Վերադարձի հույսով մարզելով հոգին ու մարմինը․ Երևանում ընթանում են Արցախի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պարապմունքներ

«Արցախը մենք ենք և մեր նպատակը վերադարձն է»։ Այս կարգախոսով են արցախցի պատանի մարզիկները մտնում Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի մարզադահլիճ, որտեղ ընթանում են Կիոկուշին կարատեի պարապմունքներ։ Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում պատմում է Արցախի Հանրապետության սպորտի վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը։ Արցախում Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիրը տեղահանությունից հետո, ֆեդերացիան վերագրանցման խոչընդոտների հանդիպելով, ստեղծել է «Վերադարձ» կիոկուշին կարատեի ակումբ հասարակական կազմակերպությունը, որպեսզի երեխաների պարապմունքները հնարավոր լինի կազմակերպել։
«Երեխաներն անընդհատ զանգում էին, հարցնում, թե երբ ենք սկսում պարապմունքները։ Ես էլ ֆեդերացիան վերագրանցել եմ որպես ՀԿ, մարզադահլիճի համար դիմել տարբեր մարդկանց։ Նոր Նորքի թաղապետը Երևանի համար 17 հատուկ դպրոցն է հատկացրել մեր պարապմունքների համար, մինչև այդ նախարարության հետ կապված դժվարություններն եմ հաղթահարել, հանդիպել փոխնախարարների հետ և մարզադահլիճի հարցը լուծվել է»,- պատմում է մարզիչը։ Իսկ մարզագույքը և մարզական հագուստը տրամադրել են նրա ընկերները, նախկին սաները, հարազատները։
Նրա խոսքով՝ երեխաները, մտնելով մարզադահլիճ, մոռանում են, որ գտնվում են Երևանում, իրենց թվում է Ստեփանակերտի համար 1 դպրոցի մարզադահլիճում են։
Ֆեդերացիան արդեն ունի ավելի քան 70 աշակերտ՝ երկու մարզական խմբերով։ Արմեն Պետրոսյանը դիմել է տարբեր կազմակերպությունների ու անհատների, որոնցից «Լույս» հիմնադրամի հետ պայմանագիր է կնքել մարմնակրթական և մշակութային ծրագիր իրականացնելու համար։
«Մարմնակրթականը կիոկուշին կարատեի արևելյան մարտարվեստի դասավանդումն էի, իսկ մշակութայինը՝ կարատեի միջոցով երեխաներին համախմբելը և բարբառը պահպանել։ Մեր պարապմունքների խոսակցական լեզուն արցախյան բարբառն է»,- ասում է նա։
Սաները հիմնականում արցախցիներ են, կան նաև քիչ թվով տեղացի աշակերտներ։ Աշակերտները կարող են 6 տարեկանից հաճախել պարապմունքների, իսկ ավագ տարիքում շեմ չկա։ «Ամենամեծ աշակերտս 18 տարեկան է, ամենափոքրը՝ վեց։ Արցախում յոթ մարզիչ ունեինք, այժմ միայն ես եմ մարզում, որովհետև մյուսները սոցիալական խնդիրների կամ այլ պատճառներով չեն կարողանում մարզչական աշխատանք կատարել։ Բայց մարզիչների հետ կապը պահում եմ, բոլոր միջոցառումներին ներկայանում են որպես մրցավարներ։ Արցախի ֆեդերացիայի լավագույն ավանդույթները պահպանում ենք Հայաստանի Հանրապետությունում»,- ասում է Արմեն Պետրոսյանը։
Նա նշել է, որ «Վերադարձ»-ը արցախյան միակ մարզական կազմակերպությունն է, որն Արցախից դուրս արցախյան առաջնություն է կազմակերպել՝ 50-ից ավելի աշակերտների մասնակցությամբ։ Առաջնության հիման վրա կազմել են հավաքական թիմ, որը ապրիլի 29-ին մասնակցելով Հայաստանի գավաթի խաղարկությանը, վեց չեմպիոն է ունեցել։ Այնուհետև հրավեր են ստացել մասնակցելու միջազգային մրցույթի՝ Գյումրիում կայանալիք Օյամայի գավաթի խաղարկությանը։ Հունիսի 2-ին կայացած խաղարկությանը մասնակցում էին ՀՀ, Իրանի և ՌԴ մանկապատանեկան թիմերը, այնտեղ արցախցիները վեց ոսկե մեդալ են նվաճել։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի գավաթի և Օյամայի գավաթի խաղարկություններից արցախցի մարզիկները 27 մեդալ են նվաճել։
Այժմ արցախցի մարզիկները պատրաստվում են հոկտեմբերի 6-ին կայանալիք Սանդա ուշուի առաջնությանը, որը տեղի է ունենալու Արարատի մարզում։
«Տարաբնույթ միջոցառումներ, ցուցադրական ելույթներ ենք կազմակերպել, որոնցից մեկը նվիրված էր Հայաստանի անկախության օրվան։ Բացի դրանից, կազմակերպել ենք գոտու որակավորման քննություններ։ Այս տարի ակումբի մեկ ամյակի կապակցությամբ ունենալու ենք հաշվետու մրցույթ, որին մասնկացելու են բոլոր աշակերտները և լինելու են խրախուսական մրցանակներ»,- հայտնում է Արմեն Պետրոսյանը։
Աշակերտները պարապումքների են հաճախում ոչ միայն Երևանից, այլև մարզերից, ինչը, մարզչի խոսքով, մեծ ֆինանսական բեռ է նրանց համար։
Խոսելով աշակերտների հոգեբանական վիճակի մասին, մարզիչը նշում է, որ կարատեն նաև հոգեբանական բժշկություն է ոչ միայն աշակերտների, այլ նաև ծնողների համար։
Նա նաև հավելել է, որ Կիոկուշին մարզաձևից ՀՀ-ում ամենաբարձր ցուցանիշներն Արցախի ֆեդերացիան ունի, իսկ նրա նախկին սան, աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանն այս օրերին գտնվում է Արգենտինայում՝ այնտեղ ծածանելով Արցախի դրոշը։
Վերջերս Արթուր Առուշանյանը KWU վարկածով Արգենտինայի առաջնության հաղթող էր ճանաչվել:




