Վերադարձի իրաւունքի իրաւաքաղաքական հենքը․ Արցախահայութեան վերադարձի իրաւունքի խնդիրը
2020 թ․ պատերազմից, եւ յատկապէս 2023 թ․ Արցախի հայաթափումից յետոյ միջազգային եւ հայկական տարբեր շրջանակների կողմից յաճախ սկսուեց օգտագործուել «վերադարձի իրաւունք» ձեւակերպումը։ Միջազգային գործուն մեխանիզմների կիրառման պայմաններում արցախցիների վերադարձի իրաւունքի իրացումը դարձել է նաեւ ՀՅԴ Հայ դատի առանցքային յանձնախմբերի հիմնական քաղաքական առաջնահերթութիւններից մէկը։ Սոյն յօդուածում ներկայացւում են որոշ դրոյթներ վերադարձի իրաւունքի (Right to Return)՝ միջազգային տարբեր փաստաթղթերով սահմանուած իրաւաքաղաքական հենքի, մի քանի պետութիւնների, ինչպէս նաեւ Եւրոպական խորհրդարանի եւ ԵՄ գործադիր իշխանութեան կողմից այդ իրաւունքի յիշատակմամբ ընդունուած յայտարարութիւնների եւ բանաձեւերի վերաբերեալ, որոնք վերաբերում են արցախահայութեանը։
Վերադարձի իրաւունքի համար իրաւաքաղաքական հենք են հանդիսանում 1948 թ․ Դեկտեմբերի 10-ի Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը (The Universal Decleration of Human Rights), 1966 թ․ Դեկտեմբերի 16-ին ընդունուած Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների միջազգային դաշնագիրը (The International Covenant on Civil and Political Rights / ICCP), մասամբ` Փախստականների կարգավիճակի վերաբերեալ կոնվենցիան (Convention Relating to the Status of Refugees), ՄԱԿ Գլխաւոր Ասամբլիայի՝ 1948 թ․ թիւ 194 բանաձեւը (United Nations General Assembly Resolution 194 (III) of 11 December 1948), ինչպէս նաեւ Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների միջազգային դաշնագրի 12-րդ յօդուածի վերաբերեալ ՄԱԿ մարդու իրաւունքների յանձնախմբի մեկնաբանութիւնները (The Human Rights Committee General Comment on Article 12 of the International Covenant on Civil and Political Rights. November 1999)։ Նախ նկատենք, որ վերադարձի իրաւունքն ըստ էութեան ազատ տեղաշարժի իրաւունքին առնչակից իրաւունք է՝ միջազգային յստակ պաշտպանութեամբ։
Օրինակ “Human Rights Watch” իրաւապաշտպան կազմակերպութիւնը վերադարձի իրաւունքի իրացման անհրաժեշտութեամբ (1) հանդէս է եկել Կուատեմալայի, Էլ Սալվատորի, Հոնտուրասի, Մալաւիի, Բիրմայի, Մաւրիտանիայի սահմանային ճշգրտումների ժամանակ եւ Պոսնիայի, Քրուաթիայի, Քոսովոյի, Արեւելեան Թիմորի, Եթովպիայի/Էրիթրիայի հակամարտութիւնների ժամանակ: Վերադարձի իրաւունքի իրացումը շարունակապէս կարեւորւում է նաեւ Մերձաւոր Արեւելքի հակամարտութիւնների, յատկապէս իսրայէլապաղեստինեան նախկին ու յընթացս հակամարտութեան պայմաններում։
Իր հերթին միջազգային հանրութիւնը կոնվենցիոնալ պարտաւորութիւններ ունի ապահովելու եւ երաշխաւորելու վերադարձի իրաւունքի իրացումը՝ այդ թւում միջազգային գործուն մեխանիզմների կիրառմամբ։
Ստեղծուած իրավիճակում մեր խնդիրն է ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրաւական, ե՛ւ փորձագիտական մակարդակներում վերադարձի իրաւունքի իրացման միջազգային խօսոյթում արմատաւորել արցախցիների վերադարձի իրաւունքի պաշտպանութեան խնդիրը։
Վերադառնալով խնդրի իրաւաքաղաքական հենքին։ Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ յօդուածի երկրորդ կէտը սահմանում է․ «Իւրաքանչիւր ոք իրաւունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառեալ նաեւ սեփականը, եւ վերադառնալու իր երկիրը»։
Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների միջազգային դաշնագրի 12-րդ յօդուածը սահմանում է․
1. Որեւէ պետութեան տարածքում օրինականօրէն գտնուող իւրաքանչիւր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժուելու իրաւունք եւ բնակութեան վայր ընտրելու ազատութիւն։
2. Իւրաքանչիւր մարդ իրաւունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառեալ իր սեփականը:
3. Վերը նշուած իրաւունքները չեն կարող ենթարկուել որեւէ սահմանափակման, բացի օրէնքով նախատեսուած այն սահմանափակումներից, որոնք անհրաժեշտ են պետական անվտանգութեան, հասարակական կարգի, բնակչութեան առողջութեան կամ բարոյականութեան կամ էլ այլոց իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեան համար, եւ համատեղելի են սոյն Դաշնագրով ճանաչուող այլ իրաւունքների հետ։
4. Ոչ ոք չի կարող կամայականօրէն զրկուել իր սեփական երկիրը մուտք գործելու իրաւունքից:
Այստեղ կարեւոր է անդրադառնալ սոյն յօդուածի վերաբերեալ ՄԱԿ մարդու իրաւունքների կոմիտէի մեկնաբանութիւններին, որոնք յանգում են 12-րդ յօդուածի 4-րդ ենթայօդուածի կիրառման գրեթէ բացարձակ բնոյթին եւ դրա կաշկանդուած չլինելուն նոյն յօդուածի առաջին ենթայօդուածներով։
“Human Rights Watch”-ը ուշագրաւ դիտարկման է արժանացրել 1955 թ. «Նոթեբոնի գործը» (Լիխտէնշտէյնն ընդդէմ Կուատեմալայի), որտեղ տեղ գտած իրաւական վերլուծութիւնները, որպէս նախադէպային որոշման տարրեր, կարող են հետաքրքիր լինել խնդրոյ առարկայ հարցի լուսաբանման համատեքստում։ Մասնաւորապէս, ի թիւս այլնի, Արդարադատութեան միջազգային դատարանն այս գործով նկատել է, որ «արդիւնաւէտ կապը» թոյլ է տալիս իրենց երկրից դուրս գտնուողներին վերադառնալ, նոյնիսկ եթէ նրանք ծնուել են այլ վայրում եւ առաջին անգամ են մտնելու {հայրենի երկիր}, քանի դեռ նրանք պահպանել են «իսկական եւ արդիւնաւէտ կապ» {հայրենի} երկրի հետ:
Իրական եւ արդիւնաւէտ կապը, որը հիմք է հանդիսանում վերադարձի իրաւունքի համար, կարող է ժամանակի ընթացքում անհետանալ: Այնուամենայնիւ, դա չի տարածւում բռնի տեղահանուածների վրայ: «Իրաւունքի անհետացման որոշում» չի կարող կայացուել այն անձանց համար, ովքեր հնարաւորութիւն չեն ունեցել օգտագործելու վերադարձի իրաւունքը: Փախստականների՝ կամովին կամ հարկադիր հեռացման փաստը, չի ազդում վերադարձի իրաւունքի վրայ: Փախստականի կարգավիճակի առկայութիւնն էլ, բնականաբար, վերադարձի իրաւունքի իրացման սահմանափակում հանդիսանալ չի կարող։
Մարդու իրաւունքների միջազգային կարգաւորումները, ինչպէս նաեւ փախստականների իրաւունքների միջազգային կարգաւորումները «համատեղ» ամրապնդում են վերադարձի իրաւունքը: Փախստականների մասին միջազգային իրաւունքը հաստատում է վերադառնալու իրաւունքը՝ շեշտը դնելով կամաւոր հայրենադարձութեան վրայ՝ որպէս փախստականների խնդրի նախընտրելի կայուն լուծում: Դրա հիմքը կարելի է գտնել Փախստականների կարգավիճակի մասին 1951 թ․ կոնվենցիայում (այսուհետ՝ կոնվենցիա) եւ դրա 1967 թ․ արձանագրութիւնում:
Հետաքրքիր է նկատել, որ վերադարձի իրաւունքը կանոնակարգող միջազգային ակտերը կարծես թէ նպատակադրուած աւելի շատ շեշտում են «երկիր», «սեփական երկիր» հասկացութիւնները քան «պետութիւն» եզրոյթը։
Արցախցիների վերադարձի իրաւունքի խնդրի միջազգային արձագանգները
Ինչպէս 2020 թ․ պատերազմից, այնպէս էլ 2023 թ. Արցախի հայաթափումից յետոյ, միջազգային խօսոյթում արցախցիների վերադարձի իրաւունքի վերաբերեալ տեղի են ունեցել բազմաթիւ յիշատակութիւններ, որոնք կարեւոր են այս իրաւունքի իրացման վերաբերեալ աշխատանքները զարգացնելու, այն միջազգային յարաբերութիւններում քննարկման առարկայ դարձնելու տեսանկիւնից։ Ստորեւ անդրադառնանք այդպիսի յիշատակումներին՝ մի շարք պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների օրինակներով։
Արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման անհրաժեշտութեան վերաբերեալ յայտարարութիւնները կարելի է դասակարգել ըստ պետութիւնների, միջազգային կառոյցների, դատական մարմինների, իրաւապաշտպան կազմակերպութիւնների, էկումենիկ կազմակերպութիւնների եւ պետութիւնների հաւաքական յայտարարութիւնների։
Պետութիւններ
Ֆրանսա
Ֆրանսայի Սենատի կողմից արցախցիների վերադարձի իրաւունքը կարեւորուել է 2020 թ․ Նոյեմբերի 18-ին ընդունուած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման անհրաժեշտութեան վերաբերեալ» (2) եւ 2024թ․ Յունուարի 17-ին ընդունուած մի բանաձեւով, որի վերտառութիւնը հետեւեալն է. «Լեռնային Ղարաբաղում Ատրպէյճանի ռազմական յարձակումը եւ ագրեսիան դատապարտելու եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան ոտնահարման հետագայ փորձերը կանխելու մասին բանաձեւ՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ատրպէյճանի դէմ եւ երաշխաւորել հայ բնակչութեան Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրաւունքը» (3)։
Իր հերթին արտգործնախարար Կատրին Կոլոնան 2023 թ․ Հոկտեմբերի 4-ին յայտարարել է․ «Այս յարձակումից յետոյ մօտ 100․000 մարդ փախել է Լեռնային Ղարաբաղից՝ հասնելու Հայաստան՝ Ռուսաստանի մեղսակցութեան եւ Թուրքիայի աչալուրջ աչքի ներքոյ։ Այս բնակչութիւնը իրաւունք ունի վերադառնալու իրենց հողը, եթէ դա նրանց ցանկութիւնն է։ Թեման ներկայացուել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին» (4):
Պելճիքայի Թագաւորութիւն
Պելճիքայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը 2020 թ․ Դեկտեմբերի 17-ին ընդունել է բանաձեւ (5), որտեղ ի թիւս այլնի անդրադարձել է վերադարձի իրաւունքին։ 2023 թ․ Հոկտեմբերի 4-ին Պելճիքայի Ֆլամանական խորհրդարանն է բանաձեւ ընդունել, որով Եւրոպական յանձնաժողովին կոչ է արել անհրաժեշտ մարդասիրական օգնութիւն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին, իսկ Ատրպէյճանին կոչ է արել թոյլ տալ էթնիկ հայ բնակչութեանը անվտանգ վերադառնալ եւ ապրել Լեռնային Ղարաբաղում՝ միջազգային հսկողութեան ներքոյ (6):
Միացեալ Թագաւորութիւն
Միացեալ Թագաւորութեան խորհրդարանի զոյգ պալատների առանձին անդամներ ելոյթներով շեշտել են արցախցիների վերադարձի իրաւունքը։ Արցախահայութեան վերադարձի իրաւունքի կարեւորմամբ 2024 թ․ Մարտի 19-ին Վեսթմինսթերեան պալատում տեղի է ունեցել քննարկում՝ «Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին միջազգային աջակցութիւն» (7) խորագրով։
Ի պատասխան ՄԹ Խորհրդարանի անդամ Էնտրիւ Բրիջէնի հարցման՝ խորհրդարանական փոխքարտուղար Լեո Դոչերտին 2024 թ․ Մարտի վերջին յայտնել է (8), որ ՄԹ կառավարութիւնը գտնում է, որ Ատրպէյճանը պէտք է պայմաններ ստեղծի սեպտեմբերեան ռազմական գործողութեան ընթացքում տեղահանուած եւ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի անվտանգ եւ ապահով վերադարձի համար: 2023 թ. Նոյեմբերի 9-ին, ԵԱՀԿ-ում ՄԹ փոխդեսպան Տէյտր Պրաունն էլ էր նոյնիմաստ յայտարարութիւն արել (9)։
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերին 2023 թ․ Մարտի 10-ին յատրարարել է. «Հայաստան մեկնած Լեռնային Ղարաբաղի բնակիչները պէտք է կարողանան վերադառնալ իրենց տները, եթէ դա ցանկանան, երբ դա անվտանգ լինի» (10):
ԱՄՆ պետդեպարտամէնտի խօսնակ Մեթիւ Միլլերը 2023 թ․ Նոյեմբերի 14-ին յայտարարել է. «Մենք շարունակում ենք հաւատալ, որ մարդիկ, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, իրաւունք ունեն վերադառնալ տուն, եթէ ցանկանում են դա անել, եւ դա իրաւունք է, որը պէտք է պահպանուի» (11):
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան ներկայացուցիչ Ալեքսանդր Սոկոլովսկին, 2023թ․ Նոյեմբերի 15-ին նոյնպէս խօսել է արցախահայութեան վերադարձի իրաւունքի մասին (12):
Այդ իրաւունքի մասին 2023 թ․ Նոյեմբերի 15-ին խօսել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնական Ճէյմս Օ’Պրայէնը՝ նշելով, «կայուն վերադարձ, եթէ նրանք այդպէս ընտրեն՝ երաշխաւորուած իրենց իրաւունքներով եւ անվտանգութեամբ»։
ԱՄՆ Կոնգրեսի զոյգ պալատներում նոյնպէս, ամիսներ շարունակ, տարբեր ձեւաչափերով քննարկման առարկայ է վերադարձի իրաւունքի խնդիրը։
Գանատա
Արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման հարցում յստակ է նաեւ Գանատայի դիրքորոշումը։ Արտգործնախարար Ժոլին դրա մասին խօսել է Երեւանում 2023 թ. Հոկտեմբերի 25-ին, մասնաւորապէս նշելով․ «Գանատան նաեւ կոչ է անում Ատրպէյճանի կառավարութեանը յարգել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանուած հայերի վերադարձի իրաւունքը եւ բարեխղճութիւն դրսեւորել՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անարգել մուտքի վերականգնմանը՝ էթնիկ հայերի անվտանգ վերադարձի համար» (13)։
Ռուսաստանի Դաշնութիւն
Արցախահայութեան վերադարձի իրաւունքի վերաբերեալ Ռուսաստանի Դաշնութիւնից արուած յայտարարութիւնները տարբերւում են այլ երկրների նոյնանման յայտարարութիւններից։ Ռուսական կողմը խօսում է ոչ թէ «վերադարձի իրաւունքի» մասին, որը միջազգային իրաւունքի մաս է, այլ խօսում է «վերադարձի» մասին։ Աւելին, միայն ռուսական կողմն է ասում (բացի ատրպէյճանական կողմից), որ հայերն Արցախը լքել են կամաւոր։
Փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ 2024 թ․ Փետրուարի կէսերին ասել է․ «Լեռնային Ղարաբաղը ներկայումս ինտեգրւում է ատրպէյճանի իրաւական դաշտին։ Ցաւօք սրտի, Ղարաբաղի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժուար, բայց կամաւոր ընտրութիւնն էր: Այս առումով կարեւոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ միաժամանակ ապահովելով նրանց իրաւունքները եւ անվտանգութիւնը» (14)։
Վերադարձի հարցի մասին վերջերս խօսել էր նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը՝ յայտարարելով (15), որ Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարեւոր է Ռուսաստանի համար եւ կարծիք յայտնել, որ ատրպէյճանական կողմն այդ իրաւունքը չի մերժում։
Շարունակելի։ Երկրորդ մասում կ’անդրադառնանք միջազգային կառոյցների, դատական մարմինների, իրաւապաշտպան կազմակերպութիւնների, Էկումենիկ կազմակերպութիւնների, եւ պետութիւնների հաւաքական յայտարարութիւններին։
Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու