Վաղուհաս գյուղը և հոգևոր կառույցները
Վաղուհաս գյուղը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի (նախկինում՝ Խաչեն գավառ) հյուսիսարևմտյան մասում՝ Թարթառ գետի աջ ափին՝ Ղարաբաղի լեռնաշղթայի Հակառակաբերդի լեռնաճյուղի անտառապատ գեղատեսիլ լանջին:
Արցախի այս հին և նշանավոր բնակավայրը կարևոր դերակատարություն է ունեցել Հայոց ընդհանրական պատմության մեջ: Բնակավայրը, գտնվելով Պարտավ-Դվին ճանապարհը հսկող հանգուցային կետերից մեկում, զարգացման համար նպաստավոր պայմաններ է ունեցել: Գյուղի շրջակայքում պահպանվել են Ք. ա. 1–ին հազարամյակից մնացած դամբարանադաշտեր, հին գյուղատեղիների, գերեզմանոցների, մատուռների, եկեղեցիների ավերակներ և մնացորդներ: Դրանք լուռ վկաներն են այն բազմաբովանդակ և հագեցած կյանքի, որով հայ մարդը ապրել է դրախտային այս վայրերում:
Ներկայիս Վաղուհաս գյուղից դեպի հարավ–արևմուտք` 1 կմ հեռավորության վրա, գտնվում են հին եկեղեցու և գյուղատեղիի ավերակներ, որը տեղացիներն անվանում են Հին Վաղուհաս: Մակար Բարխուդարյանն ասում է, որ այդտեղ կա «ճոխ հանգստարան և մի քարեայ բարձր խաչ, որի երկարութիւնն աւելի է 3 մետրից» (Բարխուդարյանց, 1999, 260):
Վաղուհասից ոչ շատ մեծ հեռավորության վրա գտնվող նշանավոր Խաթրավանքի համալիրից ներքև պահպանվում են ավերակ եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանոցներ, «Ջոխտակ եղցի, Վարդանայ գիւղ, Մըրջման շինատեղ» տեղավայրերը (Բարխուդարյանց, 1999, 262): Խաթրավանքի արձանագրություններից մեկում հետաքրքիր տեղեկություն կա նաև Վաղուհասի մասին. «Շնորհիւ Քրիստոսի և Ասփե դուստր արքայաշուք իշխանին Տարսայիճի, թագաւարն մաւրն իմոյ Մինա Խաթունին, նպաստ եղեալ քրիստոսապսակ գլխոյ իմոյ մեծափառ իշխանին Գրիգորի ի շինութեան լուսանուէր սուրբ եկեղեցւոյս, կամեցայ ի ձեռն քահանայապետին մեծի տեառն Յովհաննիսի` զիմ յարդար ընչից կանգնեցի բեմի սեղան ի զենմանն Քրիստոսի, զի յամենայն կիրակիէ և շաբաթ տաւն ծննդեան և տեառն ընդառաջին, զատկին, զվարդավառին, Աստուածածնին և Սուրբ խաչին ինձ կատարի պատարագ զամեն եկեղեցիքս, որ և տւիի զմեր Խաս հողն…»: (Ջալալյանց Ս., 1842, 181): Ամենայն հավանականությամբ արձանագրության մեջ տեղ գտած «Խաս հողն» արտահայտությունը վերաբերում է Վաղուհասին, որը նշանակում է նաև սուրբ հող: Քանի որ Թարթառի ձախ և աջ ափերին կառուցված երկու նշանավոր վանական համալիրները անմիջապես կապված են Քրիստոսի երկու աշակերտների` Դադիի և Խադի անունների հետ, ուստի այդ տարածքների բնակավայրերն այս կամ այն ձևով կապված են եղել հիշյալ սրբերի հետ:
Ինչպես Վաղուհասը, այնպես էլ հարակից բնակավայրերը մոնղոլական արշավանքների ժամանակ ավերվել են: Հետագա դարերում Վաղուհասի բնակիչները, վերականգնելով իրենց օջախները, օրհասական պայքար են մղել թուրքերի, պարսիկների և Հյուսիսային Կովկասի խառնամբոխ լեռնականների դեմ, որոնք ամեն կերպ ցանկանում էին տիրանալ հայոց երկրի այս հատվածին:
Թարթառի ափամերձ վայրերի հայկական բնակավայրերի համար 18–րդ դարի երկրորդ կեսից օրհասական շրջան սկսվեց: Դա կապված էր քրդական ցեղերի թափանցումների հետ, որոնք, օգտվելով Ղարաբաղի Իբրահիմ խանի հովանավորությունից, հայությանը սկսեցին դուրս մղել պատմական Քարվաճառ–Վայկունիքից: Այդ քայլով Իբրահիմ խանը փորձում էր իրարից կտրել Արցախի հարավային և հյուսիսային գավառները: Դա մասամբ նրան հաջողվեց: Վաղուհասի և հարակից բնակավայրերի հայությունը տոկաց և պաշտպանեց ռազմավարական նշանակության հայրենի տարածքները: Հին Վաղուհասի բնակիչները մոտավորապես 1775 թ. տեղափոխվեցին և Հակառակաբերդի հարավարևելյան անտառապատ լանջի հարթավայրում ստեղծեցին նոր բնակավայր: 19–րդ դարի 90–ական թվականներին այստեղ կար 40 տուն, 322 բնակիչ, 1970 թ.` 266 տուն, 1562 բնակիչ, 1979 թ.` 288 տուն, 1340 բնակիչ, 1987 թ.` 320 տուն, 1492 բնակիչ (Մելքումյան Ս., 1990, 186): Վաղուհասում 2018 թ. կար 148 տուն, 658 բնակիչ:
Միջնադարից սկսած վաղուհասցիների համար կրթական կենտրոնի դերակատարություն է ունեցել Խաթրավանքի վանական համալիրը: Հավանաբար բուն գյուղում գտնվող եկեղեցիները նույնպես լուսավորության օջախներ են եղել: 1873 թ. Վաղուհասում եկեղեցական–ծխական դպրոց էր գործել: 1907– 1908 ուսումնական տարում Վաղուհասում բացվել է մեկդասյա երկսեռ դպրոց, որն ուներ 1 ուսուցիչ և 35 աշակերտ: Դպրոցը պահվում էր աշակերտների ուսման վարձով և եկեղեցու միջոցներով: 1912 թ. գյուղում գործող մեկդասյա դպրոցը դարձել է երկդասյա: Խորհրդային կարգեր հաստատելուց հետո Վաղուհասում սկսել է գործել տարրական, 1933 թ.` յոթնամյա, իսկ 1941 թ.`միջնակարգ դպրոց:
Վաղուհասում և նրա շրջակայքում պահպանվել են պատմաճարտարապետական հուշարձաններ: Առանձին հիշատակության է արժանի բնակավայրի Եղցու Կտոր մատուռի գերեզմանոցում գտնված 866 թվագրությամբ խաչքարը, որը հանրահայտ հուշարձանագետ Ս.Կարապետյանի մեկնաբանությամբ ստույգ թվագրված ամենահին խաչքարն է հանդիսանում. «Թիւն ՅԺԵ (866) էր /ես՝ Սարգիս/կա(ն)գնեցի զխ/աչս, որք էրկր/պագէ/ք յաղաւթս /յիշեցէք»:
Գյուղի կենտրոնում գտնվող 1183 թ. կառուցված Մայրաքաղաք կամ Տիրամայր վանական համալիրի ավերակները վկայում են, որ ժամանակին այն հզոր կառույց է եղել և ունեցել է մատենադարան ու կրթարան: Գյուղից 9 կմ հյուսիս-արևմուտք պահպանվում է 1204 թ. կառուցված Խաթրավանքը: Այստեղ է գտնվում Վերին Խաչենի և Հաթերքի իշխանական տների տապանատունը: Գյուղից 900 մ դեպի հարավ-արևմուտք պահպանվում է 9–12–րդ դարերի ընթացքում կառուցված Թլենի եկեղեցին: Վաղուհասից 10 կմ դեպի արևմուտք՝ խոր անտառում, պահպանվում է Վարդանի գոմեր հին գյուղի կիսավեր եկեղեցին: Գյուղի հարևանությամբ գտնվում է 1224 թ. կառուցված Կարմիր վանք վանական համալիրը: Վաղուհասի արևմտյան եզրին է գտնվում Եղցու թալա հին գյուղատեղիի ավերակ եկեղեցին: Ծագումով վաղուհասցի ռուսաստանաբնակ բարերար Գրիգորի Հայրապետյանի միջոցներով 2007 թվականից մինչև 2012 թվականը կառուցվել է Սուրբ Աստվածածնի եկեղեցին, որը 2012 թ. փոտրվարի 19–ին օծվել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ:
Վաղուհասից 1 կմ հյուսիս գտնվում են 12–13–րդ դարերի և 16–17–րդ դարերի կամուրջներ: Վաղուհասում և մերձակա տարածքներում պահպանվում են 9–13–րդ դարերի բազմաթիվ խաչքարեր:
Վաղուհասի տարածքում հաշվառվել, վկայագրվել, պատմության և մշակութի անշարժ հուշարձանների պետական ցանկում ներառվել է ընդամենը 125 հուշարձան:
Ստորև ներկայացնում ենք Վաղուհասի միայն վանքերի վերաբերյալ պատմական համառոտ տեղեկատվությունը:
ՄԱՐԻԱՄՔԱՂԱՔ ԿԱՄ ՏԻՐԱՄԱՅՐ ՎԱՆՔ
Ս. Մարիամքաղաք կամ Ս. Տիրամայր վանքը գտնվում է Վաղուհասի գյուղի կենտրոնում՝ ծովի մակերևույթից 997 մ բարձրությամբ: Ցավոք, տարաբնույթ ավերիչ իրադարձությունների հետևանքով վանական համալիրի կառույցները մեծապես վնասվել ու ավերակվել են: Վանքը տարբեր գրվածքներում ներկայացված է «Մայրաքաղաք» անունով, իսկ տեղաբնակների մոտ առավելապես «Մարիամքաղաք» անվամբ է շրջանառվում: Պատմական աղբյուրների հաղորդման համաձայն այն հնում եղել է նաև եպիսկոպոսանիստ: Շնորհիվ եկեղեցում գտնվող Տիրամոր մեծադիր որմնանկարի, համալիրն անվանվում էր նաեւ Տիրամայր վանք (Մկրտչյան Շ., 1985, 57):
2014-2015 թթ. Ս. Տիրամայար վանական համալիրի տարածքում հնագիտական ուսումնասիրություններ է կատարել Տ.Ալեքանյանի գլխավորած արշավախումբը, որի ընթացքում իրականացվել են նաև հուշարձանախմբի մաքրման աշխատանքներ: (Հարությունյան Ա., Ալեքսանյան Տ., 2017, 399-426): Արշավախմբի կողմից հայտնաբերվել են 6 նոր վիմագրեր, որոնք դուրս են մնացել նախորդ ժամանակների տեղագրողների նյութերից, բայց և արձանագրվել է այն ցավալի իրողությունը, որ նախորդ տեղագրողների կողմից ներկայացված արձանագրությունների մի մասը այլևս տեղում գոյություն չունեին:
Հարկ է գնահատել հատկապես արշավախմբի հետազոտության արդյունքում վանական համալիրի շինարարական արձանագրության ճշգրիտ վերծանումն ու հրապարակումը, մի հանգամանք, որ թե վրիպել է նախորդ տեղագրողների ու ուսումնասիրողների ուշադրությունից և թե պատճառ հանդիսացել վանական համալիրի կառուցման ժամանակի ոչ ճշգրիտ ներկայացմանը: Այսպես, Ս.Բարխուդարյանը, հետևելով Ս.Ջալալյանցի և Մ.Բարխուդարյանցի կողմից ներկայացված հիշյալ արձանգրության, համալիրի կառուցման ժամանակաշրջան է նշել 1183 թ. (Դիվան հայ վիմագրության, 1982, 113), այնինչ արձանագրության ճշգրիտ վերծանման արդյունքում պարզվում է, որ իրականում 1183 թ. պարզապես վերակառուցվել են «եկեղեցիքս բազմաւեր»: Այսպիսով, համաձայն եկեղեցու հյուսիսային պատի կամարակապ որմնախորշում ագուցված սալաքարի արձանագրության, այն վերակառուցվել է 1183 թ. «ՈԼԲ թուականութեանս հաոց եւ ի հայրապետութեանս Տր Գրիգորո, ես՝ Հասան, որդի Վախտանգա շինեցի զեկեղեցիքս բազմաւեր վասն ցանցանաց իմոց քաւութեան եւ իմ հոգոյս բարեխաւս առ ԱԾ, որ երկրպագանեք ԶՀասան յաղաւթս յիշեք եւ ԱԾ զձեզ հիշէ» (Հարությունյան Ա., Ալեքսանյան Տ., 2017, 405): Գավիթը, ըստ խորանի ճակատային քարի արձանագրության, կառուցվել է ավելի ուշ՝ Ամենայն հայոց Կոնստանդին կաթողիկոսի օրոք, «….յիշխանութեան մեծի Ջալալ Դաւլին եւ յառաջնորդութեան սորայ տեառն Ներսիսի Աղվանից կաթողիկոսի… ՈՂԵ (1246)էր»: Վանական համալիրից պահպանվել են ուղղանկյուն հատակագծով եկեղեցին, գավիթը, իրար կից չորս կառույցները: 19-րդ դարավերջին Մ.Բարխուդարյանցը այն նկարագրել է հետևյալ կերպ. «Եկեղեցու մեծութիւնից եւ գերեզմանատան ծաւալից երեւում է, որ ժամանակաւ հռւչակաւոր վանք եղած է Մայրաքաղաքս եւ բազմաբնակիչ գիւղս, որ փոքր է այժմ: Վանքս կամ եկեղեցիս, որ ամբողջապէս շինուած է տորոնագոյն սրբատաշ քարով, ունի մի մեծ գավիթ, հարաւային եկեղեցի եւ գրադարան» (Բարխուդարյանց, 1999, 259):
Վանական համալիրը բաղկացած է երկու՝ մեծ ու փոքր եկեղեցիներից, գավթից և ընդարձակ գերեզմանատնից: Եկեղեցու չափսերն են 14,45 x 12,97 մ: Գավթի մի մասը անջատված է, եւ, դատելով պատերին եղած մեծ խորշերից, այն վեր է ածվել գրատան և ծառայել որպես գրատուն-մատենադարան: Այս մասին հիշատակված է նաև հարավային պատի ստորին մասում զետեղված արձանագրության մեջ՝ «Յառաջնորդութիւն Գրիգորոյ ես Սիմէոն եւ եղբարք ետու շինել զփռնախուցս եւ կազմել զգրատունս …» (Բարխուդարյանց, 1999, 260): Գավթի արևելյան մասում՝ հյուսիսից հարավ դասավորությամբ գտնվում են իրար կցված չորս խցերը, որոնցից երկուսը ունեն մեկ ընդհանուր մուտք: Մ.Բարխուդարյանցի նկարագրությամբ. Տարօրինակ ձեւ ունիգաւիթս, որի արեւելեան հիւսիսային անկիւնն գրադարան է, իսկ արեւելեան միջին եւ արեւելեան հարաւային մասն երկու խոորաններ եւ արեւմտեան մասն՝ գաւիթ, որի ամբողջ կամարներն խոնարհուած են եւ մնում են միայն չորս պատերն» (Բարխուդարյանց, 1999, 259-260): Մատենագիրների հաղորդումներից կարելի է ենթադրել, որ վանական համալիրի հիմնական կառույցները, Խաչենի այլ վանքերի ու եկեղեցիների շարքում, նույնպես ավերվել են 1139 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով (Գանձակեցի Կ., 1961, 117):
Բարեբախտաբար, ինչպես արդեն իսկ նշվել է, վանական համալիրի տարածքի վիմագիր արձանագրությունները, որոնք պատմական տեղեկատվություն են պարունակում, 19-րդ դարից ի վեր արձանագրել են տարբեր հեղինակներ: Ցավոք, այս վանքը՝ կից գերեզմանատան հետ միասին, զոհ է գնացել 20-30-ական թվականների բոլշևիկներ աթեիստական քաղաքականությանը: Այնուհանդերձ, մինչև 2023 թ. տարածքի ամբողջական օկուպացումը Ադրբեջանի կողմից, վանական համալիրի տարածքում պահպանվում էին վանքի կառույցների պատերի առանձին մասերը, նաեւ վիմագրություններ ունեցող սալաքարերից ու խաչքարերից մի քանիսը:
Վահրամ Բալայան,պ.գ.դ.,պրոֆեսոր
(շարունակելի)