Վառելիքի մեծածավալ պակաս կա, սնունդն ու դեղորայքը սպառվել են՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը
Գլխավոր » Լրահոս » Վառելիքի մեծածավալ պակաս կա, սնունդն ու դեղորայքը սպառվել են՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը

Վառելիքի մեծածավալ պակաս կա, սնունդն ու դեղորայքը սպառվել են՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը

Ողջունելի է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ լիակատար պաշարման հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակին: Այս մասին գրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Միջազգային ԶԼՄ-ները իրենց նյութերում արծարծում են ինչպես Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը եւ գնահատականները, վաղը կայանալիք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս իրավիճակի քննարկումը, այնպես էլ ներկայացնում են Արցախի իշխանությունների եւ հանրության կողմից տրված փաստերն ու տեսակետները:

Այսօր հեղինակավոր «Financial Times» լրատվականը եւս անդրադարձել է պաշարված Արցախի 120,000 բնակչության խնդիրներին, ինչպես նաեւ իրավիճակի հնարավոր զարգացումներին:

Իմ խոսքերից լրատվամիջոցը մեջբերել է մի հատված. «Շրջափակումը հանգեցրել է սննդի պակասի, քանի որ սննդամթերքի 90 տոկոսը սովորաբար ներմուծվում էր Հայաստանից։ Վառելիքի մեծածավալ պակաս կա: Առողջապահությունը եւ այլ անհրաժեշտ ծառայությունները մեծ դժվարությամբ են աշխատում։ Դեղորայքը սպառվել է՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը»:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարություններին՝ նյութում ներկայացվել է իմ կոչը ՀՀ իշխանություններին՝ չգնալ այդ քայլին՝ ընդգծելով մեր ինքնորոշման իրավունքը:

Մենք, մեր գործընկերներն ու բարեկամները շարունակում ենք հետեւողական ջանքերը՝ բարձրացնելու իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության մակարդակը եւ ճնշումն Ադրբեջանի հանդեպ՝ ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման նպատակով»:

1