Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում. Գրիգորի Մարտիրոսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում. Գրիգորի Մարտիրոսյան

Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում. Գրիգորի Մարտիրոսյան

Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է  Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

ԱՀ պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախքան պետական բյուջեի հաշվետվությունը ներկայացնելը, անդրադարձել է սոցիալ-տնտեսական որոշ հիմնական ցուցանիշների:

«2020թ. տեղի ունեցած համավարակը, ապա պատերազմը ահագին վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում, որի արդյունքում 2020թ. համախառն ներքին արդյունքը նվազել է 22.4 %-ով և կազմել 270.9 մլրդ դրամ՝ 2019թ. 342.5 մլրդ դրամի դիմաց: Նման անկման համար հիմք են հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես արդյունաբերության, առևտրի և ծառայությունների, շինարարության և գյուղատնտեսության ոլորտների ավելացված արժեքի ցուցանիշի նվազումը: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմեց 3722 ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 4803 ԱՄՆ դոլարի դիմաց»,- նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Ըստ ֆինանսների նախարարի՝ 2020թ. բյուջեն կատարվել է արտակարգ պայմաններում, պատերազմական գործողությունների ընթացքում, ինչն իր ազդեցությունն է թողել բյուջեի կատարողականի վրա.

«2020թ. պետական բյուջեով  պլանավորված 56 մլրդ 937.1 մլն դրամի սեփական եկատումների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 49 մլրդ 498.7 մլն դրամ: ՀՀ-ից բյուջետային վարկը կազմել է 75 մլրդ 124 մլն դրամ: 2020թ. պետական բյուջեի ծախսային ցուցանիշը կազմել է 122 մլրդ 557.9 մլն դրամ՝ ապահովելով պլանավորված ցուցանիշի 89.7%-ը»:

Հավելենք, որ Ազգային Ժողովում կշարունակվեն անցած տարվա բյուջեի ոլորտային քննարկումները:

1