Վանդալիզմի թիրախում օկուպացված Վանք գյուղի հուշակոթողներն են
Monument Watch-ը ահազանգում է․
«Օկուպացված Արցախի Վանք գյուղի տարածքում բարերար Լևոն Հայրապետյանի կողմից տեղադրված, գյուղը զարդարող և նրա նորովի խորհրդանիշը հանդիսացող մի շարք կոթողներ անհետացել են: Մասնավորապես, գյուղի դպրոցի բակում գտնվող մի շարք փոքրիկ արձանների և բարերար Լևոն Հայրապետյանի հոր՝ Գուրգեն Հայրապետյանի կիսանդրին իրենց տեղում չեն: Կիսանդրու հեղինակը հայտնի քանդակագործ Ալեքսան Բաբայանն է: Կիսանդրին և փոքրիկ արձանները տեղադրվել էին 2007 թվականին:
Կարելի է ենթադրել, որ դրանք ուղղակի կամ վանդալիզմի են ենթարկվել, կամ էլ թալանվել են, քանի որ պատրաստված են եղել մետաղներից: Թալանված է գյուղի դպրոցը և մանկապարտեզը:
Ադրբեջանական կողմը հեռացրել է նաև գյուղի մուտքի մոտ տեղադրված խորհրդանշական առյուծների պատվանդանների վրայի հայերեն «Վանք» գրությունը: Այդ պատվանդանների վրա են գտնվում քանդակագործ Ալեքսան Բաբայանի կողմից հեղինակած առյուծների արձանները: Վերջիններս տեղադրվել էին 2010-2011 թվականներին: Ըստ քանդակագործի՝ առյուծների պատկերման գաղափարի հիմքում Գանձասարի վանքի առյուծանման պատկերներն են, որոնք ավանդականորեն Հասան-Ջալալյանների տոհմի խորհրդանշաններն են համարվում և պատվիրատուն՝ Լևոն Հայրապետյանը, դա հիմք ընդունելով, առյուծային տեսք է տվել միջավայրին՝ գյուղի մուտքը, հուշահամալիրը, հայտնի ժայռակերտ առյուծը: Ըստ հեղինակի՝ սա ավանդականի, պատվիրատուի գաղափարի և քանդակագործի ու ճարտարապետի յուրահատուկ համագործակցության օրինակ է (hեղինակի բանավոր հաղորդումն է): Վնասված և թալանված է ժայռակերտ առյուծի մոտ գտնվող համալիրը»: