ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ աշխատանքները Արցախում կամավորական ու մարդասիրական են և որևէ մեկը չի կարող արգելել. Արշակ Մեսրոբյան
Գլխավոր » Երիտասարդական » ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ աշխատանքները Արցախում կամավորական ու մարդասիրական են և որևէ մեկը չի կարող արգելել. Արշակ Մեսրոբյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ աշխատանքները Արցախում կամավորական ու մարդասիրական են և որևէ մեկը չի կարող արգելել. Արշակ Մեսրոբյան

Աշխարհի 30 երկրներից ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների անդամներ այս պահին Արցախում են և ծրագրեր են իրականացնում Արցախի վերականգնման նպատակով։

ՀՅԴ  աշխատանքները Արցախում կամավորական ու մարդասիրական են և որևէ մեկը չի կարող արգելել նման գործունեությունը, որն ամրագրված է նաև մարդու իրավունքների պաշտպանության նորմերով՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոբյանը։

Նա, սակայն, նշեց, որ որոշ դժվարություններ կան Արցախ մուտք գործելիս․ «Գոյություն ունի նոր ընթացակարգ, որի համաձայն պետք է դիմեն, ստանան համաձայնություն ռուս խաղաղապահներից, երբեմն որոշ դժվարություններ ենք ունենում, բայց այդ էլ մի ուրիշ հարց է․ աա լուրջ վտանգ ու սպառնալիք է Արցախի և արցախահայության ազգային անվտանգությանը, որովհետև եթե այսպես շարունակվի Արցախը, ի վերջո, մեկուսանալու է ողջ սփյուռքահայությունից, ովքեր ունեն օտարերկրյա քաղաքացիություն։ Եվ առհասարակ արտաքին աշխարհի հետ շփումը ոչ թե սահմանափակվում է, այլ ընդհանրապես կտրվում է»։

Արցախ մուտք գործելու համար խրագրի յուրաքանչյուր մասնակցի համար նախապես զգուշացնում են, որ խոսքը մարդասիրական աշխատանքներին է վերաբերում, որ մուտքը արտոնված լինի և, Արշակ Մեսրոբյանի խոսքով, մինչև օրս որևէ խնդրի առջև չեն կանգնել։

Կոնկրետ իրենց աշխատանքների հանդեպ ադրբեջանցիների հակազդեցություն ևս առայժմ չկա, բայց, Արշակ Մեսրոբյանն ասում է, ադրբեջանցիները արցախյան անցուդարձին քաջատեղյակ են, շատ ուժեղ մոնիթորինգներ են իրականցնում և հստակ տեսնում են ամեն ինչ։ Պարզապես, իրենց դեպքում, խոսքը մարդու հիմնական իրավունքների մասին է, այնպես որ, որևէ ձևով ադրբեջանցիներն իրավունք չունեն խոչընդոտելու նմանատիպ աշխատանքները։

Արցախի իշխանությունները չպետք է իրենց թույլ տան ՀՅԴ աշխատանքներն Արցախում քաղաքականացնել՝ ընդգծում է Արշակ Մեսրոբյանը,  այս իրավիճակում, երբ ազգը կործանվում է, փոխանակ քաղաքական հաշվարկներ անելու և այդ շահերը ավելի առաջնահերթ դասելու, պետք է բոլորը համատեղ կենտրոնանան Արցախը վերականգնելու գործին։

«Ցավոք սրտի, պետք է շեշտեմ, որ որպես կազմակերպություն, որ համահայկական ողջ ռեսուրսներն ու ներուժը կենտրոնացնում է այս աշխատանքներում, դա միայն Դաշնակցությունն է»,-արձանագրեց նա։

Արշակ Մեսրոբյանն ասում է՝ Արցախի անվտանգությունը որոշ հարցերում շաղկապված է իրենց բոլոր նախաձեռնությունների հետ, որովհետև տնտեսական բաղադրիչը և հասարակությունը հզորցնելու առաքելությունը հենց անվտանգության տարր են պարունակում։

Պատերազմից հետո Արցախում խնդիրները լուրջ են թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ անվտանգային առումով և արտագաղթի սպառնալիք կա։ Այս խնդիրը կարգավորելու համար է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը, որը ՀՅԴ աշխարհասփյուռ երիտասարդական, ուսանողական, պատանեկան միությունների աշխատանքները համակարգող գործադիր գրասենյակն է և աշխարհով մեկ ունի մոտ 30 տարբեր երկրներում ներկայություն, համադրաբար աշխատանք ծավալում Արցախում։

Հետպատերազմյան առաջնահերթությունները ՀՅԴ երիտասարդականի համար պայքարի երկու ուղղություններով է՝ Երևանում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործընթացները, որպեսզի պարտված, ձախողած և դավադիր իշխանությունները հեռացվեն, և երկրորդ ուղղությունը՝ Արցախի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքները։

Գործուղված ՀՅԴ-ականները Արցախում 4 ուղղություններով են ծրագրեր իրականցնում՝ բարոյական և նյութական աջակցություն արցախցիներին, պատանիներին հետպատերազմական ճնշված հոգեբանությունից դուրս բերելու աշխատանք, մասնագիտական դասընթացներ և կամավորների ծառայություններ տարբեր հաստատություններում։

«Հայրենիքը պահում են այնտեղ ապրելով, արարելով, ստեղծագործելով, իսկ արարելու աշխատանքը ապահովելու համար կազմակերպեցինք դասընթացներ 12-15 տարբեր թեմաներով։ Այս նյութերը ընտրվել են մեր ուսումնասիրությունների հիման վրա՝ այսօրվա Արցախը ինչի կարիք ունի, հեռանկարային ոլորտների մասին է խոսքը, որ թե՛ երիտասարդը օգտվի փոքր բիզնեսներ հիմնելով, և նաև աշխատելով օգնի հայրենիքին։ Արդեն անցկացրինք դասընթացներ՝ ինչպես թվայնացնել բիզնեսը, բիզնես կառավարում, նախահաշվի ձևավորում և այլն, շուտով անցկացնելու ենք բջջային հեռախոսների հավելվածների մշակման դասընթաց, նորարարական գյուղատնտեսություն, որովհետև պատերազմի հետևանքով կորցրել ենք վարելահողերի և արտովայրերի 75 տոկոսը, և հիմա պետք է կարողանանք քիչ տարածքի վրա շատ բերք ստեղծել»,-մանրամասնեց Արշակ Մեսրոբյանը։

Ծրագրի երկրորդ փուլում լավագույնները կմասնակցեն հարթակի, որտեղ առաջին փուլում իրենց ձևավորված բիզնես-ծրագրերը կներկայացնեն արտերկրից ժամանած ներդրողների, և ներդրողները կֆինանսավորեն նրանց ծրագրերը։

Կամավորական ծառայությունները Արցախի տարբեր հաստատություններում՝ հիվանդանոցներում, վերականգնողական կենտրոններում ևս մեկնարկել են․ այս պահին Լիբանանից ժամանած ՀՅԴ երիտասարդական միության անդամներից մեկը մոտ մեկ ամիս կամավորական ծառայություն է մատուցում վերականգնողական կենտրոնում, մինչև մայիս կաշխատի և կվերադառնա Լիբանան, կան ԱՄՆ-ից եկած, Հայաստանից եկած կամավորներ, որ տարբեր ուղղություններով ծառայությունններ են մատուցում։

Արշակ Մեսրոբյանն ասում է՝ տեղի բնակչությունը խիստ ջերմ է ընդունում դաշնակցական կամավորներին՝ արցախյան ընդգծված հյուրասիրությամբ։Ավելի վաղ ներկայացրել էինք ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի նախաձեռնած ծրագրի մեկնարկը։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

https://youtu.be/ubIZBTZO1_A
1