Տիրոջ զորակցությամբ, մենք կվերադարձնենք մեր հայրենիքը՝ Արցախ աշխարհը. Վրթանես Սրբազանի պատգամը

Վրթանես Սրբազանի պատգամը Երուսաղեմի պատրիարքության մայրավանք Սուրբ Հակոբում
Սիրելի՛ հավատավոր զավակներ,
Այսօր մեր սրտերում ու հոգիներում հնչում է մեր Տիրոջ հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Քրիստոսի Հարությունը, հիրավի, քրիստոնյաներիս համար կարևորագույն իրականությունն է, որը տերունապարգև Կյանքի ու մահվան հանդեպ վեհ հաղթանակի խորհուրդն է հաստատում մեր կյանքերից ներս։
Այսօր մենք ապրում ենք դժվարին ժամանակներում՝ լի փորձություններով, ցավով ու կորստներով թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար։
Աշխարհում տիրող անարդարությունը, անտարբերությունը, հանիրավի հալածանքները երբեմն հուսահատեցնող տրամադրություններ են ստեղծում կյանքում։ Սակայն մենք, որ Քրիստոսի հետևորդներն ենք, ունենք Հարության՝ հույս շնորհող լույսը մեր մեջ։ Եվ այդ լույսը անմար կերպով ցույց է տալիս, որ, ի վերջո, ինչպես մեր Տիրոջ գերեզմանն էր թափուր, այնպես էլ մեզ հողի մեջ թաղել փորձող հանգամանքներն են ապարդյուն դառնալու, եթե մենք հաստատուն ու հավատարիմ մնանք մեր հավատքին ու արժեքներին։
Քրիստոս մեր ժողովրդին այսօր հարց է ուղղում. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է ինձ, թեպէտ և մեռնի, կապրի. և ով կենդանի է ու ինձ հավատում է, հաւիտյան չի մեռնի: Հավատո՞ւմ ես այս բանին» (Հովհ. 11։25-26)։
Եթե հավատում ենք Քրիստոսի հարությանը, ապա հավատում ենք նաև, որ Քրիստոսով հաղթահարելի են բոլոր դժվարությունները, և որ մեր Տերը, Ով Արդարադատ է, անպատասխան չի թողնի Իրեն հավատացողների ու Իր խոսքը կատարողների խնդրանքները։
Սիրելինե՛ր, թող Հարության հավատը մեզ զորացնի՝ ամրացնելով մեր հավատարմությունը արժեքներին, ինչպես նաև մեր սերը և հոգատարությունը միմյանց հանդեպ։ Միայն այդպես կկարողանանք իրականություն դարձնել նույնիսկ ամենահեռու թվացող իղձերը։ Այդ ճանապարհով՝ Տիրոջ զորակցությամբ, մենք կվերադարձնենք մեր հայրենիքը՝ Արցախ աշխարհը։
Թող այսօր ամենքիս աղոթքներում՝ որ, վստահաբար, ուղղված են առ հայրենիքն ու մեր զավակները, հիշատակվեն նաև գերության մեջ գտնվող հայորդիները, որոնք զրկված են իրենց հարազատների ներկայությամբ Հարությունը տոնելու բերկրանքից։ Թող Աստված օր առաջ ազատության շնորհին արժանացնի նրանց, որ մեր հավաքական ցավի մարմնավորումն են դարձել իրենց անձերով։
Ամրացե՛ք ոգով և հավատացեք, որ Հարության հավատով զինված ժողովրդի դեմ մահվան խայթոցն իսկ անզոր է։
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի
Մեզ եւ ձեզ մեծ աւետիս