Տնտեսվարողների բարձր իրավագիտակցությամբ ավելի հեշտ կհաղթահարվեն դժվարությունները․ Լևոն Սարգսյան
Գլխավոր » Լրահոս » Տնտեսվարողների բարձր իրավագիտակցությամբ ավելի հեշտ կհաղթահարվեն դժվարությունները․ Լևոն Սարգսյան

Տնտեսվարողների բարձր իրավագիտակցությամբ ավելի հեշտ կհաղթահարվեն դժվարությունները․ Լևոն Սարգսյան

Հունիսի 6-ից Արցախի Հանրապետությունում սկսվել է մի խումբ ապրանքների համար նախատեսված կտրոնների տրամադրման գործընթացը։ Այդ ապրանքների որակի և գների վերահսկման հետ կախված խնդիրների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյան, շուկայում ժամանակ առ ժամանակ հայտնվում են անորակ ապրանքներ՝ հատկապես մրգեր և բանջարեղեն: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նման դեպքերը բացառելու համար, և ինչո՞ւ է անորակ ապրանքը հայտնվում շուկայում:

Դեկտեմբերի սկզբից բոլորս ենք ականատես, որ շատ քիչ քանակությամբ ապրանք է հասնում ԱՀ, այն էլ ռուս խաղաղապահների միջոցով՝ հումանիտար ճանապարհով և, այո՛, ժամանակ առ ժամանակ շուկայում հայտնվում է անորակ ապրանք, որի պատճառներից են եղել ինչպես սկզբնական գնորդներից գնված ապրանքի մի մասի ոչ որակյալ լինելը, այնպես էլ տեղափոխման ժամանակ ջերմաստիճանի ինչպես ցածր, այնպես էլ որոշ ժամանակ բարձր լինելու դեպքերը: Բայց պետք է նշեմ, որ անգամ մինչ շրջափակումը միրգ-բանջարեղեն ներմուծողներն իրենց ապրանքի 10 տոկոսը չէին հաշվառում, քանի որ այն համարվում էր որպես տվյալ ծավալի մեջ այն տոկոսը, որը օբյեկտիվորեն կորցնում էր իր որակը և ենթակա չէր վաճառքի: Մեր պարագայում այդ տոկոսը շատ քիչ է, բայց միևնույնն է ապրանքի քիչ լինելու պատճառով անգամ 3 տոկոսը, որի որակական հատկանիշները ցածր են, մի շարք գնորդների համար դառնում է 100 տոկոս: Արդեն մի քանի ամիս է՝ պետական կազմակերպությունն է պատվիրում մի շարք ապրանքներ, իսկ տեղափոխումը շարունակվում է իրականացվել ռուս խաղաղապահների միջոցով՝ հումանիտար ճանապարհով, և դա թույլ է տալիս, որ ցանկացած խնդրի առկայության դեպքում հետագծելիության սկզբունքով պարզենք տվյալ խնդրի առաջացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Բայց անկախ դրանից ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից ապրանքները ԱՀ հասնելուն պես ստուգվում են յուրաքանչյուրի  անվտանգության ցուցանիշները: Երբեմն ունենում ենք դեպքեր, երբ այդ ստուգումների արդյունքում կանխարգելվում է տվյալ ապրանքի վաճառքը, և այն շուկայում չի իրացվում:

Շուկայում վաճառվող ապրանքը երբեմն թանկ է սահմանված գնից։ Ինչպե՞ս եք վերահսկում տրամադրվող և վաճառվող  ապրանքների գները, որոնք երբեմն գերազանցում են խանութներում փակցված գնային սանդղակներին:

-Համաձայն ԱՀ Կառավարության N 70-Ն որոշման՝ ապրանքների առավելագույն գինը սահմանվում է Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից: Ստեփանակերտ քաղաքում վերահսկողություն է իրականացվում ինչպես հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, այնպես էլ պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից: Շրջկենտրոններում այդ վերահսկողությունը իրականացվում է պետական եկամուտների կոմիտեի կողմից, իսկ համայնքներում՝ վարչակազմների և համայնքապետարանների: Այս մարմինների կողմից կազմված բոլոր արձանագրությունները պետք է ուղարկվեն պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ վարչական վարույթ հարուցելու և հետագա ընթացքավորում իրականացնելու համար: Մեր կողմից՝ որպես պետական լիազոր մարմին, բացի քաղաք Ստեփանակերտում  իրականացված դիտարկումներից, դիտարկումներ են իրականացվել նաև շրջաններում և մի շարք համայնքներում, որոնց արդյունքում ունենք հարուցված 142 վարչական վարույթ, որի մի մասը ընթացքի մեջ է, իսկ մի մասով կայացվել են վարչական տույժ կիրառելու որոշումներ: Ընդհանուր տույժի գումարային չափը այս պահին գերազանցում է 7 միլիոն դրամը: Սրանք այն պետական և վարչական լծակներն են, որոնք գտնվում են մեր լիազորության շրջանակներում:

-Ստեղծված պայմաններից ելնելով՝ ինչպե՞ս եք փորձում բարելավել և արդյունավետ դարձնել ձեր աշխատանքը: Արդյո՞ք կիրառվում են նոր մոտեցումներ:

-Ինչպես նշեցի, մեր կառույցն իրականացնում է բազմապրոֆիլ տեսչական գործառույթներ, որոնք կարգավորվում են հստակ իրավական ակտերով, և ռազմավարական տեսանկյունից մեր մոտեցումները պետք է համընկնեն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կանոնակարգերին: Իսկ ընթացիկ գործնական աշխատանքներում հաշվի առնելով, որ յուրաքանչյուր օր շուկան փոխվում է, և քաղաքացիների կենսագործունեության ընթացքում առաջանում են նոր իրողություններ, լուծում ենք նոր խնդիր և մշտապես փորձում ենք մեր աշխատանքն ու մոտեցումները համահունչ դարձնել տվյալ պահի համար անհրաժեշտ քայլերին:

-Որո՞նք են այն հիմնական դժվարությունները, որոնց բախվում եք Ձեր աշխատանքում:

-Ընդհանուր առմամբ նման աշխատանքները հեշտ չեն, բայց դժվարությունները մեզ համար հաղթահարելի են, քանի որ մենք առաջնորդվում ենք օրենքով և իրավական ակտերով մեզ տրված լիազորությունների և պարտականությունների շրջանակում հետևում ենք այդ պահանջների պահպանմանը: Բայց դժվարություններն ավելի հեշտ կհաղթահարվեն, եթե մի շարք տնտեսավարողների մոտ ավելի բարձր լինի հատկապես քաղաքացիական իրավագիտակցությունը, որպեսզի առաջին հերթին նրանք գիտակցեն, որ սպառողների իրավունքների պաշտպանումը կախված է տնտեսավարող սուբյեկտի վարքագծից: Այս պարագայում ստիպված չենք լինի սպառողների իրավունքների պաշտպանման համար կիրառել այնպիսի սահմանափակումներ, որոնք կհասցնեն անգամ տնտեսավարող սուբյեկտների գործունեության կասեցմանը: Ունենք տնտեսավարող սուբյեկտների գործունեության կասեցման 3 դեպք, իսկ տասնյակ տնտեսավարող սուբյեկտների մոտ 1 անգամ  նշանակվել է տուգանք, իսկ նույն տնտեսավարողների մոտ երկրորդ անգամ խախտում հայտնաբերվելու դեպքում կկասեցվի նրանց գործունեությունը:

-Ձեր աշխատանքի նկատմամբ զգո՞ւմ եք հանրային վերահսկողություն։ Արդյո՞ք ստանում եք բողոքներ բնակչության կողմից: Ի՞նչ բնույթի են դրանք և ինչպե՞ս են լուծվում:

-Այո՛, մենք մշտապես կապի մեջ ենք հասարակության հետ, և ունենք թեժ գիծ, որի մասին տարբեր հարթակներով տեղեկացվել է բնակչությունը: Ի հայտ եկած խնդիրների լուծման ժամանակ օգտագործում ենք մեր աշխատանքային ռեսուրսները: Իհա՛րկե, բնակչության հետ համագործակցությունը ոչ միայն կարևոր է, այլև խիստ անհրաժեշտ:

-Որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք փոխանցել հասարակությանը:

-Կարծում եմ՝ ԶԼՄ-ներին տված հարցազրույցներն ու սոցիալական տարբեր հարթակները հենց այն դասական միջոցներն են, որոնց միջոցով կապ է ստեղծվում հասարակության հետ: Բայց կան հարցեր, որ անհրաժեշտ է ևս մեկ անգամ կարևորել, որոնցից մեկն էլ այն է, որ մեր քաղաքացիները առաջին հերթին թույլ չտան, որ տնտեսավարող սուբյեկտները խախտեն իրենց իրավունքները, համագործակցեն պետական լիազոր մարմինների հետ, և միայն այդ պարագայում պետական մարմինը կկարողանա լիարժեք կանխարգելել սպառողների իրավունքների խախտումները: Երբ քաղաքացին անտարբեր է իր կենսական իրավունքների պաշտպանության հարցում, այլ արդյունք է լինում, և մեկ այլ արդյունք, երբ քաղաքացին ու պետական մարմինը իրար հետ համագործակցելով պայքարում են նման երևույթների դեմ:

1