ դժվարություններով պատգամավորները հավաքվեցին Ստեփանակերտում և հռչակեցին Արցախի անկախությունը։

Սա կարևոր էր, որ հայկական երկրորդ Հանրապետությունում տեղի ունեցավ, այն երբեք չի մոռացվելու։ Մեր սերնդի համար սա կարևոր փաստ ու իրականություն է, որը գոյություն ունի։ Պատմական տարբեր ժամանակահատվածներում իրադարձություններ են փոխվում, և ըստ այդմ՝ մեր վերադարձն Արցախ տեղի է ունենալու։

Ցավում եմ, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները ՀՀ իշխանությունների ձեռամբ արգելակվել ու արգելակվում են։ Բայց կրկնում եմ՝ իրավիճակը կփոխվի և ամեն ինչ իր հունով կգնա»,- եզրափակեց Ալյոշա Գաբրիելյանը։

1