«Վարանդա» երգչախմբի 30-ամյակն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Վարանդա» երգչախմբի 30-ամյակն է

«Վարանդա» երգչախմբի 30-ամյակն է

Շուշիի ազատագրումն ու «Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական պետական երգչախումբը տարեկիցներ են: 1993-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, խմբավար, շվիահար ու դուդուկահար Զաքար Քեշիշյանի կողմից Շուշիի Արամ Մանուկյանի անվան վարժարանում հիմնադրված երգչախումբը նպատակ ուներ պատերազմի արհավիրքն ապրող շուշեցի մանուկների ու պատանիների դեմքերի արցունքը չորացնել, ժպիտ ուրվագծել, հոգևոր ու երաժշտական ավանդներ սնուցել: Հաջորդող տարիներին երգչախումբը պետականացվել է և այժմ իր ստեղծագործական կյանքը շարունակում է երեք՝ մանկական, պատանեկան և երիտասարդական կազմերով։
Երգչախումբը ավելի քան 200 համերգով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, զորանոցներում, դպրոցներում, ինչպես նաև Հայաստանում և Լիբանանում, համատեղ համերգներ է ունեցել իր քույր՝ Լիբանանի Համազգայինի «Կարկաչ» մանկապատանեկան և «Այգ» երիտասարդական երգչախմբերի հետ, որոնց հիմնադիր գեղարվեստական ղեկավարը ևս Զաքար Քեշիշյանն է:

«Վարանդա» երգչախմբի 30-ամյակը նշվում է Ստեփանակերտում, բեմում են երգչախմբի հին ու նոր անդամները: «Երգող Արցախ» խորագրով համերգը երկրորդ տարին է ընթանում: Փոխվել է առաքելության ձևաչափը, վայրը, երգչախմբին միացել են Հադրութից, Ստեփանակերտից, այլ վայրերից երեխաներ: Անցած տարի 89, այս տարի 120 հոգի են երգչախմբի կազմում: Բեմում հնչել են և՛ նոր խմբերգերի առաջին կատարումները, և՛ անցած 30 տարիների ընթացքում «Վարանդա» երգչախմբի խթանումով ծնունդ առած 169 խմբերգերից գողտրիկ մի փունջ:

«Վարանդա» երգչախումբը բարի ավանդույթ ուներ. ամեն անգամ համերգաշարերից հետո հավաքվում էին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու բակում և երգում «Երազ իմ, երկիր հայրենի» երգը: Այս անգամ Ստեփանակերտի «Ազատամարտիկների» պուրակում տեղադրված արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների լուսանկարների առջև երգչախմբի անդամներն ու հրավիրյալներն ի կատար ածեցին ավանդույթը:

Հիմա ավելի անհրաժեշտ է Արցախին թևթիկունք կանգնելը, քան խաղաղության ժամանակ

ՀՅԴ անդամ, Համազգային հայ կրթական և մշակութային միության ատենապետ Զաքար Քեշիշյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշում է, որ հիմա ինչ վիճակում էլ լինենք, այն փաստը, որ 30 տարի առաջ մեր հերոսները արյան գնով ազատագրեցին Շուշին, այսօրվա դրությամբ չի նսեմանում, այլ, ընդհակառակը, հավատք ու ուժ է տալիս, որ եթե մի անգամ ազատագրել ենք, նշանակում է՝ էլի կկարողանանք: «Տխրություն, թախիծ եմ զգում, քանի որ արյան գնով ազատագրածը չկարողացանք պահել մեր խելքի և հայրենասիրության մակարդակի անկման պատճառով: Համենայն դեպս, ուրախ եմ, որ ճակատագրով ինձ վիճակվեց Շուշիում ստեղծել «Վարանդա» երգչախումբը: Սկսած ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ջանքերով ստեղծված վարժարանից, հաջորդող 30 տարիներին հավատարիմ էի իմ առաքելությանը: Ես իմ հոգու հետ հաշտ եմ, որ իմ բաժին կռիվը իմ զենքերով տարել եմ: Այդ մխիթարանքն ունեմ՝ ի տարբերություն շատերի»,- նշում է երգչախմբի հիմնադիրը:

Խոսելով պատերազմի հետևանքների մասին, Զ. Քեշիշյանը նշում է, որ վախենում է հարմարվողականությունից՝ երբ սկսենք ստեղծված կացությանը ընտելանալ, թուլանալ: Նա հիշում է պաղեստինցիների օրինակը, ովքեր հակառակ նրան, որ կարող էին լավ պայմաններում ապրել, ապրում էին վրաններում, քանի որ գտնում էին, որ դա իրենց տունը չէ ու պետք է վերադառնան իրենց տուն: Այդ առումով, նրանց պայքարը օրինակելի է, ունեն վերադարձի նկատմամբ հավատ:

Երեխաները մեծ սիրով են մասնակցում երգչախմբի պարապմունքներին, չնայած այսքան զոհերը, տարածքների կորուստը բոլորի մտքում է: «Մարդիկ կարծես թե՝ օրվա հացը ճարած ապրում են, բայց երբ առանձին ես մնում, նրանց աչքերում տեսնում ես թախիծ, անորոշություն, տագնապ առաջիկա օրերի նկատմամբ, այս իմաստով՝ Արցախը պետք է լինի հայ ժողովրդի ամեն ինչը և ամենամեծ առաջնահերթությունը: Մեր ժողովրդի այս հատվածը այսքան տարիների ընթացքում պայքարեց, այսքան զոհեր տվեց, կռվեց նաև այստեղ չեղողների փոխարեն, ապրում է անորոշ օրեր նաև այստեղ չեղողների փոխարեն: Հետևաբար, այստեղ չգտնվողները պարտականություն ունեն այս հողի և ջրի, այստեղի մարդկանց նկատմամբ»,- կարծում է երգահանը:

Նրա խոսքով՝ ամբողջ հայությունը շփոթահար վիճակում է, պետք է սթափվել.  «Ապրում ենք մեր պատմության ամենաճակատագրական պահերը։
Կամ ազգովի կզարթնենք, կմիավորվենք, վերստին կիմաստնանանք, վերստին կգոտեպնդվենք ու հենց թշնամու աչքի առաջ կկերտենք հզոր հայրենիք, վաղն էլ վերատիրանալու համար նրան, ինչ կորցրել ենք, կամ էլ, ասորեստանների պես, մեր մասին էլ հաջորդող դարերում մարդկությունը կկարդա ու կսովորի պատմության դասագրքերից։ Իսկ այդ վաղն արդեն մեր դռանն է, չի՛ ուշանալու…»:

Պետք է գիտակցենք, որ հիմա ավելի անհրաժեշտ է Արցախին թև-թիկունք կանգնելը, քան խաղաղության ժամանակ: «Արցախը նրա համար չէ, որ մարդիկ զվարթ, հայրենասիրական զգացումներով գան նկարվեն, կերուխում անեն ու գնան: Հիմա է վայրը, «մարտադաշտը»՝ ոչ զենքով: Հիմա այստեղ պետք է գա յուրաքանչյուրը Հայաստանից, Սփյուռքից և իր մասնագիտական ներդրումն անի: Եթե ոչինչ էլ չանի, Ստեփանակերտի փողոցներում քայլի ու արցախցիները տեսնեն, որ իրենք մենակ չեն, չեն լքվել, դա էլ ինքնին մեծ բան է»,- ասում է Զաքար Քեշիշյանը:

Տաթեւիկ Աղաջանյան

1