Թուրքիայում հայկական դպրոցներ կան միայն Պոլսում․ գաւառներում ապրող հայերից շատերն աստիճանաբար մոռանում են մայրենի լեզուն․ Մուրատ Մըխչը
Գլխավոր » Լրահոս » Թուրքիայում հայկական դպրոցներ կան միայն Պոլսում․ գաւառներում ապրող հայերից շատերն աստիճանաբար մոռանում են մայրենի լեզուն․ Մուրատ Մըխչը

Թուրքիայում հայկական դպրոցներ կան միայն Պոլսում․ գաւառներում ապրող հայերից շատերն աստիճանաբար մոռանում են մայրենի լեզուն․ Մուրատ Մըխչը

Յունիսի 29-ին, Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում կազմակերպուեց հանդիպում առաջին անգամ Հայաստանում գտնուող պոլսահայ հրապարակախօս, ակտիւիստ եւ քաղաքական գործիչ Մուրատ Մըխչըի հետ։

Մուրատ Մըխչըն հանդէս եկաւ բանախօսութեամբ՝ «Հայ լինել Թուրքիայում» թեմայով։ Նա անդրադարձաւ Թուրքիայի հայութեան ներկայիս խնդիրներին։

Հանդիպման ընթացքում Մուրատ Մըխչըն անդրադարձաւ Թուրքիայի հայութեան ներկայիս խնդիրներին եւ մարտահրաւէրներին։ Նա նշեց՝ Թուրքիայի վարած քաղաքականութեան հետեւանքով հայերէն այնքան էլ լաւ չի խօսում, նման բովանդակութեամբ բանախօսութեամբ հանդէս գալու համար ստիպուած է խօսել թուրքերէն։
«Թուրքիայի հայ համայնքի ակտիւիստների թիւը, ցաւօք սրտի, վերջին տարիներին հետզհետէ նուազում է։

Նրանց մի մասը Էրտողանի վարած քաղաքականութեան պատճառով հարկադրուած է եղել լքել Թուրքիան։ Այս պարագայում Թուրքիայում մնացած այլ գործիչների պարտականութիւններն աւելանում են։ Պոլսի հայ համայնքի ակտիւ ներկայացուցիչները շատ յաճախ հարկադրուած են լինում միաժամանակ տարբեր ոլորտներում գործունէութիւն ծաւալել, որպէսզի կարողանան լուծել համայնքի առջեւ ծառացած որոշ խնդիրներ», ասաց Մըխչըն։

Այսպէս, օրինակ, ինքը՝ Մըխչըն ունենալով տեխնիկական կրթութիւն, այնուամենայնիւ ստիպուած է զբաղուել թէ՛ քաղաքականութեամբ, թէ՛ թարգմանչական գործով, թէ՛ յօդուածներ եւ գրքեր հրապարակելով։ Դրա պատճառներից մէկը, ըստ նրա, համայնքում նման հարցերով զբաղուել ցանկացող կամ կարող մարդկանց պակասն է։

Ներկաներից մէկը Մըխչըին հարց ուղղեց խառնամուսնութիւնների մասին։ Բանախօսը նշեց՝ դրանք անխուսափելի են, այնպէս որ նոյնիսկ ինքը հիմա չգիտի՝ իր 15-ամեայ որդին յետագայում ո՞ր ազգի ներկայացուցչի հետ կ’ամուսնանայ։ Ըստ Մըխչըի՝ հիմա Թուրքիայում ապրում է մօտ 40 հազար հայ, որոնց կրօնը քրիստոնէութիւնն է, իսկ մահմետականութիւն կամ այլ կրօններ ընդունած հայերի թիւն անհամեմատ շատ է։ Ոմանք նոյնիսկ չգիտեն էլ, որ արմատներով հայ են, թէեւ Թուրքիայում կան արխիւներ, որոնցում փաստւում է նրանց հայ լինելը։ Թուրքիայում ապրող հայերի համար ամենադժուարին խնդիրներից մէկը հայկական կրթութիւն ստանալու խնդիրն է։ «Հորիզոն»ի հնչեցրած հարցին՝ իսկ ի՞նչ խնդիրներ ունեն գաւառների հայերը, մասնաւորապէս՝ Մուշում, Սասունում, Տերսիմում ապրող հայերը, բանախօսը պատասխանեց՝ Թուրքիայում մի ցաւալի վիճակ կայ․ ընդգծուած տարանջատում կայ գիւղացիների ու քաղաքացիների միջեւ։ Այժմ մի փոքր նուազել է այդ խնդիրը, բայց դեռեւս կայ։ Երբեմն քաղաքաբնակները այսպէս ասած՝ վերեւից են նայում գաւառներում ապրողներին։

Բանախօսը նշեց՝ գաւառներում, յատկապէս Մուշում եւ Սասունում ապրող հայերի ամենամեծ խնդիրը հենց հայկական դպրոցների բացակայութիւնն է։ Ոմանք փորձում են օնլայն կրթութիւն ստանալ։ Ցաւօք, շատ հայեր արդէն մոռացել են իրենց ինքնութեան մասին, մարդիկ մոռանու են մայրենին, ոմանք բոլորովին հայերէն չգիտեն. խօսում են քրտերէն, մինչդեռ եթէ դպրոցներ լինէին այս համայնքներում, իրավիճակը բոլորովին այլ կը լինէր։ Թուրքիայում քիչ մարդիկ կան, որ կարող են, օրինակ՝ Մշոյ բարբառով խօսել։

«Իսկ Ատըեամանում, Տերսիմում ապրող հայերի վիճակն այս առումով մի քիչ աւելի լաւ է. այնտեղ աւելի շատ են այն հայերը, որոնք ջանում են ամէն կերպ պահպանել իրենց ինքնութիւնը։ Ատըեամանցի հայերը իրենց ինքնութիւնը պահելու հարցում աւելի աչալուրջ են, բայց երբ նրանք գալիս են Պոլիս եւ ցանկանում են գրանցուել դպրոցներում, խնդիրների են բախւում։ Շատերը գալիս են Հայաստան, մկրտւում են, որպէսզի Պոլսում հայկական դպրոցում սովորելու հնարաւորութիւն ունենան։ Երկու տարի առաջ ես մեծ ջանքեր գործադրեցի ատըեամանցի հայերին այդ դպրոցներում գրանցելու համար»։

Մուրատ Մըխչըն ասում է՝ շատ մեծ խնդիրներ են առաջանում ատըեամանցի եւ առհասարակ, գաւառներից եկած հայերի եւ պոլսահայերի փոխյարաբերութիւններում. իրար հետ լեզու չեն կարողանում գտնել, մշակոյթով, կենցաղով էլ շատ տարբեր են։ Մուշում շատ հայեր կան, որոնք իրենց հայ չեն համարում։
«Մուշում ապրող ընկեր ունեմ՝ Արմէն Գալուստը, որն այն քիչ մարդկանցից է, որ Մշոյ բարբառով խօսում է։ Արմէն Գալուստն իր մի քանի ընկերների հետ «Տարօն-Մուշ» միութիւնը ստեղծեց, բայց, ցաւօք, շատ չէին այն հայերը, որոնք ցանկացան ընդգրկուել այդ միութեան կազմում։ Թուրքիայում հայութեան շահերը պաշտպանելը հեշտ բան չէ, բայց դա փոխուելու է», լաւատեսօրէն յոյս է յայտնում Մուրատ Մըխչըն։

«Թուրքիայում հայկական դպրոցներ կան միայն Պոլսում։ Եթէ չեմ սխալւում, ընդամէնը 18 դպրոց կայ։ Այդ երկրում ուրիշ որեւէ քաղաքում կամ գաւառում չկան հայկական դպրոցներ։ Եթէ Պոլսից հեռու ապրողները ցանկանում են սովորել հայկական դպրոցում, ապա սովորում են գիշերօթիկ դպրոցներում՝ Գալֆայեան (աղջիկների համար), Գարակէօզեան (տղաների համար), Դպրովանքում (տղաների համար)», ասաց Մըխչըն։

Հայկական դպրոցներում սովորելու համար աշակերտը պէտք է պարտադիր կերպով համապատասխանի սահմանուած չափորոշիչներին՝ պէտք է մկրտուած լինի, Թուրքիայի քաղաքացի լինեն, աշակերտի հայրը եւ մայրը պէտք է հայ լինեն։ Մուրատ Մըխչըն ասում է՝ Թուրքիայում հայ լինելը եւ հայի ինքնութիւնը պահելը շատ դժուար բան է։ Նա հիմա ջանում է լաւացել հայերէնի իմացութիւնը։ Մըխչըի 15-ամեայ որդին հայկական դպրոց է գնում, հայերէն լաւ գիտի։ Հայկական դպրոց յաճախելը, մեր կրօնին հաւատարիմ մնալը հայ ինքնութիւնը պահպանելու ամենաամուր կռուաններից են։

Մուրատ Մըխչըն ծնուել է 1975 թուականին, Սթամպուլում, Քոնիայից Կ․Պոլիս տեղափոխուած հայերի ընտանիքում։ Նա 2010 թուականին եղել է Հաւասարութիւն եւ ժողովրդավարութիւն կուսակցութեան խորհրդի անդամ։ 2014 թուականին նա ստանձնել է Սթամպուլում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» (Halkların Demokratik Partisi / HDP) նահանգային վարչութեան մամլոյ խօսնակի պարտականութիւնները։

2015-ի Յունիսի 7-ին եւ Նոյեմբերի 1-ին կազմակերպուած ընտրութիւնների ժամանակ Մըխչըն Սթամպուլից պատգամաւոր է առաջադրուել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան կողմից։ 2016 եւ 2017 թուականներին «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» 2 համագումարներում ստանձնել է կուսակցական խորհրդի եւ կենտրոնական գործադիր խորհրդի անդամի պաշտօնները։ Նրա յօդուածները հրապարակուել են եւ շարունակում են տպագրուել «Թուրնուսոլ», «Ակօս», «Դեմոկրատ Հաբեր», «Արթըգերչեք» պարբերականներում։ Նա հեղինակել է «Վերակառուցիր» վերնագրով գիրքը։

1