Թույլ չտալ հանրակրթական պետական չափորոշիչների կիրարկումը նաև Արցախում
ՀՅԴ Արցախի կազմակերպության կրթության և գիտության մասնագիտական հանձնախումբը իր տեսակետները տրամադրել է «Ապառաժ»-ին՝ հանրակրթության պետական չափորոշիչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի և հանրակրթական «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների ուսումնառության հայեցակարգերի նախագծերի վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք հանձնախմբի տեսակետը.
«Վերջին շրջանում ՀՀ-ում քննարկման նյութ է դարձել ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 8-ի № 439-ն որոշմամբ հաստատված՝ հանրակրթության պետական չափոփոշիչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Առայժմ չանդրադառնալով առաջարկվող որոշման նախագծի մեջ տեղ գտած մանրամասներին, քանզի այն լայն քննարկման առարկա է դարձել, նկատենք, որ այն մերժելի է: Գտնում ենք, որ հանրակրթության պետական չափորոշիչը, հանրակրթական առարկաների հայեցակարգերը և ծրագրերը պետք է բխեն հայեցի դաստիարակության, ազգային անվտանգության, սերունդների համերաշխության, պետական համակարգի ամրապնդման տրամաբանությունից:
Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով ԱՀ իշխանություններին, քաղաքական ուժերին, մտավորականությանը, հանրության լայն շրջանակներին հորդորում ենք թույլ չտալ տվյալ նախագիծը դարձնել որոշում և կիրարկել նաև ԱՀ-ում»: