Վերաբացվել է Նիկոլ Դումանի տուն-թանգարանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Վերաբացվել է Նիկոլ Դումանի տուն-թանգարանը

Վերաբացվել է Նիկոլ Դումանի տուն-թանգարանը

Զբոսաշրջային առումով Արցախի ամենահայտնի վայրերից մեկի՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարանի, դռներն արդեն բաց են այցելուների առաջ:

Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի տարածքում գտնվող թանգարանն իր բացման օրվանից՝ 2004թ. ի վեր առաջին անգամ փակվել էր 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի սկսման օրը: Այսօր արդեն վերանորոգված, համալրված ցուցադրությամբ տուն-թանգարանը պատրաստ է  ընդունել հայտնի հասարակական, քաղաքական, ռազմական գործիչներ Նիկոլ Դումանի, Խանասորի Վարդանի  կյանքով ու գործունեությամբ, ազգագրական նիստուկացով, ավանդական ուտեստներով հետաքրքրված զբոսաշրջիկներին:

Թանգարանի հիմնադիր Սերգեյ Շահվերդյանը կարևորում է թանգարանի վերաբացումը մի քանի առումներով. «Մեզ համար շատ կարևոր է, որ բնականոն կյանքն Արցախում օր առաջ վերականգնվի, մեզ համար շատ կարևոր է, որ զբոսաշրջիկները մանավանդ, երբ ահռելի քանակությամբ զբոսավայրեր են կորցվել պատերազմի հետևանքով, տեղ ունենան այցելելու: Այդ պատճառով որոշեցինք օր առաջ վերաբացել»:

Տուն-թանգարանում կան գիշերակացի պայմաններ, ազգային-ավանդական ճաշատեսակներ համտեսելու հնարավորություն, դրամահատման գործիք, իսկ ստացած տպավորությունները կարելի է ֆիքսել ակնթարթային լուսանկարների միջոցով:

Նախքան պատերազմը և կորոնավիրուսային համաճարակը, թանգարանի տարածքում նաև ազգագրական միջոցառումներ էին կազմակերպվում: Սերգեյ Շահվերդյանը հայտնել է, որ զբոսաշրջային հոսքի վերականգմանը զուգահեռ կվերսկվի նաև այդ ծառայությունների մատուցումը:


1