Վահրամ Փափազյանի անվան թատրոնը՝ 90 տարեկան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Վահրամ Փափազյանի անվան թատրոնը՝ 90 տարեկան

Վահրամ Փափազյանի անվան թատրոնը՝ 90 տարեկան

90-ամյա կենսագրություն ունեցող` Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1932 թվականին` Կ. Ալվարյանի ղեկավարությամբ։ Առաջին բեմադրությունը եղել է Վաղարշյանի «Օղակում» պիեսի բեմադրությունը։

Երկարամյա գործունեության ընթացքում թատրոնում ստեղծվել են հարյուրավոր բեմադրություններ, որոնք ներկայացվել են ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում, Վրաստանում, Լիբանանում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում։

Թատրոնը միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել հայ ժողովրդի մշակութային կյանքում։ Աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայ ժողովրդին համախմբողը, ազգային ինքնության պահպանողը, շատ հաճախ՝ եկեղեցիների ու դպրոցների հետ միասին շարունակում է մնալ նաև թատրոնը։ Այսօր էլ Արցախում՝ շրջափակման պայմաններում թատրոնը, շարունակելով իր գործունեությունը, փորձում է  իր ներկայացումներով գոտեպնդել, հոգևոր սնունդ փոխանցել հասարակությանը։

Թատրոնի 90-ամյա հոբելյանի, պատերազմից հետո և շրջափակման պայմաններում նրա գործունեության, առկա խնդիրների և հաջողությունների մասին խոսել ենք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանի հետ։

Պարո՛ն Հարությունյան, այս տարի լրանում է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի 90-ամյակը։ Ըստ Ձեզ, ո՞րն է թատրոնի դերը հասարակության մշակութային զարգացման և  հոգևոր դաստիարակության գործում։

-Ընդհանրապես, մեր թատրոնը իր ստեղծման օրվանից և հատկապես խորհրդային ժամանակաշրջանում մեծ դեր է խաղացել Արցախի ժողովրդի հայապահպանության, մատաղ սերնդի հայեցի դաստիարակման, հասարակության հոգևոր ամրապնդման ու մշակութային զարգացման գործում և մինչև հիմա այդ առաքելությունը շարունակում է կատարել։

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը  կարողացել է հասարակությանը տալ անվանի և ժողովրդի կողմից սիրված արտիստներ, նաև պատիվ է ունեցել հյուրընկալել հայտնի արտիստների, ինչպես օրինակ՝ Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը, Արուս Ոսկանյանը, Հրաչյա Նեսիսյանը և այլք։ Ի՞նչպիսի ավանդ է թողել թատրոնն իր 90-ամյա գործունեության ընթացքում։

-Իր 90-ամյա պատմության ընթացքում թատրոնը թողել է մեծ ժառանգություն։ Մեր թատրոնի խաղացանկը, մեր լեգենդներին՝ Մարգո Բալասանյանին, Արա Հարությունյանին, Բենիկ Օվչյանին և մյուսներին առ այսօր հիշում ու գնահատում են։ Թատրոնը նաև ներկայացրել է արցախի թատերարվեստն արտերկրում՝ Ֆրանսիայում, Ավստրիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Գերմանիայում։ Այսօր էլ հանդիսատեսը մեծ հաճույքով է ներկայանում՝ բեմադրություններ դիտելու և անհամբեր սպասում նոր բեմադրությունների։

Չարաբաստիկ պատերազմն իր ազդեցությունն է թողել յուրաքանչյուր ոլորտի վրա։ Ինչպիսի՞ ազդեցություն է թողել այն թատրոնի գործունեության և խաղացանկի վրա։

-Պատերազմն իր  բացասական ազդեցությունն է թողել նաև թատրոնի վրա, քանի որ պատերազմից հետո մեր երիտասարդ դերասանների մի մեծ մասը տեղափոխվել է ՀՀ, ինչի արդյունքում մեր խաղացանկն ամբողջությամբ զրոյացել է, որովհետև բոլորն էլ մասնակից էին տարբեր ներկայացումների: Բայց մենք կարճ ժամանակում կենտրոնացրել ենք մեր ուժերը, ընդունել նոր դերասանների և պատերազմից հետո 7 նոր բեմադրություն հանձնել հանդիսատեսի դատին։ Թատրոնն իր պլաններից ընդհանրապես չի շեղվել՝ տարվա ընթացքում պարտադիր 3 նոր ներկայացում բեմադրելով, չնայած չկա պետական որևէ աջակցություն: Ֆինանսավորում չկա, ոչ մի հարցում աջակցություն չկա. մենք մեր ուժերով փորձում ենք մեր պլանով աշխատել։

Արցախը՝ արդեն 4 ամիս է, ինչ գտնվում է շրջափակման մեջ։ Ինչպե՞ս է անդրադառնում շրջափակումը թատրոնի գործունեության վրա, ի՞նչ խնդիրներ է ստեղծում, որքանո՞վ է կարևոր թատրոնի գործունեությունն այս պայմաններում և ո՞րն է թատրոնի ասելիքը հասարակությանը։

-Շրջափակման պայմաններում թատրոնը մեկ օր անգամ չի դադարեցրել իր գործունեությունը:  2022 թվականն ավարտել ենք «Ձմեռային հեքիաթ» մանկական միջոցառումներով։ Այդ ներկայացումներով եղել ենք նաև Ճարտարում, սակայն քանի որ վառելիքի խնդիր կա, փորձել ենք մի ներկայացման ընթացքում ներգրավել նաև հարակից 6 գյուղերի երեխաներին։ Հունվարին եղել ենք Մարտակերտ քաղաքում: Սակայն  այս պահին վառելիքի բացակայության հարցը շատ ավելի լուրջ է, ինչը բացասաբար է անդրադառնում մեր հյուրախաղերի հաճախականության վրա։

Նախորդ տարվա վերջին ունեինք նաև հայրենասիրական ներկայացում «Անմահների դիրքը», որից հետո նաև հանդիսատեսի խնդրանքով որոշեցինք ավելի թեթև, հետաքրքիր ու ծիծաղ առաջացնող բեմադրություն ներկայացնել, և Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, հանդես եկանք առաջնախաղով՝ «Բակում կատաղած շուն կա» բեմադրությամբ, ինչը շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց մեր հանդիսատեսի կողմից: Փորձեցինք մեր հանդիսատեսին մի քիչ կտրել առօրյա հոգսերից։ Կարծում եմ՝ ստացվեց, որովհետև մարդիկ շնորհակալություն էին հայտնում՝ նշելով, որ ներկայացման ամբողջ ընթացքում իրենք մոռացել էին՝ ինչ պայմաններում են ապրում, ինչ դժվարություններ են հաղթահարել։

Ի՞նչն է հանդիսատեսին թատրոն բերում, և արդյո՞ք պահանջված է այն երիտասարդության շրջանում, թե՞ ամեն դեպքում ժամանակակից տեխնոլոգիաները փոխարինում են թատրոնին։

-Առաջին հերթին, հանդիսատեսին թատրոն բերում է թատրոնի հանդեպ ունեցած սերը։ Թատերական աշխարհը շատ հետաքրքիր է՝ դերասան-հանդիսատես անմիջական շփման ձևով, որը չի կարելի համեմատել հեռուստատեսության կամ սոցիալական ցանցերի հետ։ Դա մի ուրիշ հաճույք է. դահլիճում նստած՝ անմիջապես մասնակից դառնալ այն ամենին, ինչ կատարվում է բեմում։ Ինչպես նշեցի, բեմադրել ենք «Անմահների դիրքը», որի ընթացքում այդ դիրքի պաշտպանությանը փորձել ենք մասնակից դարձնել նաև հանդիսատեսին՝ իրական պայթյուն, ծուխ, կրակ, որն ավելի ուժող զգացումներ է առաջ բերում։

Թատերասեր հանդիսատես ունենք և՛ երիտասարդ, և՛ ավագ սերնդի մեջ։ Առավել շատ հաճախում են հիմնականում դպրոցահասակ երեխաները և ավագ սերնդի ներկայացուցիչները, իսկ ուսանողները շատ քիչ են այցելում թատրոն։

Ըստ Ձեզ, թատրոնը կարողանո՞ւմ է  զարգանալ ժամանակի նորարարություններին համապատասխան։

-Այդ խնդիրը դրված է մեր առջև, և մենք, իհարկե, փորձում ենք գտնել նորագույն տեխնիկական լուծումներ, դերասանական խաղում նորություններ մտցնել, մեր ամեն մի ներկայացման մեջ փորձում ենք մեկ քայլ առաջ գնալ՝ աշխարհի զարգացմանը համահունչ։

Ձեր կարծիքով՝ այսօր ինչի՞ն պետք է ձգտի թատրոնը։

-Իմ կարծիքով՝ թատրոնը պետք է ձգտի միշտ պահանջված լինել։ Յուրաքանչյուր նոր թատրոն բեմադրելիս մենք փորձում ենք հաշվի առնել նաև մեր հանդիսատեսի կարծիքը, իսկ մանկական ներկայացումների ժամանակ խորհրդակցում ենք  կրթության քաղաքային բաժնի հետ, դպրոցի տնօրենների հետ՝ հասկանալու՝ աշակերտներն այդ պահին ինչ թեմաներ են անցնում, որպեսզի իրենց սովորածը նաև դիտելու հնարավորություն ունենան։ Ընդհանրապես, մենք միշտ փորձում ենք հանդիսատեսի պահանջները կատարել, որպեսզի այստեղից միշտ գոհ դուրս գան։

Ինչպիսի՞ խնդիրներ ունի թատրոնը, և ինչպե՞ս եք փորձում դրանց լուծումներ տալ։

-Թատրոնի խնդիրները բազմաթիվ են։ Առաջնային է մնում շենքային պայմանների բացակայության հարցը։ Մեր մայր թատրոնն այս պահին գտնվում է վթարային վիճակում, որի պատճառով չենք կարողանում տարրական թատերական պայմաններում ներկայացումներ բեմադրել։ Մեզ հատկացված է Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճը, որտեղ ոչ մի թատերական պայման չկա, տեխնիկապես հագեցած չէ, սակայն մենք տեղում փորձում ենք խնդիրներին լուծում տալ, և որոշ չափով ստացվում է։ Եթե ունենայինք մայր թատրոնի բեմի բարձրությունը, լայնությունը, տեխնիկական հնարավորությունները, ավելի լավ ներկայացումներ կարելի կլիներ բեմադրել, սակայն փորձում ենք սահմանափակվել ունեցածով։

Խոսակցություններ կան շենքի վերանորոգման մասին: Հույս ունեմ, որ խոսքը կվերածվի գործի։ Այս պահին նախահաշվային աշխատանքներ են տարվում. տեսնենք այս անգամ խոսքը գործ կդառնա՞, թե՞ ոչ։

Դերասանական կազմի առումով՝ ինչպես նշեցի, պատերազմից հետո երիտասարդ դերասանները լքեցին թատրոնը։ Մենք փորձեցինք լրացնել այդ բացը, սակայն երիտասարդ դերասանների պահանջը միշտ զգացվում է։Կա՞ն մասնավոր կազմակերպություններ, որոնք աջակցում են թատրոնի աշխատանքներին։

Կան մասնավոր կազմակերպություններ, որոնք աջակցում են մեզ հյուրախաղերի կազմակերպման հարցում՝ Հայ օգնության միությունը, ՀՅ Դաշնակցությունը, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Ռուբեն Վարդանյանը և այլք, առանց որոնց հնարավոր չէր լինի հյուրախաղերի կազմակերպումը։

Պատերազմից հետո նաև հյուրախաղերով արտասահմանում եք եղել։ Ինչպիսի՞ ընդունելության եք արժանացել։

-Շատ լավ ընդունելության արժանացանք, լավ կազմակերպված էին հյուրախաղերը։ Եղել ենք Լիոնում, Բրյուսելում, Քյոլնում, Բեռլինում, Վիեննայում, Մոսկվայում, ներկայացրել ենք «Երկնքից երեք խնձոր ընկավ» բեմադրությունը։

Հանդիսատեսը շատ գոհ էր: Նույնիսկ խնդրեցին, որ լրացուցիչ ևս ներկայացնենք: Չէին պատկերացնում, որ Ստեփանակերտը նման թատրոն ունի։ Շնորհակալություն եմ հայտնում Կարինե Քոչարյանին հյուրախաղերի կազմակերպման և բեմադրման համար։

Հայաստանյան թատրոնների հետ ունե՞ք համագործակցություն համատեղ ներկայացումներով հանդես գալու համար։

-Վանաձորի թատրոնի հետ համատեղ ներկայացրել ենք «Ռուզան» ներկայացումը, որի դերասանական խմբի մի մասը Ստեփանակերտից էր, մի մասը՝ Վանաձորից։ Շատ հետաքրքիր ներկայացում էր, դերասանական խաղ, նաև՝ լավ փորձի փոխանակում։ Նախատեսում էինք նրանց  հյուրընկալել նաև Ստեփանակերտում, սակայն, ստեղծված իրավիճակով պայմանավորված, ծրագիրն իրականություն չդարձավ։ Այլ թատրոնների հետ ևս ունենք բարիդրացիական կապեր, սակայն նորից, իրավիճակով պայմանավորված, փոխայցելությունները դժվարանում են։ 2 տարի առաջ հյուրախաղերով եղել ենք Երևանում, Հրազդանում, Արտաշատում, Գյումրիում, Տաշիրում, Վանաձորում։

Նշեցիք, որ առաջիկայում ունեք ներկայացումներ, բայց ի՞նչ սպասի հանդիսատեսը տարվա համար։

-Այս պահին մի բեմադրություն արդեն հանձնել ենք հանդիսատեսի դատին և կատարում ենք ընտրություն հաջորդի համար, որից հետո էլ մի մանկական ներկայացում ենք ունենալու։

Վերջերս կազմակերպել եք նաև «Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն- 90» գրքի շնորհանդեսը։ Ի՞նչ կասեք այդ մասին։

-Գիրքը, որի հեղինակը Կարինե Ալավերդյանն է, տպագրվել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով։ Գունեղ գրքի մեջ ներկայացված է թատրոնի պատմությունն ու բեմադրությունների վերաբերյալ պատմությունները։ Գիրքը տպագրվել է շատ մեծ դժվարությամբ և այս պայմաններում՝ շատ մեծ դժվարությամբ էլ Արցախ տեղափոխվել։

Հարցազրույցը Վահագն Խաչատրյանի

1