Տուն ու տեղ նորից կարող ենք ստեղծել, վերածնվել, սակայն կարոտի ցավն ու հողի կանչը միշտ մեզ հետ կլինեն․ Արևիկ Թունյան

Այսօր բուժաշխատողի մասնագիտական օրն է: Եվս մեկ առիթ գնահատելու և վերարժևորելու բոլոր բուժաշխատողների այն կարևորագույն աշխատանքը, որ իրականացվում է անմնացորդ նվիրումով։ Բոլոր ժամանակներում կոչումով բժշկին բնորոշ են կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունն ու պատասխանատվության բարձր զգացումը:
Արցախից բռնի տեղահանվելուց հետո արցախցի բժիշկներից շատերն աշխատանքի են անցել Հայաստանի տարբեր բուժհաստատություններում։ Նրանք շարունակում են իրենց առաքելությունն իրականացնել Հիպոկրատի երդմանը հավատարիմ։

Արևիկ Թունյանը 2012 թվականին է Հայաստանից տեղափոխվել Արցախ ու աշխատանքի անցել Ասկերանի ՇԲՄ-ում։ Իր ցանկությամբ է ընտրել Արցախում որպես բժիշկ աշխատելու առաքելությունը։ Որպես գաստրոէնտերոլոգ աշխատելով Ասկերանում՝ նա միանգամից ուշադրության է արժանացել։ Լավ մասնագետը միաժամանակ լավ խորհրդատու, սրտացավ ու հոգատար բժիշկ էր։ Երիտասարդ բժշկուհին այստեղ գեղեցիկ ընտանիք է կազմել և մշտապես հաստատվել Ասկերանում։ Ցավոք, բոլոր արցախցիների նման, նրանք ևս չվայելեցին իրենց ուժերով կառուցած տունը և 2023-ի սեպտեմբերին բռնեցին գաղթի ճանապարհը։
Տեղահանվելուց հետո ընտանիքը հանգրվան գտավ բժշկուհու հայրենի քաղաքում՝ Սիսիանում։ Ինչպես ասում են՝ տաշած քարը գետին չի մնում։ Արևիկ Թունյանը աշխատանքի անցավ «Սանտե Արմենի» ֆրանս-հայկական առողջապահական կազմակերպության շրջիկ կայանում։ Նպատակասլաց բժշկուհին ընդունվել և ուսումը շարունակում է օրդինատուրայի «Ըտանեկան բժշկություն» ֆակուլտետում։

-Շրջիկ կայանը Սյունիքի երեք խոշորացված համայնքներում իրականացնում է առողջպահական նոր ծրագիր։ Գորիսում, Սիսիանում և Կապան համայնքների հեռավոր գյուղերում բնակիչները հնարավորություն ունեն անվճար անցնելու գործիքային և լաբորատոր հետազոտություններ։ Ես աշխատում եմ Սիսիան համայնքում՝ որպես առողջության առաջնային պահպանման շարժական միավորի բժիշկ։ Գործի բերումով շրջում եմ գյուղերում, տեղում մատուցում եմ բուժօգնություն։ Ասեմ, որ հաճախակի եմ հանդիպում արցախցիների, որոնք ապաստան են գտել Սիսիան համայնքում։ Նրանց հանդիպելով և զրուցելով՝ ես ինձ Արցախում եմ զգում և ուրախանում, որ կարող եմ օգտակար լինել նաև արցախցիներին։ Գյուղեր այցելում եմ ինձ տրամադրված հատուկ ծառայողական մեքենայով, վարում եմ անձամբ։ Սակայն ներկա պահին, հղիությանս պատճառով ինձ երբեմն օգնում է ամուսինս` Վահրամը։
Սիսիանը իմ ծննդավայրն է, իսկ Արցախը տղաներիս ու ապագա բալիկիս Հայրենիքն է, նաև իմ Հայրենիքը։ Ինչքան էլ այստեղ լավ լինի, միևնույն է՝ ես շատ եմ կարոտում Արցախը, իմ գործընկերներին ու հիվանդներիս։ Կապս ամուր է կոլեկտիվիս ու բուժառուներիս հետ։ Վերջիններս հաճախակի են զանգում, պատմում առողջական խնդիրների մասին, խորհուրդ հարցնում։ Դրանից ես ինձ շատ լավ եմ զգում և աշխատում եմ ինչ-որ կերպ օգտակար լինել հայրենակիցներիս։ Արցախի կորուստն անդառնալի է։ Տուն ու տեղ նորից կարող ենք ստեղծել, վերածնվել, սակայն կարոտի ցավն ու հողի կանչը միշտ մեզ հետ կլինեն։
Օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին, արցախցի իմ գործընկերներին մաղթում եմ առողջություն, դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելու կամքի ուժ։ Չեմ կորցնում հույսս, որ կվերադառնանք Արցախ,-ասում է բժշկուհին։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ