Վայ նրանց, ովքեր զիջումներով պայմանի են պատրաստվում. Լեռնիկ Հովհաննիսյան

Համերգին ելույթով հանդես է եկել ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը.
«ԱՀ մեծարգո նախագահներ, ԱԺ հարգելի նախագահ, պետական այրեր, սիրելի հայրենակիցներ, հայոց պատմության նորագույն ժամանակաշրջանը սկսվում է 1918թ. մայիսյան հերոսամարտերով և նրա ծնունդ անկախ պետականության վերականգնմամբ՝ ի դեմս Հայաստանի առաջին Հանրապետության։ Մայիսյան հաղթական հերոսամարտերը հայ ժողովրդին տվեցին երկու մեծագույն արդյունք առաջինը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերով նաև Բաքվի հայության ինքնապաշտպանությամբ վիժեցվեց Արևելյան Հայաստանը զավթելու և տեղի հայությանը ցեղասպանելու երիտթուրքական ծրագրերը և երկրորդ, հայ ժողովուրդը ոչ միայն պաշտպանեց իր գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։ Հայ ժողովրդի պատմության թերևս ամենաողբերգական էջի՝ Հայոց Ցեղասպանությունից 3 տարի անց՝ ռազմաքաղաքական մեծ ալեկոծություններից ու վայրիվերումներից հետո, Արևելյան Հայաստանում հայ ժողովուրդն ուժ գտավ իր մեջ՝ հռչակելու անկախություն և կերտելու հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։
Պատմական այդ իրադարձությունը անտարակույս կարելի է համարել 20-րդ դարի հայոց պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկը։
Հայաստանի առաջին Հանրապետության կերտողը հայ ժողովուրդն է։ Պատահական չէ, որ Գարեգին Նժդեհը իրավացիորեն մայիսի 28-ի հեղինակը համարում է ողջ հայությանը իր գործողություններով, տառապանքներով, կամքով և ոգով։ Ժողովրդի հետ մասին դրանում իր քաղաքական մասնակցությամբ անուրանալի դերակատարություն ունի Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Լրացուցիչ ապացույցի կարիք չունի այն իրողությունը, որ ՀՅԴ-ն ստանձնել էր անկախ պետականության, ժողովրդի և հայրենիքի անվտանգության ողջ պատասխանատվությունը։
Հայաստանի առաջին Հանրապետությունը կազմակերպված պետություն էր դրան բնորոշ անքակտելի բոլոր հատկանիշներով։
Չնայած Հայաստանի առաջին Հանրապետության անկման գլխավոր պատճառը եղել է արտաքին բիրտ միջամտությունը, սակայն երկրի ներքին կյանքում տեղ գտան երևույթներ, որոնք բացասաբար անդրադարձան հատկապես երկրի արտաքին քաղաքականության և պաշտպանունակության վրա։ Առաջինը հատվածականության դրսևորումն էր. հայ ժողովրդի մի կարևոր հատվածի՝ արևմտահայության մի մասը այդպես էլ չճանաչեց Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ողջ հայության պետություն՝ նրան քամահրանքով անվանելով արարատյան հանրապետություն, երևանյան հանրապետություն և վերջապես անոնս հանրապետություն։ Ցավոք սրտի, այս ամենը արտահայտվեց Փարիզի Խաղաղության վեհաժողովում, որն անկասկած իր բացասական ազդեցությունը պետք է ունենար Հայ դատի դրական լուծման ընթացքի վրա։ Երկրորդ, բանակում կուսակցական քարոզչությունը, որը կատարվեց սկսած 1919թ. վերջից հայ բոլշևիկների կողմից և վատ կերպով արտահայտվեց մայիսյան խռովության ժամանակ։ Չնայած այն ճնշվեց, սակայն այդ երևույթը թուլացրեց իշխանության դիրքերը, քանի որ ընդվզող հիմնական տարրը զինվորականությունն էր, ուստի այդ հանգամանքը խմորումներ առաջացրեց բանակում, ընկավ նրա մարտունակությունը, որը պետք է բացասական անդրադարձ ունենար 1920թ. աշնանը թուրք-հայկական պատերազմի ժամանակ։
Չնայած պետականության կորստին՝ հայ ժողովուրդը չկորցրեց հավատը Հայաստանի հետագա անկախության, վկան՝ մերօրյա Հայաստանի և Արցախի Հանրապետությունները։
Չնայած վերջին օրերին Բաքվի բռնապետի հոխորտանքներին, որը հետևանք էր նաև ՀՀ օրվա իշխանությունների գաղափարական մուտանտիզմի քաղաքականության, ԱՀ բնակչությունը համայնք կամ էթնիկ խումբ չէ, այլ հազարամյակներ շարունակ իր հայրենիքում ապրող և պետականության գաղափարը բարձր պահող ժողովուրդ է, որն իր արտահայտությունը գտավ 21-րդ դարասկզբին և 20-րդ դարավերջին հայկական բոլոր պետականությունների վերականգնամն ժամանակ։
Ելույթի վերջում անդրադառնամ Հայաստանի առաջին Հանրապետության վերջին օրերի մի դրվագի։ 1920թ. նոյեմբերի 28-ին, երբ կայանում էր Ալեքսանդր Խատիսյանի և Թազիմ Կարաբեքիր փաշայի բանակցությունները, մերժելով Հայաստանի հանրապետության առաջարկները՝ Թազիմ Կարաբեքիրն ասաց՝ Հայաստանի բնակչությունն ընդամենը 1 մլն է, ձեզ փոքր տարածքն էլ է բավական, և Ալեքսանդր Խատիսյանը վերհիշեց ընդամենը 2,5 տարի առաջ իր կուսակից ընկերոջ՝ Արամ Մանուկյանի հետևյալ խոսքերը.
«Ոչ մի դաշինք ու զիջում, պետք է շարունակել պայքարը մինչև հաղթանակ։ Վա՜յ նրանց, ովքեր ստրկական հոգի ունեն, վա՜յ նրանց, ովքեր զիջումներով պայմանի են պատրաստվում և վա՜յ այն ղեկավարներին, որոնք իրենց հուսահատ տրամադրությամբ ու ստրկացման տանող ձեռնարկներով դավաճանում են հայ ժողովրդին»: