Վարդան Բախշյանն այսօր դարձավ 60 տարեկան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը.
«Ողջ օրն ընկերոջս, եղբորս մասին ուզում էի սրտի խոսք ասել։ Բայց այլ բառեր չգտա, ինչ արդեն մեկ տարի առաջ ու տարիներ շարունակ ասել եմ։
Այսօր Վարդանն է ծնվել: Վարդան Բախշյանս, մեր ընտանիքում չորրորդ եղբայրս, որ անսահման բովանդակություն հաղորդեց մեզ, իր ընկերներին, երկրին: Բացառիկ մտավորական, պատմաբան, որ զուգորդեց գրիչն ու զենքը… Նրա համար Հայրենիքը «կրճատված» անբովանդակ տարածք չէր, որ այսօրվա խեղկատակները կոչում են 29800 քառակուսի կիլոմետր: Նա Հայրենիք էր սիրում ու իր դաշնակցական երդումով պայքարում դրա ազատագրման համար: Այդ մեծ Հայրենիքի սերն էլ արտահայտում էր գիտության մեջ, պատմական քարտեզագրության ոլորտում իր ուրույն խոսքն ասելով: Ու Հայրենիքի սիրով էլ ՀՅԴաշնակցության դրոշի տակ պաշարված Բերդաձորի պաշտպանության դիրքերում էր, ռազմավարական Խաչիկում էր: Վերջին մարտական գործուղումը կիսատ թողեց նրա ճախրանքը… Բայց նա միշտ կա, գործով, մտքով, ժառանգությամբ…
Իսկ այս լուսանկարում հեռավոր 1991 թվականի մարտի 15-ին էինք… ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենքի առջեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած համաուսանողական նստացույց էր, ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման պահանջով։ Վարդանը այդ ամենի ոգեշնչողներից մեկն էր։
Ընկերս, երնեկ քեզ, որ չես ապրում այս ամեն ինչը…»