Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունքն է։ Ոչ ոք չի կարող Արցախի 150,000 հայերին զրկել այս հիմնարար իրավունքից․ Լիլիթ Գալստյան
Դուբլինում ընթացող ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ընտրվել է վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցության՝ սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների խմբակցության /SDSP/ փոխնախագահ:
Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, նշելով, — Շատ պարտավորեցնող է․ շարունակելու եմ միջազգային հարթակներում և հատկապես սոցիալիստների մեծ ընտանիքում ներկայացնել ու պաշտպանել Հայաստան-Արցախի շահը։
Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում եւս մեկ անգամ հնչեցնելով Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը։
«Հարգելի գործընկերներ,
Փաստը, որ բնապահպանության և մարդու իրավունքների ոլորտում վատագույն ցուցանիշներ արձանագրած Ադրբեջանն ընդունելու է COP29-ը, շատերին ցնցեց: կլիմայի փոփոպության խնդիրներին նվիրված այս կարևորագուն հավաքը Բաքվում հրավիրելու որոշումն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական վայրագ ագրեսիայից հետո, որն հարկադրեց Արցախի 120,000 հայ ազգաբնակչությանն անվերադարձ հեռանալ հայրենիքից:
Ադրբեջանի կողմից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումն ըստ էության սահմանվում է որպես էթնիկ զտում, որը հանցագործություն է մարդկության դեմ։
Ակնհայտ է, Ադրբեջանն օգտագործելու է բնապահպանական այս հավաքը՝ սրբագրելու սեփական հեղինակությունը, մինչդեռ իրականում ռեժիմը շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմատենչ վարքագիծը, ոտնահարելով սեփական ժողովրդի բոլոր հիմնարար իրավունքները։
ներկայումս Բաքվի բանտերում են հայ ռազմագերիները և կալանավորված այլ անձինք, որոնցից շատերը գերեվարվել են զանգվածային տեղահանման ժամանակ։ Նրանց թվում են 2023 թ․ սեպտեմբերին անօրինական ձերբակալված և Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարները։
Այս անձանց դատավարությունները զուտ քաղաքական հետապնդումներ են, որոնք օրինականության և արդարության հետ ոչ մի աղերս չունեն: Առանց որևէ ապացույցի կամ պատշաճ ընթացակարգերի կամայական կալանավորումը միջազգային բոլոր նորմերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի բացահայտ ոտնահարում են։
Թեև Կանադան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան բազմիցս կոչ են արել անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և բոլոր կալանավորվածներին, սակայն ոչ մի վճռական գործողություններ չեն ձեռնարկվել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումն ապահովելու համար:
Փոխարենը, COP29 կլիմայական գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ տասնյակ պատգամավորների մուտքը երկիր։
Սրանք այն պատգամավորներն էին, որոնք ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակման կողմ էին քվեարկել։
Հարգելի գործընկերներ,
Հնարավոր չէ կլիմայական արդարություն ապահովել առանց համարդկային արդարություն:
Ի վերջո, մեր կազմակերպությունը հիմնված է այն համոզմունքի և արժեքների վրա, որ բոլոր մարդիկ և ազգերը հավասար են իրենց իրավունքների և պարտականությունների մեջ:
Միջազգային հանրությունը ձախողել է Արցախի խնդրի հանգուցալուծումը, թույլ տալով ցեղասպանական գործողություն իրականացնել նրանց դեմ։ Սա նոր անարդարությունների և անպատժելիության ճանապարհ է բացում այլոց համար։
Կոչ եմ անում իմ գործընկերներին ակտիվացնել ջանքերը, տեր կանգնել այս մոռացված պատերազմի զոհերին, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
Սա միայն հայ ժողովրդի նկատմամբ արդարության խնդիր չէ։
Սա արդարություն է ողջ մարդկության համար»։